Փաշինյանի գնած միլիոնների արժողությամբ «մետաղաջարդոնի», իրենց նպատակին չծառայող Սու-30-ների և չհաշվարկված ռազմական գնումների մասին. ՊՆ-ն լռում է
2020թ. մարտի 11-ին՝ Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրում բնակիչների հետ հանդիպման ժամանակ, Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․
«Դեպք ունենք, ժողովուրդ, Սերժ Սարգսյանի իշխանությունը 42 մլն դոլար տվել է, զենք են առել, այդ զենքը չի աշխատում, ընդհանրապես ոչ մի բանի պիտանի չի, ընդամենը մետաղի ջարդոն է: 42 մլն դոլար են տվել, ու այդ զենքը ոչ մի բանի պիտանի չի, դա զենք էլ չի: Հիմա քրեական գործ է հարուցված, թող Սերժ Սարգսյանը գա՝ սրա պատասխանը տա…»։
Ըստ մամուլում հայտնված տեղեկությունների, ԱԱԾ կողմից սույն քրեական գործով կալանավորվել էր ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի Ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի բաժնի նախկին պետ Վահան Ավետիսյանը, ընդ որում, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից առաջ, իսկ մի քանի ամիս հետո՝ 2020թ. հուլիսին, ազատ էր արձակվել:
Ավելի ուշ այլ լրատվամիջոցներում տեղեկություններ էին շրջանառվել, որ խոսքը 2016-2017թթ. ձեռք բերված ռադիոէլեկտրոնային միջոցների մասին է, որի բացահայտումն արել է Ազգային անվտանգության ծառայությունը:
Իսկ 2022 թվականի հոկտեմբերին ԱԱԾ-ից մեզ հայտնել էին, որ քրեական գործն ուղարկել են ՀՀ քննչական կոմիտե:
ՔԿ-ից էլ նույն ժամանակահատվածում մեր գրավոր հարցմանը՝ արդյոք այս պահի դրությամբ կա՞ն մեղադրյալներ, գործում ընդգրկված բարձրաստիճան պաշտոնյաներ կա՞ն, թե՞ ոչ, պատասխանել էին.
«Ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեի նախագահին Ձեր կողմից հասցեագրված հարցման՝ հայտնում ենք, որ 2017 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ զինված ուժերի կարիքների համար սպառազինության միջոցների ձեռքբերման գործընթացում ՀՀ պաշտպանության նախարարության մի շարք պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական վարույթի նախաքննությունը 2022 թվականի փետրվարի 15-ից շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում»:
Իսկ այս տարվա հունվարի 9-ին էլ այս առնչությամբ մեր հերթական գրավոր հարցմանը՝ ի՞նչ փուլում է այս քրեական գործը, կա՞ն արդյոք գործում ընդգրկված բարձրաստիճան պաշտոնյաներ, կամ՝ այս պահի դրությամբ կա՞ն մեղադրյալներ և քանի՞ հոգի են, ինչպես նաև՝ ի՞նչ է պարզել նախաքննությունը, ապացուցվե՞լ է՝ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարության մեջ նշված ձևակերպումները որքանո՞վ են համապատասխանում իրականությանը, ՀՀ քննչական կոմիտեն կրկնել էր նախորդ հարցման տեքստի բովանդակությունը և նշել, որ հիմնական հարցադրումների մասով տեղեկատվության տրամադրումը հնարավոր չէ, քանի որ պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ:
