Հաշտեցումը չի կարող հիմնվել կեղծիքի վրա. բաց նամակ Մագդալենա Գրոնոյին. Կարեն Հարությունյան

Բաց նամակ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
Հարգելի տիկի՛ն Գրոնո,

Կարծեմ մեկ կամ երկու անգամ հանդիպել ենք Ձեր՝ Երևան կատարած այցերի ընթացքում։ Դժվար թե Դուք ինձ հիշեք, բայց ես Ձեզ հիշում եմ որպես պարկեշտ մարդու։

Այս նամակն ուղղում եմ Ձեզ որպես պատմաբան և լրագրող, բայց նաև որպես մի հասարակության անդամ, որտեղ տասնյակ հազարավոր մարդիկ այսօր անտուն են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանությունից հետո։

Պատրանք չունեմ, թե միջազգային քաղաքականության մեջ արժեքները միշտ առաջնային են։ Բայց դիվանագիտությունը միայն շահերի հաշվարկ չէ։ Այն նաև ընտրություն է՝ ինչին չմասնակցել, ինչ բառեր չարտասանել և որտեղ չդառնալ ուրիշի քաղաքական բեմադրության գործիք։

Ադրբեջանի կազմակերպած այցին Ձեր մասնակցությունը հենց այդպիսի ընտրություն էր։ Դուք և մյուս դիվանագետները այցելել եք մի երկրամաս, որի հայ բնակչությունը երեք տարի առաջ զանգվածաբար լքել է իր տները, դպրոցները, եկեղեցիները, գերեզմաններն ու հիշողությունը։ Այցի երթուղին կազմել էր այն պետությունը, որը գրավել է այդ տարածքը և այսօր վերաձևում է ոչ միայն քաղաքների տեսքը, այլև դրանց պատմական հիշողությունը։

Հասկանում եմ, որ Եվրամիությունը շահեր ունի Ադրբեջանում, այդ թվում՝ էներգետիկ։ Բայց հենց այդ պատճառով է, որ Եվրոպայի ներկայացուցիչներից սպասվում է վարք, որը հստակ սահման է գծում անհրաժեշտ շփումների և բարոյապես անընդունելի նորմալացման միջև։

Հայաստանում ԵՄ-ի նկատմամբ վստահությունը վերջին տարիներին աճել է։ Հայերը գնահատում են Եվրոպայի աջակցությունը։ Սակայն նման այցերը վտանգում են ոչ միայն Եվրոպայի համբավը, այլև այն վստահությունը, որի վրա պետք է կառուցվի տևական խաղաղությունը։

Առավել տարակուսելի էր Ձեր գրառումը X-ում՝ Գանձասարի և Դադիվանքի պատմության վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի «խորապես տարբերվող տեսակետների և նարատիվների» մասին։

Տիկին Գրոնո, սա տարբեր տեսակետների հարց չէ։ Սա գիտական հետազոտության և պետական մակարդակով տարածվող քարոզչական կեղծիքի տարբերության հարց է։ Եթե Ձեզ իսկապես հետաքրքրում է Կովկասյան Աղվանքի պատմությունը, դրա մասին կարող եք կարդալ ոչ թե հայ կամ ադրբեջանցի հեղինակների, այլ միջազգային ճանաչում ունեցող մասնագետների աշխատություններում։

Տիկի՛ն Գրոնո,

Հաշտեցումը չի կարող սկսվել այն բանից, որ փաստագրված պատմական ժառանգությունն ու դրա քաղաքական ժխտումը ներկայացվում են որպես հավասարազոր տեսակետներ։

Եվրոպան դա գիտի սեփական պատմությունից։ Սրեբրենիցայի դեպքում Եվրոպական միությունը չի խոսում «տարբեր նարատիվների» մասին։ Այն մերժում է ցեղասպանության ժխտումը, դրա հարաբերականացումը և պատերազմական հանցագործների փառաբանումը։ Եվրոպայի ներկայացուցիչները մասնակցում են զոհերի հիշատակի միջոցառումներին և պնդում, որ խաղաղությունը չի կարող կառուցվել առանց ճշմարտության ու արդարության։

Ինչո՞ւ պետք է այլ չափանիշ կիրառվի Լեռնային Ղարաբաղի հայերի դեպքում։

Խնդիրը, սակայն, պատմությունից անդին է։ Դուք քայլել եք այն վայրերով, որոնց բնակիչներն այսօր այլևս այնտեղ չեն։ Երեք տարի առաջ այս օրերին Ղարաբաղի հայերից շատերը ստիպված էին իրենց զոհված որդիների թարմ աճյունները գերեզմաններից հանել և բերել Հայաստան։ Նրանցից շատերն այսօր դեռ չունեն տուն, աշխատանք կամ վստահություն վաղվա օրվա նկատմամբ։ Իսկ Բաքվի բանտերում դեռ 19 հայ պատանդ կա։ Նրանց միակ «մեղքը» հայ լինելն ու սեփական ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար պայքարելն է։

Ռազմական հաղթանակը խորհրդանշող վայրեր այցելելը, տեղահանման հետևանքների մասին չխոսելը և հայկական մշակութային ժառանգության վերագրման փորձերի դեմ հրապարակային դիրքորոշում չարտահայտելը չի նպաստում խաղաղությանը։ Ընդհակառակը, այն խորացնում է անարդարության և նվաստացման զգացումը։

Ես չեմ ասում, որ ԵՄ-ն չպետք է շփվի Ադրբեջանի հետ կամ չպետք է աշխատի խաղաղության ուղղությամբ։ Բայց նման շփումները պետք է հենվեն բարոյական հստակ չափանիշների վրա։

Հաշտեցումը չի կառուցվում այն ենթադրության վրա, թե տեղահանված մարդիկ պետք է մոռանան իրենց տները, իսկ նրանց եկեղեցիները՝ ստանան նոր ինքնություն։ Այն կառուցվում է ճշմարտության, զոհերի արժանապատվության և պատասխանատվության վրա։

Հայաստանն այսօր թուլացած է և չի կարող լիարժեք ապահովել իր անվտանգությունը։ Բայց հայ ժողովրդի շարունակական նվաստացումն ու ցավի անտեսումը չեն կարող խաղաղություն բերել. դրանք միայն խորացնում են անարդարությունը, ինչն ավելի է խարխլում հնարավոր հաշտությունը։

Վստահ եմ՝ Եվրոպան կարող է և պետք է ընտրի ճիշտ ճանապարհը։

Civilnet.am

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930