Չի բացառվում, որ Փաշինյանը, ինչպես Լուկաշենկոն, բլոկնոտով ու գրիչով գնա Պուտինի մոտ. խուճապի մեջ է, կորցրել է Արևմուտքի աջակցությունը, բոլորն են առել փոփոխության հոտը. Վարդան Խաչատրյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը փիլիսոփա, սոցիոլոգ, կրոնագետ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Իշխանությունը ժամանակին եղել է լեգիտիմ, սակայն ընտրություններին հաղթել են, ընթացքում լեգիտիմ են դարձել։
  • Վարչապետը փորձում էր դատախազներից պարզել, թե ինչն է պատճառը, որ այս կամ այն գործով փոխվել է խափանման միջոցը։ Ցավոք սրտի, սրանք  յուրօրինակ իրավական խորամանկություններ են քաղաքական դաշտում։
  • Արմեն Աշոտյանը սիմվոլիկ կերպար է, նրան տրված է հալածյալի կարգավիճակ, որը նշանակում է, որ հասարակությունը մտածում է, եթե այն մարդը, որ մեղքերի այդ աստիճանը չունի, բայց հայտնվել է հալածյալի կարգավիճակում, ուրեմն ինչ կարող է լինել ցանկացած քաղաքացու հետ, ուրեմն Հայաստանում բոլորը կարող են քաղաքական հետապնդումների ենթարկվել։
  • Հասարակության մեծամասնությունը համաձայն է, որ պետք է փոխվի իշխանությունը։
  • Կոնսոլիդացված Արևմուտքը 2018-ին համարում էր, որ ընտրել է մի մարդու, որը խնդիր չպետք է ունենա հասարակության հետ:
  • Վերջին այցերը ցույց են տալիս, որ Փաշինյանը կորցրել է Արևմուտքի աջակցությունը։ Կան բաներ, որոնք պետք է աներ հանուն Արևմուտքի, բայց չի արել։ Իսկ երկու աթոռին նստելը չի ներվում երբեք։ 
  • Իսկ թե հիմա Արևմուտքը ո՞ւմ վրա կդնի խաղադրույքը՝ բարդ է ասել, հիմա բոլորն են առել փոփոխության հոտը, բայց երբ պարզվի, որ հասարակության հետ խնդիր կա, կտրուկ որոշումներ կլինեն Արևմուտքից, ինչպես Սահակաշվիլիի և Նավալնիի դեպքում եղավ, երբ, օրինակ, պարզվեց, որ Նավալնիի նկատմամբ կան լուրջ քրեական մեղադրանքներ, կամ արգելեցին Սահակաշվիլիի մուտքը ԱՄՆ։
  • Մեր հասարակության մեջ դասակարգային շերտերը սկսել են բացակայել, ժամանակին մենք ունեինք բանվոր դասակարգ, գյուղացիություն, հիմա ոչ մեկը կա, ոչ՝ մյուսը։ Մենք ունեինք մտավորականություն, դա էլ ըստ էության չկա։

Կարդացեք նաև

  • Աշխարհում գոյություն ունի աքսիոմ՝ երկու բան չի կարելի ռեֆորմի ենթարկել՝ գիտությունը և կրոնը։ Բայց ինչպես հայ ժողովուրդը, այնպես էլ ներկա իշխանությունը չունի մակրո գիտելիքներ, որպեսզի հետևի այդ աքսիոմին։
  • Երբ Ղարաբաղյան շարժումը սկսվում էր, հասարակությունը կայացած էր, իսկ այսօր, ցավոք, այդպես չի։ Հիմա թե՛ ղեկավարության, և թե՛ քաղաքական էլիտայի իմաստնության աստիճանը պետք է լինի այնպիսին, որ չվնասենք հայրենիքին։
  • Հիմա մեր երկրի իրավիճակն անթույլատրելի է, մեկը մյուսին չի լսում, այդպիսի շռայլություն չի կարելի թույլ տալ։ Չկա հասարակության միասնականություն։
  • Աստվածաշնչյան ճշմարտություն կա՝ «Պառակտված երկիրը չի գոյատևի», իսկ մենք այսօր պառակտված ենք։
  • Բրյուսելում մեզ տվեցին ինչ-որ ֆինանսական միջոցներ, որոնք ոչինչ չեն կարող փոխել, զարմանալի ու անհասկանալի է իշխանությունների ոգևորված քարոզչությունը։
  • Մեծ Թուրան ծրագիրը նշանակում է՝ տեկտոնիկ մեծ անցում Թուրքիայով, Հայաստանի վրայով, Ադրբեջանը դառնում է տրանսլյատոր, Իրանը մահացու վտանգի առաջ է կանգնում՝ հաշվի առնելով ադրբեջանցիների քանակն այդ երկրում։ Այս ծրագրով Միջին Ասիան պետք է մեկուսացնել Ռուսաստանից, Չինաստանին զրկել գազից, արդյունքում՝ անկում կապրի տնտեսությունը։ Ամերիկյան վերլուծաբանների գնահատմամբ՝ Իսրայելի կողմից Սիրիայում Իրանի դեսպանատան պայթեցումն ինքնասպանության փորձ էր։ Աշխարհը մոտեցել է ծայրահեղ վիճակի։ Իսկ աշխարհաքաղաքական զարգացումները  երբ տեղափոխում են Հայաստան, մտահոգիչ է, և խիստ վտանգավոր է, որ այդ պայքարին մասնակից կամ հարթակ դառնա Հայաստանը։ Սա չի վկայում, որ մենք հաշտ ու խաղաղ կարող ենք առաջ գնալ։ 
  • Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը վկայում է, որ կանգնած ենք մեծ արհավիրքի առաջ։
  • Մյունխենի Անվտանգության համաժողովում Արևմուտքը ցույց տվեց՝ ում՝ ինչ տեղ է տալիս… Այդքանից հետո Փաշինյանը գնում է, որ ձեռքը սեղմի… 
  • Մենք չպետք է գնայինք Բրյուսել, որովհետև Եվրոպան առայժմ ոչինչ չի որոշում, Եվրոպան գտնվում է ԱՄՆ վերահսկողության տակ։ Իրենց սրբազան պարտավորությունն է՝ հետևել իրենց շահերին, իսկ Հայաստանն իրենց շահերի մեջ չի մտնում։ Եվրոպացիները՝ Փաշինյանի միջոցով, հայ ազգի նկատմամբ ակնհայտ սեգրեգացիա՝ հարկադրական մեկուսացման քաղաքականություն ցուցաբերեցին։ Կոնսոլիդացված Արևմուտքն իր շահերի սպասարկմամբ է զբաղված։

  • Աշխարհը սահմանային իրավիճակում է գտնվում։ Սա նման է նրան, երբ կառքից պոկված ձիերը կառքը թողել են անտեր, իսկ կառքն անդունդն է գլորվում։ Այսօր, ցավոք, Մերձավոր Արևելքի քրիստոնյաների ոչնչացումը ոչ մի խնդիր չի առաջացրել աշխարհում։ Համամարդկային բարոյականության տեսանկյունից անթույլատրելի խոսակցություններ են այսօր ընթանում տեղի ունեցողի վերաբերյալ։ 
  • Մեր աչքի առաջ տեղի է ունենում համաշխարհային տնտեսության աղճատում։ Բոլոր վալյուտաներն իջնում են, նման բան չենք էլ կարող հիշել, թե երբ է եղել, կամ եղե՞լ է արդյոք երբևէ։ Ատոմային զենքին, տնտեսությանը վերաբերող որևէ օրենք չի գործում։ Աշխարհում առկա այս պայմաններում մենք՝ որպես ազգ, վերաձևավորվելու խնդիր ունենք։ Մենք կանգնած ենք էքզիստենցիալ՝ գոյաբանական վտանգի առաջ։
  • Հայերը չպետք է իրենց ներսի ճաքերը դնեն ի ցույց աշխարհի, մենք պետք է գանք կոնսենսուսի, համայն աշխարհի հայությունը պետք է լայն քննարկում սկսի առկա վտանգները շրջանցելու ելքերը գտնելու համար։ Միակ ելքը հասարակական կոնսենսուսն է։ Պետք է վերականգնել մեր հասարակության ամբողջականությունը:
  • Եթե պատերազմի դաշտում վախից և մահից խուսափելու համար որոշեցիր զիջել ու նահանջել, ապա բախվելու ես մահվան. չի՛ կարելի զիջումների գնալ, որովհետև դա նոր հավակնություններ է ստեղծելու թշնամու մոտ, դրանով նաև մենք ցույց ենք տալիս մեր թույլ կողմերը։ Չկա ավելի հզոր բան, քան ազգի կենտրոնացումը։ Անհրաժեշտ է ազգի կենտրոնացում: 
  • Հակառակորդը հիմա փորձում է իրացնել իր հաղթանակը։ Նրան հաջողվեց Ղարաբաղը հայաթափել, որովհետև Ուկրաինայի առումով Ռուսաստանի նախնական հաշվարկները սխալ էին, և չկարողացավ պաշտպանել հայերին։ 
  • Քաղաքակրթական բախման մեջ չի կարելի թույլ տալ թուլացում։ Իսկ մենք հենվելու ի՞նչ հնարավորություն ունենք։ Ի՞նչ ենք մենք անում, արաբական աշխարհին դիմո՞ւմ ենք, դիվանագիտական առումով ինչ-որ դեր ստանձնո՞ւմ ենք մեր տարածաշրջանում առկա այս հրի պայմաններում։ Լույսի ջահից ընկնում են ածուխի այնպիսի կտորներ, որ վառում են մեր մարմինը։
  • Պատմությունը մոռանալ չի կարելի, որովհետև նա, ով մոռանում է իր պատմությունը, դադարում է մարդ կոչվել։ Այդ երևույթը կոչվում է դեկապիտացիա՝ ուղեղազրկում, այս դեպքում՝ հայրենիքի ուղեղազրկում: Իսկ դրանից հետո առաջ գնալն անիմաստ է դառնում։ Առանց պատմության ազգը նույնն է,  ինչ առանց հիշողության մարդը։
  • Քրիստոնեությունը կարողացել է պահպանվել, որովհետև հայ ժողովուրդը կանգնել է Հայ եկեղեցու թիկունքին։ Մենք, իրականում, Քրիստոնեության  փրկողն ենք՝ Տրդատ մեծի գլխավորած բանակի միջոցով։