Հավելենք, որ 2020թ. մարտին՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի վերը նշված հայտարարության, ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից «Ազատությանն» ասել էին, որ 42 միլիոն դոլարի զենքի գործով մինչև այդ պահը Սերժ Սարգսյանին իրավապահները չեն դիմել։
Ըստ էության, գործ ունենք հերթական փակուղային իրավիճակի հետ, ինչպես նմանատիպ այլ գործերի դեպքում, որոնց 168.am-ն անդրադարձել է՝ «Հրթիռների գործից մինչև պլատաների գործ. Փաշինյանի քաղաքական վրեժխնդրության ռազմական հետևանքները»։ Ավելին, օրինակ, հրանոթի արկերի գործով, ըստ էության, Փաշինյանի ռազմական մեղադրանքը հօդս է ցնդել։
Հիմա այս համատեքստում անդրադառնանք Փաշինյանի օրոք գնված կամ գնվելիք սպառազինությանը:
Փաստ առաջին
Փաշինյանը ժամանակ առ ժամանակ գլուխ է գովում, թե մի քանի միլիարդ դոլարի զենք-զինամթերքի պատվեր են տվել՝ Հնդկաստան, Ֆրանսիա և այլն:
life.ru-ն մանրամասն վերլուծել է Հնդկաստանի՝ Հայաստանին զենք վաճառելու շարժառիթները և մատակարարված զենքի որակական հատկանիշները:
Մասնավորապես, նշվում է, որ Հայաստանի՝ Հնդկաստանից գնած զենքը 2-3 անգամ թանկ է ռուսականից, և, որ միայն դրան կից «գրականության» հայերեն թարգմանության համար վճարվել է 2-3 միլիոն: Սրան գումարած՝ գործ ունենք «ՆԱՏՕ-ական տրամաչափերի հետ», որոնք այդքան էլ համադրելի չեն ռուսական սպառազինության հետ, իսկ դրանք դեռ ՀՀ ԶՈւ զինանոցի հիմնական մասն են:
Կայքը գրում է, որ շատ մեծ հարցեր կան կապված ՀՀ-ին մատակարարված հնդկական սպառազինության որակի հետ, և, որ մասնագետները, մեղմ ասած, գոհ չեն փորձարկման արդյունքներից: Այսինքն, Հնդկաստանից զենքի գնումը եղել է զուտ քաղաքական որոշում՝ չհիմնված մասնագիտական լուրջ կարծիքի վրա: Իսկ Հնդկաստանին, որը նոր «խաղացող» է համաշխարհային զենքի շուկայում, պետք են գնորդներ՝ ով էլ դա լինի:
168.am-ը գրել էր, որ Հնդկաստանի՝ Հայաստանի զինումը «պատասխան է» նաև Պակիստանին, որը հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում Ադրբեջանի կողմն է բռնել, և ըստ տարբեր տեղեկությունների՝ պատերազմի ժամանակ ռազմական որոշակի աջակցություն է ցուցաբերել՝ զենքից մինչև ռազմական մասնագետներ: Եվ ոչինչ, որ Հնդկաստանից Ադրբեջանին վստահեցրել էին՝ «ничего личного, это просто бизнес»:
Օրերս ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը լրատվամիջոցներից մեկին տված իր հարցազրույցում հաստատել էր հնդկական զենքի արդյունավետության և որակի հետ կապված շրջանառվող տեղեկությունները:
