Հայաստանցի երեխաները կշարունակեն «հյուր-աշակերտի» կարգավիճակով սովորել Թուրքիայի հայկական դպրոցներում

Ստամբուլի հայկական վարժարանները կշարունակեն ընդունել հայաստանցի ընտանիքների երեխաներին։ Վերջիններս Թուրքիայում կրթություն կստանան «հյուր-աշակերտի» կարգավիճակով։ ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից ընտրված հայազգի պատգամավոր Սևան Սըվաջըօղլուն։

Նա թեմայի վերաբերյալ խոսել է Թուրքիայի կրթության նախարար Յուսուֆ Թեքինի հետ։

Սըվաջըօղլուն նշել է, որ «հայկական համայնքին պատկանող վարժարաններում սովորող հյուր-աշակերտների վերաբերյալ որևէ նոր կարգավորում չկա»։ Այսինքն, Հայաստանից մեկնած ու Թուրքիայում աշխատելու կամ բնակության իրավունք ստացած ընտանիքների երեխաները կարողանալու են բնականոն կերպով կրթվել տեղի հայկական դպրոցներում։

Հիշեցնենք, որ ավելի քան մեկ շաբաթ պոլսահայ համայնքում քննարկվում էր լուրն այն մասին, որ Թուրքիայի կրթության նախարարությունից նոր հրահանգ է իջեցվել, որի համաձայն արգելվում էր հայաստանցի երեխաներին կրթվել տեղի հայկական դպրոցներում։ Փոխարենը, ըստ լուրերի, հայտարարվել էր, որ այդ երեխաները պետք է հաճախեն Թուրքիայի պետական դպրոցներ։

Թեման քննարկվել էր նաև Թուրքիայի հայկական հիմնադրամների՝ վաքըֆների միության օգոստոսի 24-ին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել էին ինչպես Սըվաջըօղլուն, այնպես էլ Կ․Պոլսի Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, հայկական վարժարանների տնօրեններ և ներկայացուցիչներ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31