  • Սահմանադրությունում «Հայ ազգային եկեղեցի» ձևակերպումը փոխելու մտադրությունն այնքան ծանր մեղք է, որ դա կատարելու դեպքում դժվար է ապաշխարել։
  • Աստված անսահման է, ինչպես կարո՞ղ է սահմանափակը համեմատվել Աստծո որդու հետ։ 
  • Իշխանությունը խուճապի մեջ է, որովհետև իրեն բերողներն այսօր նրա թիկունքում կանգնած չեն։
  • Ռազմադաշտում կարող ես պարտություն կրել, բայց վերջնական պարտություն լինում է, երբ հաղթողը կարողանում է քո երկրին, քեզ մշակութային պարտության ենթարկել։ 
  • Փաշազադեն իրականացնում է հենց Մեծ Թուրան ծրագիրը, փորձում է պարտության ենթարկել Հայաստանին այն ոլորտներում, որտեղ հաղթել չի կարողացել. դա կրոնն է, մշակույթն է և մեր պատմությունը:
  • Սահմանադրությունը կարող է փոխել միայն քաղաքական այն ուժը, որը գտնվում է վերելքի մեջ։ Իսկ Հայաստանում իշխող ուժի վարկանիշն անընդհատ անկում է ապրում, նա չի կարող Սահմանադրություն փոխել: Այդ խաղերն ուղղակի դադարեցրեք։ Եթե քաղաքական ուժը բացասական դինամիկայի մեջ է, նա չպետք է փոխի Սահմանադրությունը։ 
  • Ապագա չեն կապելու ներկայիս բացասական կորով իջնող իշխանությունների հետ։
  • Հայաստանի ներկայիս իշխանությունը կոնսոլիդացված Արևմուտքի համար ընդունելի չէ, պարզ ասած՝ մերժել են։
  • Իրանը զուսպ է, որովհետև չափից ավելի մոտ է ծայրահեղ մեծ պատերազմի վտանգը։ Ռեգիոնը գերլարված է։ Եվ Իրանը՝ որպես հին կայսերապետական պետություն, լավ գիտի, որ կտրուկ հայտարարություններով հանդես գալ չի կարելի։
  • Չի բացառվում, որ Փաշինյանը, ինչպես Լուկաշենկոն, բլոկնոտով ու գրիչով գնա Պուտինի մոտ:

Մանրամասները՝ տեսանյութում.

Տեսանյութեր

Լրահոս