«Ես տեղյակ եմ, որ Հնդկաստանից ինչ զենք բերել են՝ մեկ տարի անսարք վիճակում կանգնած է, ոչ մի բան չեն կարողանում անել: Ունեմ գրավոր տեղեկություն, որ Հայաստանում հնդկական զենքն անսարք վիճակում է, չեն կարողանում սպասարկել»,- հայտնել է նախկին նախարարը՝ չհերքելով տեղեկությունները, որ սպասարկման դժվարություններ եղել են նաև նույն ռուսական արտադրության մի շարք սպառազինությունների, օրինակ ՝ «Իսկանդեր» և Սու-30ՍՄ կործանիչների դեպքում: Բայց նախ՝ Հայաստանը միշտ չէ, որ իր բյուջեից վճարել է դրանց սպասարկման համար. շատ հաճախ ռուս մասնագետներն իրենց վրա են վերցրել այդ խնդրի լուծումը: Բացի այդ, Ռուսաստանի հետ հարաբերություններն այս ոլորտում բոլորովին այլ որակի և մակարդակի էին։
ՀՀ պաշտպանության նախարարությունը մինչ օրս չի հերքել հնդկական սպառազինության որակի կամ կիրառման հետ կապված խնդիրների վերաբերյալ հայտարարությունները, և այն, որ փորձարկումների ժամանակ էլ արդյունքները, ըստ տարբեր տեղեկությունների, գոհացուցիչ չեն եղել մասնագետների համար:
Նշենք, որ Հնդկաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցություն ունեցել են նաև նախկին իշխանությունները: Մասնավորապես, 2020 թվականի մարտին The Times of India-ն տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Հայաստանը Հնդկաստանի հետ գործարք է կնքել՝ տեղական արտադրության 4 Swathi ռադարային կայաններ ձեռք բերելու վերաբերյալ, որի համար ընդհանուր հայկական կողմը պետք է վճարեր 40 մլն դոլար:
Times Now-ն էլ այդ ժամանակ գրել էր, թե Հնդկաստանն արդեն իսկ սկսել է ռադարների մատակարարումը Հայաստան:
Փաստ երկրորդ
Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ձեռք բերված մի քանի տասնյակ միլիոն դոլար արժողությամբ Սու-30ՍՄ կործանիչները կիրառվում են միայն ուսումնական վարժանքների ժամանակ, այսինքն՝ չեն ծառայում իրենց նպատակին: 2022 թվականին Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը Փաշինյանից հետաքրքրվել էր՝ ինչո՞ւ չեն կիրառվում Սու-երը, արդյո՞ք կարիքը չկա, Փաշինյանը պատասխանել էր՝ ամեն ինչ չէ, որ այս պահին կիրառվում է, քանի որ արդյունավետության հարց կա։
«Մյուս կողմից, չեմ կարծում, թե քաղաքական իշխանությունը պիտի զանգի և ասի՝ սրանով կամ նրանով կրակեք»,- շեշտել էր նա՝ չբացառելով դեպքերը, երբ պետական միջոցներով ձեռք բերված սպառազինությունը կարող է կիրառելի չլինել:
Նշենք, որ 2019-ին հայտնի էր դարձել, որ Հայաստանը Սու-30-ի գնման պայմանագիր կնքել էր, այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ առաջին խմբաքանակով 4 ինքնաթիռ է պատվիրվել, սակայն Հայաստանը մտադիր է գնել ևս 8-ը՝ ձևավորելով մեկ ամբողջական էսկադրիլիա, ինչն այդպես էլ տեղի չունեցավ. Մենք գնեցինք ընդամենը 4 Սու-30, և այն էլ՝ առանց զինամթերքի, որը թույլ էր տալու ինքնաթիռները ծառայեցնել իր հիմնական նպատակին: Բայց անհրաժեշտ բոլոր «աքսեսուարների», հրթիռների բացակայությունը հնարավորություն չտվեց Սու-30ՍՄ գերժամանակակից ինքնաթիռը կիրառել իր նշանակությամբ և հզորությամբ:
Հավելենք, որ 2018 թվականին Փաշինյանի ընտանեկան թերթը «Սու-30. քայլ դեպի «սանձահարման» դոկտրին» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որտեղ, մասնավորապես, նշվում էր.
