Մենք այսօր ապրում ենք նաև այս մարդկանց ռազմավարական մտածողությունն ու մոտեցումներն անտեսելու հետևանքների իրողության մեջ. Արմեն Մանվելյան
Արմեն Մանվելյանը գրում է. «Նորատ Տեր-Գրիգորյանցի մասին
Քանի որ այս թեման մոդայիկ է դարձել, և որոշ անձիք իրենց իրավունք են վերապահում հարձակումներ գործել ու փորձել վարկաբեկել գեներալին, հարկ եմ համարում հիշեցնել մի քանի կարևոր հանգամանք։
Նորատ Տեր-Գրիգորյանցն ի նշան բողոքի առաջին անգամ հեռացավ Հայաստանից 1994 թ․-ին։ Նա դա արեց այն ժամանակվա Գլխավոր շտաբի պետ, խորհրդային բանակի գեներալ-լեյտենանտ Հրաչյա Անդրեասյանի հետ միասին։
Վերջիններս այդ կերպ իրենց բողոքն էին հայտնում 1994 թ․ մայիսին Բիշքեկում կնքված հրադադարի վերաբերյալ փաստաթղթի դեմ։ Այն ընդունվել էր առանց բարձրագույն գեներալիտետի հետ պատշաճ համաձայնեցման և առանց նրանց կարծիքը հաշվի առնելու, ինչն էլ առաջացրեց այդպիսի սուր արձագանք՝ ընդհուպ մինչև երկու բարձրաստիճան գեներալների հրաժարականը։
Եվ այսպես՝ ինչո՞ւ էին նրանք դեմ այդ փաստաթղթին։
Խորհրդային ռազմական փայլուն կրթություն ստացած այդ մարդիկ հստակ հասկանում էին պատերազմի փիլիսոփայությունը, դրա կրկնվելու հավանականությունը և ռազմավարական խորության մեջ նոր պատերազմը կանխելու անհրաժեշտությունը։ Հետևաբար, միանշանակ կողմ լինելով ռազմական գործողությունների դադարեցմանը, նրանք միաժամանակ պնդում էին, որ ռազմաճակատում հօգուտ հայկական բանակի ստեղծված իրավիճակը պետք է իր արտացոլումը գտներ այդ փաստաթղթում և չթողնվեր հետագա բանակցային գործընթացի հայեցողությանը։
Նրանք շատ լավ հասկանում էին, որ եթե պահը բաց թողնվի և փաստաթղթով չամրագրվի ռազմաճակատում ստեղծված իրավիճակը, ապա հակառակորդը հետագայում, ձգձգելով բանակցային գործընթացը, կփորձի իրավիճակը փոխել հօգուտ իրեն։
Նրանք նաև հասկանում էին, որ ռազմավարական խորության մեջ Ադրբեջանը կարող է ժամանակի ընթացքում առավելություն ստանալ և վաղ թե ուշ փորձել վերադառնալ ռևանշի քաղաքականությանը։
Հետևաբար պնդում էին, որ միայն հրադադարի հաստատմամբ, առանց Ադրբեջանի նկատմամբ հստակ պարտավորությունների սահմանման, հնարավոր չէ խոսել իրական և երկարատև խաղաղության մասին։
Մասնավորապես, նրանք պնդում էին, որ ադրբեջանական կողմը պետք է ճակատային գծից հետ քաշեր իր զինված ուժերը և այնտեղ պահեր միայն թեթև զինված սահմանապահ զորքեր։ Ամբողջ ճակատային գծից պետք է հեռացվեին ծանր հրետանին և այլ ծանր ռազմական տեխնիկան և այլն։ Նրանց համոզմամբ՝ առանց այս պայմանների կատարման և դրանց փաստաթղթային ամրագրման նույնիսկ հրադադարի կնքման գնալը վտանգավոր էր։
Սակայն հայկական իրականության մեջ թե՛ նախկինում և թե՛ առավել ևս հիմա ռազմավարական մտածելակերպը երբեք առանձնապես հարգի չի եղել։ Մարդիկ հաճախ փնտրում են արագ, այսրոպեական լուծումներ՝ առանց հասկանալու դրանց երկարաժամկետ հետևանքներն ու այն աղետները, որոնց դրանք կարող են հանգեցնել։
Նորատ Տեր-Գրիգորյանցն ու Հրաչյա Անդրեասյանը ռազմավարական, խորքային մտածելակերպ կրող մարդիկ էին։ Նրանք հասկանում էին, որ Բիշքեկյան հրադադարը, եթե չամրապնդվեր համապատասխան ռազմաքաղաքական երաշխիքներով և պարտավորություններով, կարող էր դառնալ ընդամենը նոր պատերազմի ռազմական հետաձգում՝ իր մեջ պահպանելով ապագա պատերազմի բոլոր վտանգները։
Մենք այսօր ապրում ենք նաև այդ մարդկանց ռազմավարական մտածողությունն ու մոտեցումներն անտեսելու հետևանքների իրողության մեջ»:

