Հասան-Ջալալյանը ծագումով հայ է. Ստեփան Հասան-Ջալալյանը հրապարակային հերքել է Հաջիևին
Հասան-Ջալալյանը ծագումով հայ է. Հասան-Ջալալյանների ժառանգորդ, «Հասան-Ջալալյանների խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Ստեփան Հասան-Ջալալյանը հրապարակային հերքել է Հաջիևին, որը Ադրբեջանում հավատարմագրված դեսպաններին ասել էր, թե Գանձասարը աղվանական է, իսկ Հասան-Ջալալյաններին էլ կովկասյան աղվանցի էր ներկայացրել։
Խոսելով Գանձասարի եկեղեցու կառուցման մասին՝ պատմիչ Կիրակոս Գանձակեցին գրել է, որ եկեղեցին կառուցել է «Արցախի կողմերի Խաչենի մեծ իշխան Հասանը, որին փաղաքշանքով Ջալալ էին կոչում. աստվածապաշտ, երկյուղած ու պարկեշտ մարդ էր, ազգությամբ հայ»:
Տարիներ առաջ Կովկասի հարցերում մասնագիտացած բրիտանացի գրող և լրագրող Թոմաս դե Վաալը, ցանկանալով պարզել Հասան-Ջալալ-Դոլայի ծագումը, նամակով դիմել է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ռոհան քոլեջի պրոֆեսոր, Կովկասի 13-րդ դարի պատմության մասնագետ Ռոբերտ Հյուսենին: Վերջինս նամակով պատասխանել է, որ նրա ծագումը հայկական է։
Իսկ թե որտեղի՞ց օտարահունչ անունը․ ըստ Ստեփան Հասան-Ջալալյանի՝ այն ժամանակներում Արցախում և Հայաստանի մյուս մասերում մեծ տարածում ունեին ոչ հայկական, նույնիսկ ոչ քրիստոնեական, օտար անունները։ Դա զարմանալի չէ, թե հաշվի առնենք Իրանի, ապա արաբական խալիֆայության, նրանց միջոցով էլ` օտար մշակութային միջավայրերի ազդեցությունը Հայաստանի ու ժողովրդի վրա։