«Առավել ակնառու օրինակն «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրի ձեռքբերումն էր: Հասկանալի է, սակայն, որ այն չի օգտագործվելու հնարավոր պատերազմի առաջին իսկ օրվանից: Այն մի կողմից՝ զսպող դեր է կատարում, իսկ ակտիվ գործողությունների պարագայում իր վրա է վերցնելու անբարենպաստ իրավիճակի բալանսավորման կամ որոշիչ հարվածի դերակատարումը:
Մարտավարական առումով ավելի ճկուն են անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ): ArmHiTec-2018 ցուցահանդեսի ընթացքում ցուցադրված հայկական արտադրության ԱԹՍ-ները, այդ թվում՝ մարտական ԱԹՍ-ները հնարավոր լայնածավալ գործողությունների ընթացքում ակտիվորեն օգտագործվելու են: Սակայն դրանց առկայությունը բավարար չէ կանխարգելիչ հարվածների տրամաբանությունից բխող օդային գերակայություն ապահովելու համար:
Այդ բացը լրացնելու համար անհրաժեշտ պայման է՝ կործանիչ, իսկ կատարելության ձգտող պարագայում՝ բազմաֆունկցիոնալ հզոր օդուժի առկայությունը… Հունիսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց մի լուսանկար, որում նա գտնվում էր ռուսական Су-30СМ կործանիչի օդաչուի խցիկում: Դրանից հետո ակտիվացան խոսակցությունները, որ դեռևս 2012 թ. կնքված պայմանագրի շրջանակներում Ռուսաստանը Հայաստանին Су-30 է մատակարարելու: Ռուսական «Կոմերսանտն» այս առիթով գրել էր, որ ՀՀ ՊՆ-ն, դեռևս մինչև այս տարվա ապրիլյան իրադարձությունները հետաձգել էր Су-30СМ-ների գնումը մինչև 2024թ.: Սակայն, ըստ պարբերականի տեղեկությունների, այս հարցով բանակցությունները «գտնվում են բավական առաջընթացային փուլում»:
Ռուսական Су-30-ը ամերիկյան F-35-ից մի քանի անգամ ավելի էժան է, համապատասխանում է մեր օդաչուների մինչ օրս ստացած մասնագիտական պատրաստության տրամաբանությանը, և, ինչը ոչ պակաս կարևոր է, քաղաքական խնդիրներ չի առաջացնի: Տեխնիկական տվյալներով այն ևս բավարարում է հնարավոր մարտական գործողություններում անհրաժեշտ պահանջներին:
Այս կործանիչի ամենակարևոր տարբերությունն իր նախորդներից նրանում է, որ այն կարող է օպերատիվ-մարտավարական խորությունում գտնվող վերգետնյա կարևոր թիրախներ խոցել: Տեխնիկական տվյալները թույլ են տալիս զինվել 100 կմ և ավելի հեռահարություն ունեցող հրթիռներով: Այսինքն, պայմանականորեն, գտնվելով ՀՀ օդային տարածքում՝ կործանիչն ի զորու է կարևոր թիրախներ խոցել Ադրբեջանի տարածքում:
Այս ինքնաթիռների մեկ էսկադրիլիան, իսկ հենց այդ քանակությունն է, ըստ «Կոմերսանտի», նշված պայմանագրի մեջ, կարող է լուրջ փոփոխության ենթարկել ուժերի հարաբերակցությունը: Ռազմավարական առումով այս կործանիչները կշարունակեն զսպող դեր խաղալ, սակայն, ի տարբերություն «Իսկանդերի», գործածելի կլինեն հնարավոր ռազմական գործողությունների բոլոր փուլերում: Իսկ հակառակորդի համանման ինքնաթիռների գերազանցող քանակի պարագայում կիրառության արդյունավետությունը կախված է լինելու օդաչուների հմտությունից և պատրաստվածությունից: Ընդհանուր առմամբ, Су-30-երի առկայությունն ամբողջովին չի լուծի զսպման և կանխարգելման խնդիրը: Խնդիրը կարող է լուծվել միայն համալիր գործողությունների արդյունքում, որոնց ընդամենը մի մասն է գտնվում ռազմական պատրաստության տիրույթում»:
Փաստ երրորդ
2024 թվականի փետրվարին Factor-ին տված հարցազրույցում Անդրանիկ Քոչարյանն ասել էր. «Մեր տեխնիկան սկզբից չէր թռնում, հետո կիսատ էր թռնում, հետո հայտնաբերվում էր, խոցվում էր: Հիմա մարտական խնդրի լուծման համար ԳՇ-ն տվել է իր համաձայնությունը լիարժեք փուլ անցնելու, և շատերը լիարժեք փուլ անցել են»:
Այնուհետև նա շարունակել էր. «Մենք ունեինք սպառազինության սխալ ձեռքբերումներ, իմիջիայլոց, Քննիչ հանձնաժողովի՝ մի հսկայական փաթեթ հավաքագրած տեղեկատվությունը ես ուղարկել եմ ՀՀ գլխավոր դատախազին»:
Մենք մեր գրավոր հարցման միջոցով փորձել էինք պարզել, թե ո՞ր ժամանակաշրջանին են վերաբերում սպառազինության սխալ ձեռքբերումները, խոսքն ինչի՞ մասին է, արդյո՞ք նկատի ունի այդքան քննարկված 2019-ին ձեռք բերված «Օսա ԱԿ» համալիրները: Երկրորդ՝ ի՞նչ տեխնիկա նկատի ունի՝ ասելով, որ սկզբից չէր թռնում, հետո կիսատ էր թռնում, որից հետո մարտական խնդրի լուծման համար փորձարկման լիարժեք փուլ է անցել:
Ի դեպ, քանի որ Անդրանիկ Քոչարյանը նաև ի պաշտոնե շատ տեղեկացված է, միաժամանակ մեր գրության մեջ հարցադրում էինք արել՝ կարո՞ղ ենք սպասել, որ Սու-30-ները մի օր կկիրառվեն նրա համար, ինչի համար ձեռք էին բերվել, և ոչ թե միայն ուսումնական վարժանքների ժամանակ:
Մեր այս հարցադրումներին ի պատասխան՝ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովից ընդամենը նշել էին.
«Սպառազինությունների և մյուսների վերաբերյալ հարցադրումների պատասխանները ներառված կլինեն վերոնշյալ զեկույցի մեջ»:
Այս պատասխանը, ըստ էության, «copy past» է Անդրանիկ Քոչարյանի՝ 2024 թվականի հունվարի 11-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցից։
Մասնավորապես, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, հունվարի 11-ին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ, հարցին՝ ունե՞նք համապարփակ հարցի պատասխանը՝ ինչո՞ւ պարտվեցինք 2020 թվականի պատերազմում, մասնավորապես, ասել է.
«Ես առանց փակագծեր բացելու՝ ասում եմ ինչ-որ բաներ սպառազինության ձեռքբերման առումով: Դատական պրոցես է գնում, և պաշտպանական գերատեսչության շատ բարձրաստիճան պաշտոնյաներ են նստած, մի մասը գրավով ազատվեց: Անորակ զենքերի ձեռքբերման, հրթիռների մասին է, որով անցնում է ԳՇ պետի նախկին տեղակալը, ԳՇ նախկին պետը, Պաշտպանության նախկին նախարարը: Դատական պրոցես է գնում, չեմ ուզում դրա մեջ մտնել, բայց մենք երբ մեկ ձեռքբերման մանրամասն ուսումնասիրություններ կատարեցինք, կարծում եմ, երբ որ եզրակացությունը կներկայացնեմ, մեր հանրությունը կհասկանա՝ մենք ինչի պարտվեցինք»:
Իսկ թե երբ կլինի Քննիչ հանձնաժողովի զեկույցը, հստակ տեղեկություններ չկան:
