ՀԱՄԱՍ-ը առաջին անգամ համաձայնել է զենքը և իշխանությունը հանձնել Գազայում
Գազայի հարցերով «Խաղաղության խորհրդի» գլխավոր քարտուղար Մլադենովը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ը և այլ զինված խմբավորումներ առաջին անգամ համաձայնել են 15 կետից բաղկացած ծրագրին, որը նախատեսում է Գազայում քաղաքացիական և ուժային լիազորությունների փոխանցում անցումային վարչակազմին, ինչպես նաև զինաթափման փուլային և վերահսկվող գործընթաց։
Միևնույն ժամանակ, գլխավոր վիճահարույց հարցը պայմանավորվածությունների իրականացման կարգն է։ Իսրայելը պահանջում է ՀԱՄԱՍ-ի ամբողջական զինաթափում՝ նախքան իսրայելական զորքերի էական դուրսբերումը, մինչդեռ ծրագիրը նախատեսում է փոխադարձ և փուլային գործընթաց․ յուրաքանչյուր փուլում զինաթափման իրականացումը պետք է ստուգվի, որից հետո տեղի կունենա իսրայելական ուժերի համապատասխան դուրսբերումը։
Մլադենովը նշել է, որ գործընթացն առաջ մղելու համար անհրաժեշտ է տեղակայել միջազգային կայունացման ուժեր, ապահովել Իսրայելի կողմից Շարմ էլ-Շեյխի արձանագրությամբ ստանձնած պարտավորությունների կատարումը և ՀԱՄԱՍ-ի կողմից իր պարտավորությունների պահպանումը։
Ծրագրի իրականացման շուրջ շփումները շարունակվում են, սակայն այս պահին կոնկրետ առաջընթաց չկա։

