Հրամայված է չհաղթել, կամ՝ մի քանի միլիարդ դոլարի զենք-զինամթերքի պատվեր՝ հանուն պարտության. Փաշինյանը վախենում է առերեսումներից
Այս տարի որոշվել էր նշել բանակի տոնը, և Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հունվարի 28-ին կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառում: Նախաձեռնությունը և իրականացումը, ըստ էության, ՀՀ պաշտպանության նախարարությանն էր: Իհարկե, լավ է, որ Նիկոլ Փաշինյանի օրոք, որը մեր հաղթանակի օրերը վերացնելուց հետո ամեն կերպ ցանկանում է մոռացության մատնել բանակ օրը, հունվարի 28-ին միջոցառում էր կազմակերպվել, որովհետև այսօր ապրում ենք այնպիսի ժամանակներում, որ սեփական երկրում, սեփական բանակին առնչվող կամ նվիրված ցանկացած նմանօրինակ նախաձեռնություն, ըստ էության, «հերոսություն է»:
Կարծում ենք, խնդիր է դրվել չհիշել նախկին նախարարներին, չշեշտել անցյալի հաղթանակները, բանակի զարգացման փուլերը, թռուցիկ ասել, որ առաջին նախարարը եղել է Վազգեն Սարգսյանը: Վտանգավոր ժամանակներ ենք ապրում: Հրամայված է մոռանալ անցյալը, չհիշել հաղթանակները, լռել դրանց մասին: Այսինքն, ինչպես իր ելույթում Նիկոլ Փաշինյանը հստակ նշել է՝ պետք է փոխել բանակի մտածողությունը, ես կասեի՝ սահմանադրական առաքելության մասին պատկերացումները: Եվ բնական է՝ այս պահանջը դարձյալ ներկայացվեց մանիպուլյատիվ:
«Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 32-րդ տարեդարձը, պետք է արձանագրել` ավելի շատ խորհելու, բանակաշինության և անվտանգության ոլորտում մեր ունեցած խնդիրներին, ընդհուպ՝ ձախողումներին առերեսվելու ժամանակ է:
Այդ առերեսումը մեզ պարտադրում է արձանագրել, որ չի կարելի շարունակել ունենալ հնացած ստանդարտների և ռազմական գործի հնացած պատկերացումների վրա հիմնված բանակ, որովհետև սա կնշանակի կասկածի տակ դնել պետություն ունենալու մեր կամքը:
Առաջին բանը, որ պիտի փոխվի մեր բանակում, մտածողությունն է: Եվ այդ փոփոխությունը պետք է արտահայտվի ամեն նրբության մեջ` սկսած համազգեստից, շարունակած յուրաքանչյուր զինվորականի արտաքին տեսքով, շարունակած մշտական տեղակայման վայրերում առկա միջավայրից, սպառազինությունից ու տեխնիկայից, զինծառայողների աշխատավարձից և սոցիալական երաշխիքների համակարգից, զինծառայողների պրոֆեսիոնալ հմտությունների նկատմամբ մեր պահանջներից և յուրաքանչյուր զինծառայողի գաղափարական պատրաստվածության աստիճանից»,- Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իր ելույթի ժամանակ հայտարարել է Փաշինյանը:
Առաջին հայացքից կարող է թվալ, որ լավ բան է ասում՝ պիտի լինի նոր համազգեստ, նոր սպառազինություն, նոր դիրքային միջավայր: Այլ հարց է, թե ինչ է հասկանում դրա տակ բանակում չծառայած, ռազմական գործից հեռու և թուրք-ադրբեջանական պահանջները կատարող իրեն գերագույն հրամանատար հռչակած անձը: Նպատակը՝ «ֆուտլյարային է», և ոչ բնավ առավել ուժեղ ու անվտանգ զինվոր ու բանակ ունենալը:
Այստեղ հարկ է հիշեցնել, որ 2019 թվականի դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կազմավորման 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը հայտարարել էր.
«Ես կարծում եմ, որ այս փուլում, երբ ՀՀ Զինված Ուժերը սպառազինության և տեխնիկայի զարգացման, մարտունակության զարգացման բոլորովին նոր փուլ են թևակոխել, ինտելեկտուալ աշխատանքը պետք է դառնա մեր ԶՈՒ զարգացման կարևորագույն առանձնահատկություններից մեկը: Երբ ասում ենք, որ ՀՀ Զինված Ուժերը, Հայոց բանակը պետք է լինեն մարտունակ միջազգային ամենաբարձր ստանդարտներով, առաջին հերթին նկատի ունենք, որ ՀՀ բանակը պետք է մարտունակ լինի ինտելեկտուալ առումով, նկատի ունենք, որ Հայոց բանակը պետք է լինի աշխարհի ամենաինտելեկտուալներից մեկը: Եվ սա է խնդիրը, որ մենք այսօր առաջադրում ենք և իրար հետ պետք է լուծենք»:
Հենց այդ օրը, ըստ էության, կարելի էր հասկանալ, որ մեզ նոր առաքելությամբ բանակ են փորձելու տալ: Այն, ինչ հետո տեսանք և շարունակում ենք տեսնել:
Նույն ժամանակահատվածում Փաշինյանը գլուխ էր գովում սպառազինության աննախադեպ ձեռքբերումներով կամ դրա վրա ծախսած գումարներով, ինչը, իհարկե, դարձյալ մանիպուլյացիա էր։
Ավելին, 2018 թվականին Փաշինյանի ընտանեկան թերթը «Սու-30. քայլ դեպի «սանձահարման» դոկտրին» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որը կառուցել էին 2016 թվականի փետրվարին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Վիեննայում «Ռազմական դոկտրինալ մոտեցումներ» խորագրով ԵԱՀԿ սեմինարի շրջանակում արած հայտարարության հիման վրա, որ «Հայաստանի Հանրապետությունը գործի է դնում առկա զինված դիմակայությունը նվազեցնելու համար, և, որ «Սանձահարումը/Զսպումը» մեր դոկտրինալ մոտեցումներում հետզհետե դուրս է մղում «Ստատիկ պաշտպանության» հայեցակարգին, որը հակառակորդի կողմից կարող էր դիտարկվել՝ որպես անբավարար հզորության վկայական»:
«Իրականում, 25 տարվա պաշտպանողական կեցվածքը մեզ տվեց ոչ ավելին, քան գնալով քաջալերվող սադրիչ գործողություններ: Այնպես որ, Հայաստանի Հանրապետությունը իրականացնելու է որակական լուծումներ՝ քանակական անհավասարակշռությունները չեզոքացնելու համար, միաժամանակ խստորեն պահպանելով սպառազինությունների վերահսկման ոլորտում առկա սահմանափակումները,- ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի խոսքն էր շարունակել հիշեցնել «Հայկական ժամանակը» և հավելել սեփական մեկնաբանությունը,- Կանխարգելիչ, այդ թվում՝ ոչ համաչափ զսպման գործողությունների տրամաբանությունը մեծապես պայմանավորված է Հայաստանի ֆինանսական և քաղաքական ռեսուրսների սահմանափակվածությամբ: Այսօր արդեն որոշակի քայլեր կատարվել են այդ ուղղությամբ: Առավել ակնառու օրինակն «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրի ձեռքբերումն էր: Հասկանալի է, սակայն, որ այն չի օգտագործվելու հնարավոր պատերազմի առաջին իսկ օրվանից: Այն մի կողմից՝ զսպող դեր է կատարում, իսկ ակտիվ գործողությունների պարագայում իր վրա է վերցնելու անբարենպաստ իրավիճակի բալանսավորման կամ որոշիչ հարվածի դերակատարումը:
Մարտավարական առումով ավելի ճկուն են անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ): ArmHiTec-2018 ցուցահանդեսի ընթացքում ցուցադրված հայկական արտադրության ԱԹՍ-ները, այդ թվում՝ մարտական ԱԹՍ-ները հնարավոր լայնածավալ գործողությունների ընթացքում ակտիվորեն օգտագործվելու են: Սակայն դրանց առկայությունը բավարար չէ կանխարգելիչ հարվածների տրամաբանությունից բխող օդային գերակայություն ապահովելու համար:
Այդ բացը լրացնելու համար անհրաժեշտ պայման է՝ կործանիչ, իսկ կատարելության ձգտող պարագայում՝ բազմաֆունկցիոնալ հզոր օդուժի առկայությունը… Հունիսի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց մի լուսանկար, որում նա գտնվում էր ռուսական Су-30СМ կործանիչի օդաչուի խցիկում: Դրանից հետո ակտիվացան խոսակցությունները, որ դեռևս 2012 թ. կնքված պայմանագրի շրջանակներում Ռուսաստանը Հայաստանին Су-30 է մատակարարելու: Ռուսական «Կոմերսանտն» այս առիթով գրել էր, որ ՀՀ ՊՆ-ն, դեռևս մինչև այս տարվա ապրիլյան իրադարձությունները հետաձգել էր Су-30СМ-ների գնումը մինչև 2024 թ.: Սակայն, ըստ պարբերականի տեղեկությունների, այս հարցով բանակցությունները «գտնվում են բավական առաջընթացային փուլում»:
Ռուսական Су-30-ը ամերիկյան F-35-ից մի քանի անգամ ավելի էժան է, համապատասխանում է մեր օդաչուների մինչ օրս ստացած մասնագիտական պատրաստության տրամաբանությանը, և, ինչը ոչ պակաս կարևոր է, քաղաքական խնդիրներ չի առաջացնի: Տեխնիկական տվյալներով այն ևս բավարարում է հնարավոր մարտական գործողություններում անհրաժեշտ պահանջներին:
Այս կործանիչի ամենակարևոր տարբերությունն իր նախորդներից նրանում է, որ այն կարող է օպերատիվ-մարտավարական խորությունում գտնվող վերգետնյա կարևոր թիրախներ խոցել: Տեխնիկական տվյալները թույլ են տալիս զինվել 100 կմ և ավելի հեռահարություն ունեցող հրթիռներով: Այսինքն, պայմանականորեն, գտնվելով ՀՀ օդային տարածքում՝ կործանիչն ի զորու է կարևոր թիրախներ խոցել Ադրբեջանի տարածքում:
Այս ինքնաթիռների մեկ էսկադրիլյան, իսկ հենց այդ քանակությունն է, ըստ «Կոմերսանտի», նշված պայմանագրի մեջ, կարող է լուրջ փոփոխության ենթարկել ուժերի հարաբերակցությունը: Ռազմավարական առումով այս կործանիչները կշարունակեն զսպող դեր խաղալ, սակայն, ի տարբերություն «Իսկանդերի», գործածելի կլինեն հնարավոր ռազմական գործողությունների բոլոր փուլերում: Իսկ հակառակորդի համանման ինքնաթիռների գերազանցող քանակի պարագայում կիրառության արդյունավետությունը կախված է լինելու օդաչուների հմտությունից և պատրաստվածությունից: Ընդհանուր առմամբ, Су-30-երի առկայությունն ամբողջովին չի լուծի զսպման և կանխարգելման խնդիրը: Խնդիրը կարող է լուծվել միայն համալիր գործողությունների արդյունքում, որոնց ընդամենը մի մասն է գտնվում ռազմական պատրաստության տիրույթում»:
Նախ նշենք, որ 2016 թվականի փետրվարին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Վիեննայում «Ռազմական դոկտրինալ մոտեցումներ» խորագրով ԵԱՀԿ սեմինարի շրջանակում ներկայացրել էր ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքները (2011-2015թթ. պլանավորման շրջափուլ։- Մ.Պ.): Այսինքն, վերոնշյալ «Ստատիկ պաշտպանության» հայեցակարգի փոխարինումը Սանձահարումը/Զսպումը» հայեցակարգային մոտեցումով նախատեսված էր նախկին իշխանությունների օրոք իրականացված պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացով: Ավելին, ինչպես վերջերս այս թեմայով մեր վերլուծության մեջ էինք նշել, 2011-2015թթ. պլանավորման շրջափուլից անցում էր կատարվել 2016-2020թթ. շրջափուլ: Իսկ պաշտպանության ռազմավարական վերանայումը ենթադրում է հստակ պատասխաններ, թե Հայաստանի ռազմական անվտանգությունը երաշխավորելու համար ինչպիսին պետք է լինեն զինված ուժերի պլանավորման և կառավարման համակարգը, կազմն ու կառուցվածքը՝ ստորաբաժանումները, դրանց տեղակայումը, կարողությունները՝ ուժերն ու միջոցները, կիրառման ռազմավարությունը՝ պատերազմի վարման ձևերն ու եղանակները, ռազմակրթական և ուսումնավարժական համակարգը, և ամենակարևորը՝ պահանջվող ռեսուրսները՝ մարդկային, նյութատեխնիկական և այլն: Այսինքն, Դավիթ Տոնոյանի ասածը չէր վերաբերում միայն Սու-30-ներին, ինչպես մեկնաբանել էր Փաշինյանի ընտանեկան թերթը:
Երկրորդ, Փաշինյանը դարձյալ շտապել էր և դեռ բանակցային փուլում հայտարարել, որ հնարավոր պատերազմի դեպքում ՍՈւ-30-ները կարողանալու են զսպել կամ սանձել հակառակորդի գործողությունները, մինչդեռ պատերազմից հետո խոստովանել էր՝ «պատերազմի ընթացքում չէինք հասցրել ձեռք բերել անհրաժեշտ բոլոր աքսեսուարները, հրթիռները, որոնք հնարավորություն կտային Սու-30ՍՄ գերժամանակակից զենքը կիրառել իր նշանակությամբ և հզորությամբ»:
Ավելին, մինչև այսօր մենք ընդամենը 4 հատ Սու-30 ունենք, երբ Դավիթ Տոնոյանը 8-12 հատի պայմանավորվածություն էր ձեռք բերել, իսկ եղածն էլ, ըստ էության, զուրկ է կործանիչ դերակատարումից:
2023 թվականի օգոստոսի 1-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ասել էր.
