«Սատանան ի՞նչ նպատակ ունի՝ հոգևորն ամեն կերպ կյանքից հանել, որպեսզի ինքը դառնա իրավիճակի տերը». Պարույր Հայրիկյան

Երեկ հայտնի դարձավ, որ  իշխանական լրատվամիջոցում հրապարակված ձայնագրության վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):

Հրապարակված ձայնագրությունում խոսվում է այն մասին, որ կարգալույծ Աղան աբեղա Երջնկյանը Նաթան Սրբազանին ասում էր, թե Վեհափառը պարտադրում է իրեն ընտանիքի անդամների հետ մասնակցել «մեղքի խորհրդանիշ» Նիկոլ Փաշինյանի դեմ ակցիաներին։

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի խոսքով՝ օրվա իշխանություններն Առաքելական եկեղեցու դեմ պայքարելով՝ ունեն սկզբունքային նպատակ և ամեն կերպ ուզում են այն իրականացնել, իսկ այս ամենի նպատակն ակնհայտ է՝ ոչնչացնել արժեքները։

«Սատանան ի՞նչ նպատակ ունի՝ հոգևորն ամեն կերպ կյանքից հանել, որպեսզի հենց ինքը դառնա իրավիճակի տերը։ Կամ, այլ կերպ ասած՝ եթե մարդը հոգևոր կյանք չունի, դառնում է անասուն։ Սա չարի հիմնական ստրատեգիական նպատակն է, այդ ուղղությամբ էլ աշխատում է իշխանությունը՝ մարդու մոտ ցանկանում են ոչնչացնել վեհը, ազնիվը։ Այսպես են վարվում, որպեսզի մարդկանց դարձնեն ավելի կառավարելի, կարողանան հեշտ կառավարել»,- 168.amի հետ զրույցում նշեց Պարույր Հայրիկյանը։

Կարդացեք նաև

Ըստ մեր զրուցակցի, այս իրավիճակին ոչ թե պետք է արձագանքել, այլ նախաձեռնությամբ հանդես գալ՝ խնդրին լուծում տալու համար։

«Մենք կլոր-սեղան քննարկում ենք անցկացնելու րոպեներ անց, ինքս միշտ նախաձեռնող եմ եղել՝ 18 տարեկանից սկսած։  Մենք բացահայտել ենք, որ Նիկոլ Փաշինյանը 99 տոկոսով կոռուպցիոն խմբի ղեկավար է։ Մեր քննարկման ընթացքում պատրաստվում ենք հայտարարություն ընդունել, որ այդ մարդը կոռուպցիոն խմբի ղեկավար է, որովհետև խախտել է Սահմանադրական բազմաթիվ օրենքներ»,- ընդգծեց Պարույր Հայրիկյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան Քննչական կոմիտեն, ԱԱԾ աշխատակիցների հետ միասին, խուզարկություններ էր իրականացնում Արագածոտնի թեմի մի շարք հոգևորականների տներում, նաև  Արագածոտնի թեմի առաջնորդարանում։

Խուզարկությունից հետո բերման էին ենթարկել թեմի առաջնորդին, որի գտնվելու վայրի վերաբերյալ փաստաբանները ժամեր շարունակ տեղեկություն չունեին: Բերման էին ենթարկել նաև թեմի 13 քահանաների։

Այս պահին թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը դատարանի որոշմամբ 2 ամսով կալանավորված է։ Սրբազանին դատարանը մեղադրում է նախկին քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը) և ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասով (Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):

Նշենք նաև, որ այս գործողություններն իրականացվել են Հովհանավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի՝ Հանրային հեռուստաընկերության եթերում արված հայտարարության հիմքով հարուցված վարույթի շրջանակներում։ Տեր Արամը հայտարարել էր, որ 2021 թվականին իրեն ստիպել էին մասնակցել քաղաքական հավաքների։

Հաղորդումը Դատախազություն էր ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը։

Հիշեցնենք նաև, որ այս պահին կալանավորված են նաև Շիրակի և Տավուշի թեմերի առաջնորդները՝ Միքայել և Բագրատ սրբազանները։

Հոկտեմբերի 16-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Արագածոտնի թեմի առաջնորդարանի 60-ամյա հաշվապահի նկատմամբ դատարանը կիրառել է տնային կալանք։

Տեսանյութեր

Լրահոս