Քյարամյանի ղեկավարած կառույցը 42 մլն դոլարի զենքի գործի մասին հրապարակման ենթակա ասելիք չունի. ՔԿ գրության ոդիսականը
2023 թվականի դեկտեմբերի 13-ին 168.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ հետևյալ հարցադրմամբ.
1. 2020թ. մարտի 11-ին՝ Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրում բնակիչների հետ հանդիպման ժամանակ, Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Դեպք ունենք, ժողովուրդ, Սերժ Սարգսյանի իշխանությունը 42 մլն դոլար տվել է, զենք են առել, այդ զենքը չի աշխատում, ընդհանրապես ոչ մի բանի պիտանի չի, ընդամենը մետաղի ջարդոն է: 42 մլն դոլար են տվել, ու այդ զենքը ոչ մի բանի պիտանի չի, դա զենք էլ չի: Հիմա քրեական գործ է հարուցված, թող Սերժ Սարգսյանը գա՝ սրա պատասխանը տա…»։
2022 թվականի հոկտեմբերին ԱԱԾ-ից մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել էին, որ քրեական վարույթն ըստ քննչական ենթակայության ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե»: Կխնդրեինք հայտնել՝ ի՞նչ փուլում է այս քրեական գործը, կա՞ն արդյոք գործում ընդգրկված բարձրաստիճան պաշտոնյաներ, կամ՝ այս պահի դրությամբ կա՞ն մեղադրյալներ և քանի՞ հոգի են, ինչպես նաև՝ ի՞նչ է պարզել նախաքննությունը, ապացուցվե՞լ է՝ ՀՀ վարչապետի հնչեցրած հայտարարության մեջ նշված ձևակերպումները որքանո՞վ են համապատասխանում իրականությանը:
Մեր այս հարցման պատասխանը ՀՀ քննչական կոմիտեն ուղարկել է մոտ մեկ ամիս հետո՝ 2024 թվականի հունվարի 9-ի երեկոյան, որտեղ, մասնավորապես, նշվում է.
«Ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեի նախագահին Ձեր կողմից հասցեագրված հարցման՝ հայտնում ենք, որ 2017թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ զինված ուժերի կարիքների համար սպառազինության միջոցների ձեռքբերման գործընթացում ՀՀ պաշտպանության նախարարության մի շարք պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու փաստի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված (հարուցված) քրեական վարույթի նախաքննությունը 2022 թվականի փետրվարի 15-ից շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում:
Հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասի և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթները՝ Ձեր կողմից ներկայացված մյուս հարցադրումների մասով տեղեկատվության տրամադրումը հնարավոր չէ, քանի որ պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ»:
Ի դեպ, նույն պատասխանը՝ գրեթե նույն ձևակերպումներով, ՀՀ քննչական կոմիտեն մեզ ուղարկել էր 2022 թվականի հոկտեմբերի վերջին:
Բայց ՀՀ քննչական կոմիտեի վերջին գրության դեպքում մի ուշագրավ փաստ էլ կա. Հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը մեր հարցմանը պատասխանել է 5-օրյա ժամկետում՝ դեկտեմբերի 18-ին, ինչպես թվագրված է գրությունը՝ 18.12.2023, բայց չգիտես ինչու, մենք այն ստանում ենք մոտ մեկ ամիս հետո:
Ընդ որում, այս ընթացքում մի քանի անգամ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակից ճշտել ենք՝ ինչո՞ւ է ուշացվում, պատասխանել են՝ կճշտեն, հետո ուշացման համար ներողություն են խնդրել՝ նշելով, որ պատճառը զինվորական գործերով վարչության ծանրաբեռնվածությունն է:
Այսինքն, եթե ուղարկած լինեին, կտեղեկացնեին ճշտելուց հետո, քանի որ շատ հնարավոր է՝ տեխնիկական պատճառներով գրությունը ստացած չլինեինք: Բայց մեզ նման պատասխան չեն տվել Նոր տարվա նախաշեմին, իսկ դրանից հետո ժամկետ է նշվել, որում ստացել ենք պատասխան գրությունը:
Ավելին, մենք բարեխիղճ լրագրության սկզբունքից ելնելով, հոդվածը տպագրելուց առաջ դարձյալ ՔԿ խոսնակին դիմել ենք՝ ցույց տա ապացույց, որ հարցման պատասխանը էլեկտրոնային փոստով դեկտեմբերին են ուղարկել, բայց մենք ուշ ենք ստացել: Մենք կընդունեինք, որ ՔԿ պատասխան գրությունն ուղարկվել է դեկտեմբերին, բայց նման ապացույց չստացանք, ուստի ստիպված ենք փաստել, որ թեև մեր հարցմանը պատասխանել են 5-օրյա ժամկետում, գրությունը մենք միայն երեկ ենք ստացել: Մնացածը ՔԿ-ում պիտի փորձեն հասկանալ:
Իսկ մենք ևս մեկ փաստ արձանագրենք. տպավորություն է, որ ՔԿ մեզ ուղարկված գրությունը, այսպես ասած, ներքին շրջանառության համար էր, քանի որ այնտեղ բացակայում էր և՛ կառույցի անվանումը, ինչպես պաշտոնական բլանկի դեպքում է, և՛ Հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանի ստորագրությունը՝ նրա անվան դիմաց, այնպես, ինչպես սովորաբար եղել է մեր հարցմանն ի պատասխան ուղարկված ցանկացած գրության դեպքում: Ի դեպ, մեզ ուղարկված գրության մեջ անգամ նշված չէ, թե մեր ո՞ր օրն ուղարկված հարցմանն են պատասխանում:
Այսինքն, Արգիշտի Քյարամյանի ղեկավարած կառույցը ոչ միայն մշտապես ուշ է պատասխանում հարցումներին, կամ այդ պատասխանները ուշ են տեղ հասնում, այլ նաև տեխնիկապես ոչ պատշաճ են դրանք ուղարկվում։
Ինչ վերաբերում է հարցման թեմային, հիշեցնենք, որ, ըստ մամուլում հայտնված տեղեկությունների, ԱԱԾ կողմից սույն քրեական գործով ժամանակին կալանավորվել էր ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի Ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի բաժնի նախկին պետ Վահան Ավետիսյանը, ընդ որում, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից առաջ, իսկ մի քանի ամիս հետո՝ 2020թ. հուլիսին, ազատ էր արձակվել: Ավելի ուշ այլ լրատվամիջոցներում տեղեկություններ շրջանառվեցին, թե խոսքը 2016-2017թթ. ձեռք բերված ռադիոէլեկտրոնային միջոցների մասին է, որի բացահայտումն արել էր Ազգային անվտանգության ծառայությունը:
Հավելենք, որ 2020թ. մարտին՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի վերը նշված հայտարարության, ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից «Ազատությանն» ասել էին, որ 42 միլիոն դոլարի զենքի գործով մինչև այդ պահը Սերժ Սարգսյանին իրավապահները չեն դիմել։
Ըստ էության, գործ ունենք հերթական փակուղային իրավիճակի հետ, ինչպես նմանատիպ այլ գործերի դեպքում, որոնց 168.am-ն անդրադարձել է։