
«Ինձ որ հասնեն, շատ լավ կլինի, բայց ո՞ւր է ինձ նման բախտ. Իշխանությունը հանրությանը մշտապես ինչ-որ բաներով զբաղեցնում է». Պարույր Հայրիկյան

Երեկ իրավապահների կողմից «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և պայքարի մի խումբ աջակիցների կալանավորումը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի կարծիքով՝ արվում է զուտ հանրությանը զբաղեցնելու համար։
«Իշխանությունը հանրությանը մշտապես ինչ-որ բաներով զբաղեցնում է, մնացյալի մասին չեմ ուզում այս պահին շատ խոսել։ Այս գործընթացներին խորությամբ հետևում եմ, այնքան հակասական բաներ կան, որոշ բաների չեմ տիրապետում, դրա համար չեմ շտապում կարծիք ասել։ Նույնիսկ, եթե հանցակազմ կա, միանգամից մարդկանց կալանավորելը պիտի ցույց տար դրա հրատապ անհրաժեշտությունը, բայց ցույց չեն տվել, միանգամից կալանավորել են։
Ինքս միշտ ասել եմ, որ խափանման միջոցը չպետք է պատժամիջոց լինի, սա իմ դուրը չի գալիս։ Իրավապահների ներկայացրած փաստերում չի երևում, որ այս կամ այն ժամկետում շտապ բան պետք է կատարվեր»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Պարույր Հայրիկյանը։
Նրա բնորոշմամբ՝ խորհրդարանական երկրներում իրավական ու քաղաքական գործընթացներն ինչ-որ առումով իրարից առանձնացնելը դժվար է, քանի որ իշխանության ճյուղերի տարանջատում չկա։ Աշխարհում 10-12 խորհրդարանական երկիր կա, ավանդույթներ ունեցող երկրներն ինչ-որ կերպ իրենց գտնում են, սակայն չունեցողներն այսպես են լինում։
Պարույր Հայրիկյանը մտավախություն չունի, որ իշխանությունն իր «հետևից էլ կգա»՝ նրանց քննադատելու համար, ասելով.
«Ինձ որ հասնեն, շատ լավ կլինի, բայց ո՞ւր է ինձ նման բախտ։ Նույնիսկ Խորհրդային Միության ժամանակ 20 տարի 3 ամիս բռնադատվեցի։ Վերջում եկան ու ներողություն խնդրեցին, ասացին՝ կոմպենսացիա կտանք, որը հիմարաբար չվերցրեցի, ասում էի՝ դուք ի՞նչ կապ ունեք, կոմունիստները սխալներ են թույլ տվել։
Ինքս մտահոգված չեմ, ինքս իմ մտահոգություններն արտահայտել եմ մի քանի կարճ բանաձևումներով»։
Նա նաև հավելեց՝ Բագրատ սրբազանն իր հանրային գործունեության նախնական փուլում եղել է ԱԻՄ-ական, նրա մոտ պետք է մնացած լինի քրեստոնեաբարական մոտեցումները։
«Բագրատ սրբազանը հոգևորական է, շատ բաներ պետք է քննության առնեն, ինքս երկար ժամանակ սրբազանի հետ չեմ շփվել»։
Հիշեցնենք, որ երեկ Բագրատ սրբազանի տանը խուզարկություն կատարեցին, այնուհետև նրան ձերբակալեցին, իսկ արդեն այսօր լուսադեմին դատարանը որոշում կայացրեց Բագրատ սրբազանին 2 ամսով կալանավորելու վերաբերյալ։
Բագրատ սրբազանի հետ միասին կալանավորվել են նաև 14 անձի, այդ թվում՝ Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանին։ Նրանց բոլորին մեղադրում են Հայաստանում «ահաբեկչություն և իշխանազավթում» իրականացնելու փորձի մեջ։