Եթե այս ամենից հեշտությամբ հրաժարվում է, իրեն հանգիստ կարող եմ կա՛մ համարել քրեական հանցագործ, կա՛մ էլ մտագար. Պարույր Հայրիկյան
Ապրիլի 10-ին Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ներկայացնելով Կառավարության ծրագրի կատարողականը, հայտարարել է, որ 44-օրյա պատերազմից հետո մեկնարկել է պատմական և իրական Հայաստանների շուրջ բանավեճ: Նրա մեկնաբանությամբ՝ պատմական Հայաստանը և իրական Հայաստանը ոչ միայն համատեղելի չեն, այլև հաճախ հակոտնյա են միմյանց և լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար։
«Ես և կառավարությունը, երկար ժամանակ լինելով պատմական Հայաստանի հոգեբանության և ավանդույթի կրող, միայն 2022թ․ արձանագրեցինք, որ ՀՀ անվտանգության ապահովման առանցքային գործոնն արհամարհված է, և մեր պետականության հիմնադրման առաջին տարիներից է դա տեղի ունեցել, և այդ գործոնը ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններն են, Հայաստանի Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված տարածքը։
Պատմական Հայաստանի մեր տեսլականը մեզ միշտ առաջնորդելու է դեպի ցեղասպանության թակարդը, որտեղ հայտնվելով՝ մենք փրկչի և հովանավորի կարիք ենք ունենալու։
Որպես ՀՀ վարչապետ՝ ինձ պարտավոր եմ համարում արձանագրել և բարձրաձայնել՝ մենք պետք է կենտրոնանանք իրական Հայաստանի շահերի սպասարկման գործի վրա»,-իր հայտնաբերած տեսլականը հրապարակելուց հետո եզրահանգել է Նիկոլ Փաշինյանը, ապա ընդգծել՝ Տավուշի հատվածում սահմանազատման իրականացումը չի երաշխավորում նաև, որ Ադրբեջանը կպահի սահմանազատումը շարունակելու տրամաբանությունը և կվերադարձնի մեր մոտ 3 տասնյակ գյուղերի կենսական տարածքները։
168.am–ի հետ զրույցում ԱԻՄ առաջնորդ, քաղաքական գործիչ Պարույր Հայրիկյանը Նիկոլ Փաշինյանի՝ պատմական և իրական Հայաստանների վերաբերյալ բնորոշումներին ու նմանօրինակ տրամաբանությանը համահունչ, մեկ այլ օրինակ բերեց. ասենք՝ Նիկոլ Փաշինյանը կարող է վաղն արթնանալ ու ասել՝ «ինչ ես եղել եմ՝ երեկ չէ առաջին օրը, կարևոր չէ, ես այսօրվանից եմ ապրում»։
«Նիկոլ Փաշինյանն ինքն իր համար առանձին կարող է նման բան անել, բայց մենք այս աշխարհում մեկուսացված չենք ապրում։ Հավատացեք, անհնար է հասկանալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որովհետև համոզված եղեք, որ մեկ շաբաթ հետո ինքն էլ չի կարողանալու բացատրել, թե այս կամ այն բանն ասելիս՝ ինչ նկատի ուներ։
Առհասարակ, մտագարի հայտարարությունները, բացականչությունները մեկնաբանելն անշնորհակալ գործ է։ Մեկ բան կարող եմ ասել՝ այն, ինչ ինքը համարում է իրական Հայաստան, մեր ժողովրդի ու հակառակորդների ցանկությամբ չէ ասպարեզ եկել, այլ ասպարեզ է եկել պատմական իրողությունների պայմաններում, հետևաբար՝ այդ ամենը կապ ունի ոչ միայն Հայաստանի ու մեր, այլև աշխարհի հետ»,- շեշտեց Պարույր Հայրիկյանը։
Նրա խոսքով՝ օրինակ, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները ու այլ երկրներ ընդունել են ցեղասպանությունների վերաբերյալ բանաձևեր։ Հիմա ի՞նչ, Նիկոլ Փաշինյանը պետք է գնա բոլորին համոզի, որ այդ բանաձևերից հրաժարվե՞ն։
«Մեր այսօրվա իրավիճակը ցեղասպանության հետևանք չէ՞։ Այնպես որ, Նիկոլ Փաշինյանի ամեն օր բացասական որակներով ասպարեզ իջեցված գաղափարները մտագարության արդյունք են։ Որպեսզի ասածներս մերկապարանոց չհնչի, ասեմ՝ դժբախտ շնորհազուրկներ կան, որոնք երևույթների մասին խոսելիս երբեք չեն անդրադառնում արդարությանը, միջազգային իրավունքից բխող իրողություններին, բայց մոլեռանությամբ խոսում են Հիտլերին, ստալինիկներին չնեղացնելու կարևորության մասին»,- հավելեց Պարույր Հայրիկյանը։
ԱԻՄ առաջնորդի բնորոշմամբ՝ իր եզրահանգումները հանգիստ ապացուցվող են, քանի որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս արել է հայտարարություններ, հետո դրանցից շատ հանգիստ ու սահուն հրաժարվել է։ Օրինակ, պահեստազոր ստեղծելու, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին որոշակի գործեր հանձնարարելուց, և այլն։
«Եթե այս ամենից նա հեշտությամբ հրաժարվում է, ես իրեն հանգիստ կարող եմ կա՛մ համարել քրեական հանցագործ, կա՛մ էլ մտագար։ Ո՞ւր էր ինձ նման բախտ, որ նա համարձակվեր ինձ դատի տար, այնպես որ, ես չեմ վախենում, որ բառերիս համար նա ինձ դատի կտա։ Ուրախ կլինեմ, եթե փորձի ապացուցել, որ երբ ասում էր, թե ես Արցախի կողմից ընտրված չեմ, հետևաբար՝ չեմ կարող Արցախի հարցը լուծել», ինչպես էր ստորագրում նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Այս ամենից հետո, ես դատարանին կարող եմ ասել, եթե գտնում է, որ դա նորմալ մարդու կեցվածք է, ուրեմն՝ իրենք էլ այդ մարդու մակարդակին են»,- եզրափակեց Պարույր Հայրիկյանը։