Գևորգ Պապոյանն աչքակապությամբ է զբաղված
Իշխանության քարոզիչները փորձում են տպավորություն ստեղծել, թե չնայած հայկական ապրանքների առաջ ռուսական շուկայի փակմանը, Հայաստանի տնտեսությունը բարձր տեմպերով աճում է։ Արտահանման ռեկորդային ծավալներ են գնում դեպի եվրոպական շուկաներ։
Էկոնոմիկայի նախարարն այն պաշտոնյաներից է, ով հաճախ է այս թեմաներով գրառումներ անում։ Օրերս գրել էր, որ Հայաստանի տնտեսությունը շարունակում է բարձր տեմպերով աճել, բայց ինչպես միշտ, խուսափել է անդրադառնալ նրան, թե ի՞նչ կա թաքնված այդ աճերի հետևում։
«2026 թվականի 2-րդ եռամսյակում Հայաստանի տնտեսությունը շարունակել է արձանագրել բարձր տնտեսական աճ։ ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.7 տոկոսով։ Տնտեսության հիմնական ճյուղերից արդյունաբերությունն աճել է 6.4 տոկոսով, շինարարությունը՝ 20 տոկոսով, իսկ առևտրի և ծառայությունների ոլորտը՝ 7.7 տոկոսով։
Միաժամանակ, գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 15.3 տոկոս անկում»,- կառավարության արձանագրած տնտեսական աճի ցուցանիշներով հպարտացել էր էկոնոմիկայի նախարարը։
Մի կողմ թողնենք այն, որ գյուղատնտեսությունը կրկին խոր անկման մեջ է։ Չէր հասցրել անցած տարի մի փոքր աճել, երբ այս տարի հայտնվեց ճգնաժամի մեջ։ Պետական բյուջեից տրամադրվող միլիարդավոր դրամների հաշվին կառավարությունը փորձեր է անում ինչ-որ կերպ մեղմել գյուղացիների ու արտադրողների դժգոհությունները, բայց դա չի կարող փրկություն լինել գյուղատնտեսության համար։ Գյուղատնտեսության խնդիրները գնալով խորանում են։
Չնայած գյուղատնտեսության անկմանը, պաշտոնական վիճակագրությունը տնտեսության մեջ տարվա առաջին կեսին աճ է գրանցել։ Աճը կիսամյակի արդյունքներով կազմել է 5.9 տոկոս։ Առաջին եռամսյակում գրանցվել էր՝ 5.2, երկրորդում՝ 6.7 տոկոս։ Աճի տեմպը երկրորդ եռամսյակում նույնիսկ արագացել է, բայց տնտեսության համար ոչ այնքան դա է էականը, որքան աճի կառուցվածքը։ Սա է, որ Գևորգ Պապոյանը թաքցնում է։
Ասում է՝ արդյունաբերությունն աճել է 6.4 տոկոսով։ Բայց չի ասում, թե ինչի՞ հաշվին։
Արդյունաբերության այդ աճը տեղի է ունեցել հիմնականում հանքարդյունաբերության հաշվին։ Այսինքն՝ ընդերքը-քանդել-ծախելու հաշվին, ինչը ժամանակին Նիկոլ Փաշինյանը չարիք էր համարում Հայաստանի համար։ Այս տարի մեծապես այդ «չարիքի» հաշվին է աճել արդյունաբերությունը։
Փոխարենը՝ մշակող արդյունաբերությունը, որը տնտեսության առանցքային ճյուղն է, գնալով մեռնում է։
Տնտեսության մեջ մշակող արդյունաբերության կշիռն անհիշելի ժամանակներից այսքան ցածր չի եղել։ Առաջին եռամսյակում այն կազմել էր՝ ՀՆԱ 7.6, երկրորդում՝ 8.1 տոկոսը։ Շատ են սիրում համեմատություններ անցկացնել նախկինների ժամանակների հետ։ Նախկինների ժամանակ տնտեսության կառուցվածքը, այսօրվա համեմատ, փառք էր։ 2018-ի առաջին կիսամյակում մշակող արդյունաբերության կշիռը 11.5 տոկոս էր, այս տարի անգամ 8 տոկոսի չի հասնում։
Գևորգ Պապոյանը լավ կանի հիշի, թե հեռավոր 2019թ. Նիկոլ Փաշինյանն ինչ էր ասում մշակող արդյունաբերության վերաբերյալ։ Ասում էր՝ մշակող արդյունաբերության կշիռը ՀՆԱ-ում հասել է 12.1 տոկոսի, ինչը վկայում է տնտեսության որակի ու արտադրական պոտենցիալի զարգացման մասին։
