Շարունակելու ենք աշխատել Հայաստանի հետ պաշտպանության և անվտանգության հարցերում․ ԱՄՆ փոխպետքարտուղար
Այսօր ՀՀ-ն ու ԱՄՆ-ը նոր համաձայնագիր կստորագրեն։ Այս մասին այսօր հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հանդիպման մեկնարկին հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև շատ արագ է զարգանում փոխգործակցությունը։
«Ես այստեղ եմ՝ վերահաստատելու մեր այս երկկողմ հարաբերությունների համատեքստում մեր ամուր աջակցությունը։ Հայաստանի ժողովուրդը վերջին տարիներին քանիցս վերահաստատել է բարեփոխումների իր ցանկությունը, և կառավարությունը՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, ազդեցիկ ջանքեր է իրականացրել բարեփոխումների իրականացման ուղղությամբ, որոնք թույլ կտան ավելի լավ ինտեգրվել գլոբալ տնտեսությանը, և Հայաստանի ժողովրդին հնարավորություն կապահովվի առավել ազատ արտահայտվել ժողովրդավարական միջավայրում»,- ասաց Օ՛Բրայենը՝ հավելելով, որ ԱՄՆ-ը հպարտ է աջակցել այդ ջանքերին։
ԱՄՆ փոխպետքարտուղարի խոսքով, այն, ինչ իրենք անում են տարբեր ուղղություններով, կարծես հիմքն է այն բոլոր աշխատանքների, որ հետագայում կիրականացնեն։
Նրա դիտարկումների համաձայն, վերջին տարիներին ՀՀ-ն ձևավորել է աշխույժ տնտեսություն։
«Մեր երկու երկրներն այսօր կստորագրեն համաձայնագիր մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման ասպարեզում։ Սա նոր հնարավորություններ կբացի առևտրի համար, կդյուրացնի առևտուրը բիզնեսի համար առաջիկա տարիներին և սա նաև այն խոստումների մի մասն է, որոնց մասին խոսեցինք Բրյուսելում ապրիլի 5-ին»,- ասաց Ջեյմս Օ՛Բրայենը։
Հիշեցնենք, որ հունիսի 10-12-ը ՀՀ-ում է ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը։ Համաձայն օրակարգի՝ Օ’Բրայենը հանդիպելու է կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Նահանգների աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ճանապարհի առաջընթացին, ներառյալ՝ Ալմա Աթայի հռչակագիրը որպես սահմանազատման հիմք օգտագործելը: Պետքարտուղարի օգնական Օ’Բրայենը կհանդիպի նաև գործարար համայնքի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։