Ի դեպ, հետաքրքիր է, որ Անդրանիկ Քոչարյանը հունվարի իր հարցազրուցային հայտարարությունն արել էր հունվարի 10-ին «Փաշինյանի անապացույց ռազմական մեղադրանքները. ի՞նչ ազդեցություն են ունեցել 44-օրյայում «անորակ» հրթիռները և հրանոթի արկերը, 42 միլիոնանոց «մետաղաջարդոնը» և «անպլատա» Ս-300-ը» վերտառությամբ հոդվածի հրապարակումից հետո, որտեղ գրել էինք, որ իշխանություններն այդպես էլ չգնացին անորակ հրթիռների փորձաքննության և չեն կարողացել, օրինակ, ապացուցել, թե ինչ վնաս են հասցրել 2020 թվականի պատերազմին հրթիռների չկիրառումը կամ անարդյունք կիրառումը:
Փաստ չորրորդ
Հայաստանին Ֆրանսիայի կողմից մատակարարվող պաշտպանական զենքի շուրջ քննարկումները մի փոքր այլ հարթության վրա են, օրինակ, որ դրանք չեն կարող համադրելի լինել ՀՀ զինանոցում առկա ռուսական սպառազինության հետ, առաջանալու են սպասարկման հետ կապված խնդիրներ, լուրջ դերակատարում չեն ունենալու հնարավոր լայնամասշտաբ պատերազմի դեպքում: Դեռ չենք խոսում Ֆրանսիայի ռազմական այս օգնության շարժառիթների մասին:
Իսկ ֆրանսիական սպառազինության համար Հայաստանը քիչ գումար չի վճարել, թեպետ հստակ թիվ չի նշվում, բայց ֆրանսիական պարբերականները զարմանք էին հայտնել, թե գումարը կարող է կազմել մի քանի հարյուր միլիոն եվրո:
«Բայց թե ինչպես է Երևանը վճարելու դրանց համար, դեռ հայտնի չէ»,– նշել էր Լe Monde»–ը:
Իսկ «Փաստինֆո»-ի հետ հեռակա հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, մասնավորապես, նշել էր.
«Եթե ռազմական նշանակության արտադրանքի ձեռքբերումների վերաբերյալ «աղմուկ» է բարձրացվում, այլ ոչ թե պահանջվող հանրային թափանցիկություն կամ, հակառակը, հնարավորինս գաղտնիության ապահովում, ապա դա նշանակում է, որ «աղմուկը» ունի «քաղաքական անհրաժեշտություն», այն էլ և՛ ՀՀ-ի, և՛ Ֆրանսիայի համար: Կարող եմ միայն նշել, որ ՆԱՏՕ անդամ երկրների հետ անհրաժեշտության դեպքում ոչ պակաս նպատակային համագործակցություն է ծավալվել մոտ 30 տարի: ՀՀ-ի և Ֆրանսիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության բացակայությունը պահմանավորված չի եղել ՀՀ-ի անհետաքրքրությամբ ու Արցախի փաստացի հայաթափումից հետո վերոհիշյալ փոփոխությունը, այսինքն, համագործակցության հաստատումը, բացատրելի է: Հուսով եմ, որ առկա աշխարհաքաղաքական պայմաններում Ֆրանսիայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը երկարաժամկետ և շարունակական է լինելու, ինչպես նաև անվտանգության ապահովման ռիսկայնության առումով այն հաշվարկված և կանխատեսված է»:
Այսինքն, մինչև այս Ֆրանսիան Հայաստանին սպառազինություն վաճառելու կամ մատակարարելու ցանկություն չի ունեցել, փոխարենը լուրջ պայմանագրեր էին կնքվում Ադրբեջանի հետ:
Երկրորդ, Դավիթ Տոնոյանը, ըստ էության, փորձում է հասկացնել, որ ռազմատեխնիկական համագործակցությունն անվտանգության ապահովման ռիսկայնության առումով պետք է լինի հաշվարկված: Արդյո՞ք Ֆրանսիա-Հայաստան ռազմատեխնիկական այսօրվա հարաբերությունները, ֆրանսիական սպառազինության գնումները կանխատեսված և հաշվարկված են այս առումով:
Իսկ Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարի շրջանակում ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, վերլուծաբան Վարդան Հակոբյանը նկատել էր.
