Վաղուց ծրագրել են՝ Տավուշով անցնող միջանցքով ՆԱՏՕ-ն պիտի անցնի ու սրընթաց մտնի Միջին Ասիա. ՆԱՏՕ-ն պահանջել է, Փաշինյանը համաձայնել է. Վարդան Հակոբյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, վերլուծաբան Վարդան Հակոբյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- ՆԱՏՕ-ն ամեն գնով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու հավատամքի հեղինակներից է։ Այս առումով ոչ մի նոր բան չկա։ Փաշինյանի և Ստոլտենբերգի այսօրվա հայտարարություններն ավելի շատ վերաբերում էին Ռուսաստանին։ Հիմա տարածում են, թե Ռուսաստանն է խոչընդոտում խաղաղության պայմանագրի կնքմանը։
- Նիկոլ Փաշինյանի և Ալիևի միջև հակասություն չկա։ Հակասություն կա հայ ժողովրդի և Ալիևի միջև։ Նիկոլ Փաշինյանը շարունակում է Ալիևի քաղաքականությունը։ Խաղաղության անվան տակ հայկական պետության լինել-չլինելու հարցն է այսօր դրված։
- ՆԱՏՕ-ն և Արևմուտքն այստեղ բոլորովին այլ հետաքրքրություններ ու նպատակներ ունեն, և դա նրանք չեն էլ թաքցնում։
- Ուկրաինայի պարտությունը պլանավորված էր Արևմուտքի կողմից։ Եթե մենք կարծում ենք՝ ԱՄՆ վերլուծական կենտրոններում նստած են հիմար մարդիկ, սխալվում ենք։ Նրանք գիտեին, որ Ուկրաինան երբեք չէր կարող հաղթել Ռուսաստանին։ Էդ որ ասում են՝ Ռուսաստանը հարձակվեց… այսինքն՝ 8 տարի Ուկրաինային զինում եք ու ուզում եք՝ պատերազմ չլինի՞։ Եթե Ռուսաստանն իր հարձակումը 3 օր ուշացներ, նրանք էին հարձակվելու։ Նրանց խնդիրը Ռուսաստանին հյուծելն էր։ Հայաստանում տեղի ունեցողն էլ էր 30 տարի առաջ դեռևս պլանավորած։ Մի՞թե ակնառու չի, որ այսօր ըստ էության Գոբլի ծրագիրն է իրականացվում քայլ առ քայլ։ ԱՄՆ-ը վաղուց ծրագրել է, որ Տավուշով անցնող միջանցքով ՆԱՏՕ-ն պիտի անցնի ու սրընթաց մտնի Միջին Ասիա։
- Կասկած չունեմ, որ հենց իրենք՝ Արևմուտքը, Նավալնուն ինքնաթիռի մեջ թունավորեցին, հետո ուղարկեցին Գերմանիա, բուժեցին ու հետ ուղարկեցին, չպահեցին։ Լավ, բա ինչո՞ւ հետ ուղարկեցիք Ռուսաստան։ Երբ մի տիկնիկի խաղի մեջ են մտցնում, հետո նա այլևս պետք չի լինում, նրա մահից էլ պետք է զոհ սարքեն, օգուտներ քաղեն։ Սկզբում սարքեցին բանտարկյալ, հետո՝ զոհ։ Մարդկանց օգտագործում են, հետո զոհաբերում են։
- ԱՄՆ-ը, տեսնելով, որ Ռուսաստանը հաղթում է, հիմա արդեն թողնում է Ուկրաինան, գցում է Եվրոպայի վրա ու տեղափոխվում Հարավային Կովկաս։ Մակրոնի հայտարարություններն էլ պատահական չէին։ Նա նույնպես ոտքի տեղ էր բացում Հարավային Կովկաս խցկվելու համար։ Թե ե՞րբ էր Ֆրանսիան եղել այդ տարածաշրջանում, որ հիմա ուզում է գալ։ ԱՄՆ-ի հետ պայմանավորված խաղ է։
- Թող հասարակությունը չմտածի, թե գործ ունեն թշնամի Ադրբեջանի հետ, իսկ Նիկոլն էլ, դե, էսքան է կարողանում, էսքան է անում։ Ո՛չ, Նիկոլը 2018թ.-ից սկսած՝ քայլ առ քայլ կատարում է Ալիևի ծրագիրը։
- Եթե ԱՄՆ ընտրություններում Թրամփը հաղթի, մի կոպեկ փող չի դնելու ռուս-ուկրաինական գործի մեջ։ Ու քանի որ Թրամփի հաղթանակը հավանական է, ԱՄՆ-ը հիմիկվանից է Ուկրաինայի թեման գցում Եվրոպայի գրպանը։
- Ես չեմ կարող բացառել, որ ֆրանսիական զենքը, ի վերջո, Հայաստանից կարող է հասնել Ուկրաինա։
- Մեր բանակը հիմա քաղաքական ուղեղ չունեցող բանակ է։ Այնտեղ մարդիկ են, ում՝ որտեղ, երբ և ում դեմ ուզեն՝ կօգտագործեն։
- Ֆրանսիայի ժողովուրդը մեզ բարեկամ ժողովուրդ է, բայց Ֆրանսիան՝ ի դեմս Մակրոնի, ոչ թե ուզում է օգնել հայ ժողովրդին, այլ կատարում է իր ծրագիրը։
- Հարավային Կովկասից պրծնեն, անցնելու են Միջին Ասիա, ինչն ամենասարսափելին է։ Այնտեղ կա Աֆղանստան, որը դանդաղ գործողության ռումբ է։
- Ես սկզբից չէի հավատում, որ 2016թ. Ապրիլյան պատերազմի ժամանակ մեր զինվորները ջարդել են ադրբեջանցիներին։ Ես այդ ժամանակ Ռուսաստանում էի աշխատում, ու ինձ ռուսներն ասացին, որ, այո՛, այդպես էլ եղել է, և Ալիևն է Պուտինին խնդրել, որ միջնորդի՝ հրադադար կնքեն Հայաստանի հետ։ Դրա համար ես հույս ունեի, որ 44-օրյա պատերազմի ժամանակ էլ մեր բանակն այնպես կջարդի ադրբեջանցիներին, որ Փաշինյանի ծրագիրը չի հաջողի։ Բայց այդպես չեղավ։ Այս իշխանությունները մեր բանակը, փաստորեն, սարքել են ամուլ զորախումբ, բանակն ամորձատել են, որը հլու-հնազանդ ենթարկվում է սրա՝ Նիկոլի հրամաններին։ Մեր իրավիճակն այնպիսին է, որ պիտի պայքարենք ներքին ու արտաքին թշնամու դեմ։
- ՆԱՏՕ-ին պետք է Տավուշով անցնող ճանապարհը, ու նրանք ստիպելու են, որ այդ 4 գյուղերը տան։ Փաշինյանն էլ համաձայնել է։ Իսկ Ադրբեջանն էլ օգտվում է առիթից։ Այդ գյուղերի բնակիչներն իրենք պետք է պաշտպանեն իրենց տունն ու ընտանիքները, քանի որ սրանք մեր բանակը կոտրել են։
- Առանց այդ էլ այս իշխանություններին Արևմուտքից ինչ թելադրում են, սրանք անում են, էլ ինչների՞ն է պետք Հայաստանի արտաբլոկային՝ ոչ դաշինքային պետություն լինելու գաղափարը։
- Ես լավ գիտեմ՝ Արևմուտքը Թուրքիային ինչքան որ պետք է՝ օգտագործելու է, բայց հետո նա ընկնելու է շատ վատ վիճակի մեջ։ Իմիջիայլոց, Ադրբեջանը՝ նույնպես։ ԽՍՀՄ փլուզումից հետո ինչքա՞ն պետություններ առաջացան… Չի բացառվում, որ հիմա էլ վերանան։
- Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքների ռևիզիա է տեղի ունենում։ Ռևիզորներից մեկն էլ Թուրքիան է։ Աշխարհը պետք է վերաբաժանվի, ու ԽՍՀՄ-ը քանդողները որոշել են, որ իրենք պետք է լինեն որոշողը։ Ու այս նպատակի իրագործման համար նրանք պետք է չեզոքացնեն Իրանին, որ հանկարծ չխանգարի իրենց ծրագրերի իրագործմանը։
- Փոքր պետությունների խնդիրը, ինչպիսին մենք ենք, պիտի լինի մեծ պետությունների խաղի մեջ ինչ-որ մի բան պահպանելը, օրինակ, պետականությունը։
- Պատմություն չունեցող Ադրբեջանն այսօր վերև է բարձրացել, չեղած տեղը ազգ է կերտում, իսկ մենք, տեսեք՝ ինչ ենք դարձել, ուրացել մեր երեքհազարամյա պատմությունը… Սա կոչվում է լիբերալ-գլոբալիստական քաղաքականություն։ Մեր ազգը նվաստացրեցին, դարձրին դոլար խնդրող։
- Հայերը շատերի համար վտանգավոր են նրանով, որ ազգային ինքնագիտակցություն ունեն ու անընդհատ ձգտելու են վերականգնել իրենց պետությունը։ Դրա համար էլ միշտ պայքարելու են հայերի, մեր պետության դեմ:
- Տոկաևը, Ալիևը, Զելենսկին և սա էլ՝ Փաշինյանը, մի ակումբի՝ հակառուսական կլուբի անդամներ են։ Այս ակումբի անդամների առաջ պայման է դրված՝ եթե դու քո ժողովրդին չես տանում ռուսի դեմ, ուրեմն դու մեր ակումբի անդամ չես։ Պուտինը շատ լավ գիտի արևմտամետ Տոկաևի կենսագրությունը։ Այս ակումբի անդամ տղերքի գումարները եվրոպական, ամերիկյան բանկերում են։
- Ռուսաստանը շատ լուրջ ընտրության առաջ է կանգնած, Իրանը՝ նույնպես։ Նրանք շատ լավ գիտեն՝ եթե Զանգեզուրի միջանցքը տվեցին թուրքերին, հաջորդ օրն իսկ կանգնելու են Միջին Ասիայի դիլեմայի առաջ։ Պարզ է, որ ռուսները հիմա աշխատանք են տանում Չինաստանի, Իրանի, Հնդկաստանի, Վրաստանի, նույն Թուրքիայի և Ադրբեջանի հետ։
- Եթե դու ճղճիմ մի օղակ ես մեծ քաղաքականության մեջ, դու չես կարող քաղաքականության մեջ ժամանակը հաշվի չառնել։ Լուրջ ղեկավարը դա հաշվի է առնում։ Ալիևի հայրն իր որդուն սովորեցրեց սպասել ու հասնել իր նպատակներին, իսկ այս ակումբի մյուս տղաները չեն հասկանում դա։
- Մենք, 30 տարի է՝ գիտենք՝ Եվրոպան մեզ՝ որպես կուրատոր, դեմ է տալիս Թուրքիային, իր արևելյան թևի ամենաուժեղ պետությանը։
- Էս ժողովրդին մեռան վախեցնելով պատերազմով։ Ինչ եկել են, 2018թ.-ից սկսած, պատերազմով են վախեցնում ու պատերազմ են բերում։ Սրանք՝ Նիկոլն ու իր թիմը, շանտաժիստ են։ Զավեշտալին այն է, որ այդ նույն Փաշինյանը գնացել է Տավուշ ու ժողովրդին պատերազմով է վախեցնում ու Թուրքիայով… Այսինքն՝ դու քո թիմով Թուրքիային ու Ադրբեջանին բարեկամ ես հռչակում ու հիմա ժողովրդին թուրքերո՞վ ես վախեցնում։
- Հայաստանը դարձրել են խոշոր պետությունների բախման դաշտ։
- Քաղաքացի, եթե դու՝ որպես մարդ, ոչխար չես, մի՛ հավատա սրան։
- Ժողովուրդ, պահե՛ք ձեր տունուտեղը։ Պատերազմով վախեցնելով՝ հաջորդը Զանգեզուրն է տալու։ Սրանք մեզ բացարձակապես անտեր են թողել, Հայաստանը զրկել հիմնական դաշնակիցներից։ Բա ունենաս ՀԱՊԿ-ի նման դաշնակից, որ դիրքերդ պինդ լինեն, ու քեզ այսպես պահե՞ս։
- Մտավորական Երևանում թույն է թափվում ռուսների վրա։ Սա արդեն ռուսաֆոբիա է, կրետինիզմ։
- Փաշինյանի նմաններին գցում են Նավալնու, Բերեզովսկու օրը։
- Եթե Ռուսաստանը Հայաստանում հեղաշրջում կազմակերպող լիներ, կաներ իր համար մահացու, կենսական նշանակություն ունեցող Ուկրաինայում։ Չկարողացավ։ Պուտինն էդպես է, ասում է՝ ժողովուրդը պիտի ցանկանա։ Այսինքն՝ նա հասկանում է, որ եթե ժողովուրդը չանի, ինքն ավելի շատ կկորցնի, քան կստանա։ Բայց երբ Ռուաստանը տեսնի, որ Հայաստանում կա ազգային շարժում իր շահերը պաշտպանելու համար, չեմ կարծում, որ դրանից չի օգտվի։
Մանրամասները՝ տեսանյութում։