Հիմա սա ինչի՞ մասին է վկայում, երբ մշակող արդյունաբերության կշիռը ՀՆԱ-ում 8 տոկոսի չի հասնում։
Տնտեսական աճերով հպարտանալուց առաջ՝ Գևորգ Պապոյանը թող այս հարցին պատասխանի։
Ի դեպ, այս խնդիրը միայն մշակող արդյունաբերությանը մասով չէ։ Նույնը նաև գյուղատնտեսության հետ է կապված։ Ինտենսիվ գյուղատնտեսություն են զարգացնում, միլիարդների սուբսիդիաներ են տրամադրում, իսկ գյուղատնտեսության կշիռը տնտեսության մեջ նվազում է։ Կարելի է ասել՝ պատմականորեն ամենացածր դիրքում է։ Այս տարվա առաջին եռամսյակում գյուղատնտեսության կշիռը ՀՆԱ-ում կազմել էր՝ ընդամենը 3.1, երկրորդում՝ 6.6 տոկոս։
Ութ տարի առաջ գյուղատնտեսության կշիռը ՀՆԱ-ում 9 տոկոսի էր հասնում՝ գրեթե կրկնակի ավելի շատ, քան այս տարի է։
Այսպես են զարգացրել գյուղատնտեսությունն ու դեռ գլուխ են գովում, որ ի տարբերություն նախկինների, իրենք միլիարդների սուբսիդիաներ են տրամադրում, վարկերի տոկոսներն են մարում, ջերմոցներ ու խելացի անասնագոմեր են կառուցում, ինտենսիվ այգիներ հիմնում։
Գյուղատնտեսության ու մշակող արդյունաբերության կշիռը տնտեսության կառուցվածքում նվազել է, հիմա տեսեք, թե ի՞նչն է ավելացել՝ մանրածախ ու մեծածախ առևտրի, ավտոմեքենաների ու մոտացիկլետների նորոգման կշիռը։ Այն դարձել է մեր տնտեսության ամենախոշոր ճյուղը։ Այս տարվա առաջին կեսի տվյալներով, հասել է ՀՆԱ 14.6 տոկոսին. 2018թ. 11 տոկոսի սահմաններում էր։ Ավելի ցածր, քան մշակող արդյունաբերության բաժինը։ Այսօր մշակող արդյունաբերության բաժինը, ինչը տնտեսության զարգացումների առումով ամենակարևորն է, էապես ավելի ցածր է, իսկ առևտրինը՝ էապես ավելի բարձր։
Սա է մեր տնտեսության կառուցվածքը, որը խիստ մտահոգիչ է։ Բայց մտահոգվելու փոխարեն՝ գևորգպապոյանները փորձում են աչքակապությամբ զբաղվել։
Նույնքան մտահոգիչ է ոչ միայն տնտեսության, այլև տնտեսական աճի կառուցվածքը։
Բարձր աճերից են խոսում՝ խուսափելով ասել, որ աճին նպաստել է առավելապես առևտուրն ու ծառայությունները։ Երկրորդ եռամսյակի 6.65 տոկոսանոց աճի 5.25 տոկոսային կետն առևտրի ու ծառայությունների նպաստումն է։ Արդյունաբերության նպաստումը նույնիսկ 1 տոկոսի չի հասնում։
Այսպիսի տնտեսությամբ ապագա չես կառուցի, արտաքին շուկաներն, առավել ևս՝ եվրոպական շուկաները, չես նվաճի, ինչքան էլ Գևորգ Պապոյանը փորձի հեքիաթներ պատմել ու խոսել ԵՄ երկրներ արտահանման թռիչքային աճերի մասին։
«2026 թվականի հունվար-հունիսի դրությամբ դեպի ԵՄ արտահանման ծավալը գերազանցել է 516 միլիոն դոլարը, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (շուրջ 287 միլիոն դոլար) բարձր է ավելի քան 80 տոկոսով։
2026 թվականի առաջին կիսամյակում դեպի ԵՄ արտահանումը 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ (մոտ 301 միլիոն դոլար) աճել է ավելի քան 71 տոկոսով»,- ի պատասխան ընդդիմախոսների՝ գլուխ է գովում էկոնոմիկայի նախարարը, չհասկանալով, որ 8 տարում արտահանումը ԵՄ 301 մլն դոլարով ավելացնելը բոլորովին էլ հպարտանալու չէ։ Առավել ևս, եթե ասենք, թե դա ինչի հաշվին է եղել։ Եղել է մետաղների արտահանման ծավալների ավելացման ու գների բարձրացման հաշվին։ Հանե՛ք պղինձն ու մոլիբդենը, որի արտահանումը երբեք էլ խնդիր չի եղել, տակը բան չի մնա։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