«Ես չեմ կարող բացառել, որ ֆրանսիական զենքը, ի վերջո, Հայաստանից կարող է հասնել Ուկրաինա»:
Ի դեպ, ադրբեջանական մամուլը վերջերս անդրադարձել էր Հնդկաստանի ցանկությանը՝ Հայաստանին ներգրավել իրանական Չաբահար նավահանգստով անցնող «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքում, ինչպես նաև՝ Հնդկաստանի՝ դեպի Հայաստան օդային միջանցքին` նշելով, որ տրանսպորտային միջանցքին Իրանը դեմ չէ, բայց այն կարող է ինչ-որ պահի իր դեմ աշխատել: Այսինքն, խաբուսիկ է, որ Իրանը սրանից միայն շահելու է և՛ տնտեսապես, և՛ Եվրոպային իր «ձեռքում պահելու» առումով:
«Ի դեմս Հայաստանի, Իրանը ստանում է ֆրանսիական ներկայություն: Առաջին հայացքից թվում է, որ տարածաշրջանում Ֆրանսիան թիրախավորել է Ադրբեջանին, և, առհասարակ, ուժեղացնում է իր ներկայությունը Հարավային Կովկասում: Բայց մոռանում ենք, որ սա այն նույն Հարավային Կովկասն է, որի միջոցով ՆԱՏՕ-ն անհրաժեշտության դեպքում կարող է ինտերվենցիա իրականացնել Իրանի դեմ, ընդ որում, ոչ միայն Ֆրանսիան: Իզուր չէ, որ այսօր Գերմանիայի ռազմաօդային ուժերը հայտարարում են, որ Ֆրանսիայի և Իսպանիայի գործընկերների հետ մեկնելու են Հնդկաստան՝ մասնակցելու համատեղ զորավարժությունների, որոնք տեղի են ունենալու օգոստոսի 6-14-ը: Եվ որտեղ է երաշխիքը, որ Գերմանիան վաղը չի ցանկանալու իր ներկայությունն ունենալ նաև Հայաստանում՝ միաժամանակ ուժեղացնելով ՆԱՏՕ-ի ներկայությունն այնտեղ: Իսկ Ֆրանսիան և Գերմանիան այն երկրներն են, որոնք ԱՄՆ-ի հետ միասին ճնշում են գործադրում Իրանի վրա՝ միջուկային փորձարկումների հարցում»,- նշվում է ադրբեջանական հոդվածում, որտեղ ուշադրություն է հրավիրվում, որ վերևում նշված տրանսպորտային և օդային միջանցքներով Հնդկաստանը տեղափոխելու է ռազմավարական նշանակության բեռներ:
Հավելենք, որ հնդկական «Indian Aerospace Defence News»-ը (IADN) հայտնել էր, որ Հնդկաստանն օդային միջանցք է ստեղծում դեպի Հայաստան՝ ռազմավարական նշանակության արտահանումներ իրականացնելու համար:
Այնպես որ՝ Նիկոլ Փաշինյանը, ով նախկին իշխանություններին մեղադրում էր միլիոնների արժողությամբ «մետաղաջարդոն» ձեռք բերելու մեջ, ով իր ժամանակ մատակարարված հրթիռները համարում է «անորակ» և պաշտպանության նախկին նախարար կալանքի տակ պահում՝ հրաժարվելով հրթիռների փորձաքննությունից, ավելի մեծ գումարներ է դրանից հետո վճարում «մետաղաջարդոնի», «անպիտան» կամ ոչ կիրառելի սպառազինության վրա:
Այսինքն, քաղաքական չհաշվարկված որոշումների արդյունքում և սեփական փիառի համար է Փաշինյանը շարունակում գնումներ կատարել: Իսկ այն, որ պետք է ոլորտը դիվերսիֆիկացնել, բոլոր հնարավոր երկրներից զենք ձեռք բերել՝ խելամտության սահմաններում, ոչ ոք չի վիճարկում: