Պաշտպանական օգնություն ֆրանսիական ձևով. Ֆրանսիային հետաքրքրում է այն, ինչ «ռուսական տարածքում» է
Օրերս ֆրանսիական պարբերականներից մեկին տված հարցազրույցում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին ասել է, որ Ֆրանսիան, ընտրելով Հայաստանի հետ պաշտպանական հարաբերությունները, խախտել է տաբուն՝ դառնալով ՆԱՏՕ-ի առաջին այն երկիրը, որը պաշտպանական սարքավորումներ է տրամադրել ՀԱՊԿ անդամ Հայաստանին:
Այս հարցազրույցին գրեթե զուգահեռ՝ մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ Ֆրանսիան և Մոլդովան պաշտպանական ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել, ինչը ենթադրում է Մոլդովայում ֆրանսիական պաշտպանական առաքելության հիմնում, սպառազինությունների մատակարարում, անձնակազմի վերապատրաստում և այլն:
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, ավելի վաղ Ֆրանսիան Մոլդովային է մատակարարել Ground Master (GM) 200 մարտավարական ռադար՝ երկրի օդային տարածքի հսկողության համար, ինչպես նաև անհատույց փոխանցել է ռազմական սարքավորումների խմբաքանակ:
Իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ հաստատուն կերպով շարունակելու են աջակցել Մոլդովայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանմանը: Լրիվ նույն պատկերն է, ինչ Հայաստանի դեպքում: Ի դեպ, անցած տարի նոյեմբերին ՍիվիլՆեթին տված հարցազրույցում Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին նշել էր, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը միակ նախարարն է, որի հետ դեսպանի պաշտոնը ստանձնելուց հետո ամենաշատն է հանդիպել, և հավելել է, որ ՀՀ-ի հետ պաշտպանական համագործակցությունը հեռուն գնացող նպատակներ է հետապնդում:
«Պաշտպանական համագործակցությունը միայն ռազմատեխնիկան չէ։ Ես նույնիսկ հակված եմ մտածելու, որ պաշտպանական դոկտրինը, Զինված ուժերի վերապատրաստումը, մարտի դաշտին մոտեցման ձևերը, Զինված ուժերի արդիականացումը միջնաժամկետ հեռանկարում, հավանաբար, ավելի կարևոր են, քան զուտ տեխնիկան»,- «ՍիվիլՆեթին» ասել էր դեսպանը:
Ի դեպ, Երևանում Ֆրանսիայի պաշտպանության նախարարը ևս նման ակնարկ էր արել, որ ՀՀ-ին ռազմական խորհրդատվություն են տրամադրելու: Մինչդեռ ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ ի դեմս Սուրեն Պապիկյանի, թաքցնում է օտարերկրյա խորհրդատուների մասնակցությունը ՀՀ պաշտպանական փաստաթղթերի մշակման և, առհասարակ, պաշտպանական քաղաքականության մշակման գործընթացին, թեպետ այս մասին նաև իշխանամերձ, նույնիսկ ոչ իշխանական փորձագետներն են անգամ կանխատեսում բարձրաստիճան ՆԱՏՕ-ականների հնարավոր այցը Հայաստան, հնարավոր է՝ նաև «պաշտպանական նպատակներով»:
Իսկ մինչ այդ հայտնի դարձավ, որ Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) զեկույցի համաձայն՝ Ռուսաստանը միայն երրորդ տեղն է զբաղեցրել աշխարհի ամենախոշոր զենք արտահանողների շարքում՝ երկրորդ տեղը զիջելով Ֆրանսիային, իսկ առաջին տեղում ԱՄՆ-ն է:
Ռուսաստանի նկատմամբ Ֆրանսիայի այս հաջողությունը բացատրվում է նրանով, որ այն ժամանակ, երբ Ֆրանսիայից զենքի արտահանումն աճել է, նույն ժամանակահատվածում Ռուսաստանից արտահանումը կրճատվել է 53 տոկոսով, և եթե 2019 թվականին Ռուսաստանը զենք է արտահանել 31 երկիր, ապա 2023-ին՝ 12:
Նշվում է նաև, որ ֆրանսիական զենքի խոշոր ստացող է Հնդկաստանը՝ 30 տոկոս, թեպետ դեռ հիմնական մատակարար մնում է Ռուսաստանը՝ 36 տոկոս:
Դեռ 2022 թվականից էր Ֆրանսիան փորձում հրապուրել Հնդկաստանին՝ նրան իր կողմը գրավելով զենքի հիմնական մատակարարից՝ Ռուսաստանից։
Եվ անկախ ՀՀ-ի հետ ունեցած պատմական և դարավոր բարեկամական հարաբերություններից, Ֆրանսիան ՀՀ-ին ռազմական օգնություն է ցուցաբերում նաև Ռուսաստանի դեմ արշավի շրջանակում, այսինքն՝ թափանցում է այնտեղ, որտեղ ռուսական ներկայություն կա:
Ի դեպ, վերջերս Երևանում Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը հնարավոր էր համարել Հայաստան-Հունաստան-Ֆրանսիա-Հնդկաստան քառակողմ համագործակցությունը:
Թե որքանո՞վ է սա հնարավոր, ժամանակը ցույց կտա: Մի բան հստակ է՝ ցանկացած երկիր՝ լինի Ֆրանսիա և Հնդկաստան, առաջին հերթին իր շահն է հետապնդում՝ լինի դա բիզնես, թե քաղաքական, իսկ Հայաստանը հայտնվել է զենքի շուկայում խաղացողների քաղաքական և բիզնես շահերի կիզակետում և ոչ միայն:
Առաջիկայում 168.am-ը մանրամասն կանդրադառնա՝ ինչ բանակ են ուզում ստանալ, և երբ են այդ պլանները սկսել իրագործվել: