ԵՄ երկրների ԱԳՆ-ներից բացատրություն և ներողություն ենք պահանջում․ «Genesis Armenia»-ի հայտարարությունը

«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամը խստորեն դատապարտում է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի կողմից Արցախի Գանձասարի վանական համալիրում օտարերկրյա դիվանագետների մասնակցությամբ կազմակերպված քարոզչական գործողությունը, որի ընթացքում հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացվել է որպես «Կովկասյան Աղվանքի» ժառանգություն, իսկ հայկական ձեռագրական մշակույթի վերաբերյալ շրջանառվել են մանիպուլյատիվ և պատմական փաստերը խեղաթյուրող պնդումներ։

Գանձասարի հայկական ինքնության նպատակային վերագրումը մեկուսացված պատմագիտական վեճ չէ։ Արցախի հայ բնակչության բռնի տեղահանումից հետո հայկական եկեղեցիների, վանքերի, արձանագրությունների, ձեռագրերի և մշակութային հիշողության ինքնության հետևողական վերափոխումը մենք գնահատում ենք որպես հայկական հետքի ջնջման պետական քաղաքականության դրսևորում՝ գործընթաց, որն իր բնույթով պարունակում է մշակութային ցեղասպանության, իսկ քաղաքական իմաստով՝ «սպիտակ եղեռնի» հատկանիշներ։

Ռազմական վերահսկողությունը որևէ պետության իրավունք չի տալիս վերաշարադրելու իր վերահսկողության տակ հայտնված տարածքի պատմությունը, փոխելու նրա մշակութային ժառանգության ինքնությունը կամ վերացնելու այնտեղ դարերով ապրած ժողովրդի պատմական ներկայության վկայությունները։

Այս համատեքստում առանձնապես անընդունելի և բարոյապես դատապարտելի է միջոցառմանը մասնակցած օտարերկրյա որոշ դիվանագետների տեսագրություններում արձանագրված վարքագիծը։ Երբ պետական բարձրաստիճան պաշտոնյան պատմական ռևիզիոնիզմը ներկայացնում է որպես պետական ճշմարտություն, իսկ օտարերկրյա դիվանագետների ներկայությունն ու արձագանքը հետագայում կարող են օգտագործվել այդ նարատիվի միջազգային նորմալացման համար, դիվանագիտական կարգավիճակն այլևս չի կարող ծառայել որպես քաղաքական և բարոյական պատասխանատվությունից խուսափելու պատճառաբանություն։

Առավել ծանր է այն հանգամանքը, որ այդ դիվանագետներից ոմանք ներկայացնում են պետություններ, որոնք ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, տասնամյակներ շարունակ մասնակցել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, պաշտոնապես ու անխոչընդոտ այցելել են Ստեփանակերտ, բանակցել ու գործակցել հայկական լեգիտիմ իշխանությունների հետ, ՏԻՄ մակարդակում պայմանագրեր ու հուշագրեր ստորագրել՝ ապավինելով նաև իրենց երկրներում ապրող հարյուր հազարավոր հայերիի օգնությանը։

Հետևաբար, հարցը վերաբերում է ոչ միայն Հայաստանի Հանրապետությանը կամ Արցախից բռնի տեղահանված հայությանը։ Այն վերաբերում է նաև Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների և եվրոպական այլ պետությունների հայազգի քաղաքացիների արժանապատվությանը։ Այդ քաղաքացիները լիարժեք իրավունք ունեն իրենց պետություններից պահանջելու բացատրություն, թե ինչպես և ինչու են իրենց երկրի պաշտոնական ներկայացուցիչները հայտնվել մի միջոցառման մասնակիցների դերում, որտեղ հրապարակայնորեն նսեմացվում և կասկածի տակ է դրվում իրենց ժողովրդի պատմամշակութային ժառանգությունը։

Պետությունը պատասխանատվություն է կրում իր պաշտոնական ներկայացուցչի վարքագծի համար։ Եթե տվյալ դիվանագիտական ներկայացուցչությունները չեն գիտակցել կատարվող գործողության քաղաքական և բարոյական նշանակությունը, դա վկայում է մասնագիտական անթույլատրելի անպատասխանատվության մասին։ Եթե գիտակցել են և, այդուամենայնիվ, իրենց վարքագծով նպաստել են դրա նորմալացմանը, ապա խնդիրը շատ ավելի լուրջ է։

Մենք ակնկալում ենք համապատասխան պետությունների արտաքին գործերի նախարարություններից հրապարակային պարզաբանում և հստակ տարանջատում Գանձասարում շրջանառված պատմական ռևիզիոնիզմից։ Այն պետությունները, որոնց ներկայացուցիչների վարքագիծը վիրավորել է իրենց երկրում ապրող հայազգի քաղաքացիների պատմական հիշողությունն ու արժանապատվությունը, պարտավոր են պատասխան տալ առաջին հերթին հենց նրանց։

Իսկ եթե եվրոպական ժողովրդավարությունների համար պատմական հիշողության պաշտպանության բարոյական պատասխանատվությունն այլևս բավարար հիմք չէ արձագանքի համար, ապա մնում է նվազագույնը պետության պարտավորությունը սեփական քաղաքացիների նկատմամբ։

Մենք ակնկալում ենք ոչ միայն բացատրություն, այլև, համապատասխան դեպքերում, ներողություն հայազգի այն քաղաքացիներից, որոնց ազգային և պատմական արժանապատվությունը վիրավորվել է իրենց իսկ պետությունների պաշտոնական ներկայացուցիչների վարքագծով։

Պատմական ռևիզիոնիզմին լուռ կամ ցուցադրական մասնակցությունը չեզոքություն չէ։ Մշակութային ժառանգության ինքնության ջնջման նկատմամբ անտարբերությունը դիվանագիտություն չէ, իսկ էթնիկ զտումից հետո ժողովրդի պատմական հետքի վերացումը խաղաղություն չէ։

Արցախի նկատմամբ վերահսկողությունը կարող է փոխվել։ Արցախի հայկական պատմությունը՝ ոչ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930