«ՍՈՒ-30-ները բազմաֆունկցիոնալ միջոցներ էին, որոնք ունեին և՛ գրոհային, և՛ կործանիչ գործառույթ։ Գրոհայինի տեսանկյունից մենք 1-2 օրվա մարտական գործողությունների վարման առումով գոնե սկզբնական փուլում սպառազինության հետ կապված հագեցվածություն ունեինք, նաև այն հրիթնռերի, որոնք հիմա ժողովրդի մեջ կոչվում են անպիտան, ժանգոտված կամ չգիտեմ ինչ։ Այդ հրթիռները կիրառվել են նաև ՍՈՒ-30-ների ուսումնական թռիչքների ժամանակ և խոցել են թիրախները»: Այսինքն, Սու-30-ները օդ են բարձրացվել և որոշակի մարտական խնդիր լուծել Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավիթի մատակարարած «անպիտան հրթիռներով», բայց ոչ այն, ինչի մասին գլուխ էր գովում 2018-ին փաշինյանական թերթը:
Երրորդ, պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը խոստովանել էր՝ 2020 թվականի պատերազմը ցույց տվեց, որ ավելի կարևոր են բանակում հատուկ նշանակության մոբիլ խմբերը, ինչի հետ մենք խնդիրներ ենք ունեցել: Մասնավորապես՝ 2023 թվականի հունիսին Քննիչ հանձնաժողովում նա հայտարարել էր, որ «շատերը զոհվեցին ոչ թե մարտի մեջ, այլ տեղաշարժվելիս. բանակը մոբիլության լրջագույն խնդիր ուներ»:
Հետաքրքիր է, որ 2018 թվականի հուլիսին ԶՈՒ զարգացման իր տեսլականում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը շեշտել էր. «Պետք է աստիճանաբար քայլեր ձեռնարկենք առաջնագծում մեր կողմից կիրառվող ստատիկ պաշտպանությունը տեսադիտարկման և այլ հետախուզական սարքավորումներով և հեռակառավարվող խոցման միջոցներով հագեցած տարաշարժուն-ճկուն պաշտպանությամբ փոխարինելու ուղղությամբ»:
Սա, ըստ էության, բխում էր նախկին իշխանությունների օրոք իրականացված պաշտպանական ռազմավարական վերանայման տրամաբանությունից, ինչի մասին 2018-ին իր հոդվածում հիշատակել էր «Հայկական ժամանակը»:
Կարո՞ղ ենք ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը չի կատարել 2016-2020թթ. վերանայման շրջափուլի պահանջները՝ հաշվի առնելով իր իսկ խոստովանությունները և 44-օրյա պատերազմի ընթացքն ու ելքը, եթե մի կողմ դնենք այլ քաղաքական հանգամանքներ:
Չորրորդ, 2018-ին «Հայկական ժամանակում» «Սու-30. քայլ դեպի «սանձահարման» դոկտրին» վերտառությամբ հոդվածում նշվել էր, որ ««Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրը, հասկանալի է, որ չի օգտագործվելու հնարավոր պատերազմի առաջին իսկ օրվանից», և հենց այս փաստով պայմանավորված էր նաև կարևորվել Սու-30-ների առկայությունն ու զսպող դերը: Արդյունքում կործանիչները չկատարեցին իրենց առաքելությունը, բայցև ինչպես 2018-ին նախանշվել էր՝ պատերազմի առաջին և ճակատագրական օրերին չկիրառվեց «Իսկանդերը»:
Հիշեցնենք, որ 2020-ի սեպտեմբերի 28-ին լրագրողների հետ ճեպազրույցում հարցին՝ ինչո՞ւ մեր «Իսկանդերը» գործի չենք դնում, ինչո՞ւ չենք թիրախավորում հակառակորդի նավթահորերը՝
Անդրանիկ Քոչարյանը կոշտ պատասխանել էր.
«Լավ ենք անում, երբ որ պետք լինի՝ գործի կդնենք: Դա թողեք զինվորական մասնագետներին: Կարծում եմ, որ դուք գոնե այս երկու օրերին ռազմական գործողությունների տրամաբանությունից չեք նկատում քաոսային, իրավիճակային որոշումներ: Դուք տեսնում եք քայլերի տրամաբանություն»:
Այսինքն, «Իսկանդերի» կիրառման ժամանակը որոշողը Նիկոլ Փաշինյանն է եղել, տրամաբանական է, որ որոշողը միայն բանակի ղեկավարությունը չէ:
Իսկ 2021 թվականի փետրվարին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր.
««Իսկանդերը պետք էր կիրառել արդեն պատերազմի չորրորդ-հինգերորդ օրը, երբ Ադրբեջանը հսկայական քանակով կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումներ էր արել Հորադիզում և այլ հատվածներում, Իսկանդերը հենց դրա համար էր»:
Ավելի ուշ պարզվեց, որ ««Իսկանդերը» կիրառվել է պատերազմի վերջին օրերին՝ Շուշիում, և այն էլ, ըստ Նիկոլ Փաշինյանի, «հրթիռը չի պայթել կամ պայթել է 10 տոկոսով»: Իսկ մեղավորը ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը նշանակվեց՝ ««Իսկանդերի» օգտագործման խայտառակ պլան է հաստատել»: Բայց սա՝ նախքան գեներալի քննիչ հանձնաժողով գնալը, հետո այս մեղադրանքները չլսվեցին, բայց եթե Օնիկ Գասպարյանին մեղադրող Անդրանիկ Քոչարյանը ստացել է իր հարցի պատասխանը, ապա շատերի մոտ այս առումով դեռ հարցեր կան, որոնց մի օր գուցե պատասխանի ԳՇ նախկին պետը: Սակայն սա այլ քննարկման թեմա է:
Վերադառնանք Նիկոլ Փաշինյանի բանակի օրվա ելույթին և աննախադեպ սպառազինության ձեռքբերումները «գաղտնազերծելու» և դրանով փիառվելու սովորությանը:
«Պետք է բարձր և ուղիղ խոստովանել, որ անվտանգության և անվտանգային համակարգերի, դրանց գործունակության բանաձևերի մասին մեզանում արմատացած պատկերացումներն աղետալի խաղ խաղացին մեր գլխին, և Հայաստանի Հանրապետության համար չկա այլ տարբերակ, քան անվտանգային հարաբերությունների դիվերսիֆիկացումը: Եվ մենք գնում ենք այդ ճանապարհով:
Նոր և ժամանակակից սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման ճանապարհով ենք գնում, և վերջին տարիներին Կառավարությունը մի քանի միլիարդ դոլարի զենք-զինամթերք ձեռք բերելու պայմանագրեր է կնքել: Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիրն աննախադեպ` մի քանի հարյուր միլիոն դոլարի պատվեր ունի Հայաստանի կառավարությունից, և, իհարկե, շարունակելու ենք ներդրումներ անել ռազմարդյունաբերական համալիրում՝ զուգահեռ ավելացնելով նաև գիտության և կրթության ֆինանսավորումը»: Այսինքն, կրկնվում է 2019 թվականի պատմությունը: Ավելին, Նիկոլ Փաշինյանը դիտավորյալ սադրում է Ադրբեջանին, երբ օրեր առաջ խստացրել էր պետական գաղտնիքի մասին օրենքը՝ պետական գաղտնիքի շարքին դասելով սպառազինության գնման պլանը, հայտը, մատակարար կազմակերպությունը և այլն:
Մյուս կողմից, Փաշինյանն իր ելույթում բանակին պարտադրել է՝ ենթարկվել իր պարտվողական օրակարգին: Կարճ ասած՝ հրամայել է նահանջել և չհաղթել, եթե անգամ հակառակորդդ սպառնում է:
«Հայաստանի Հանրապետությունն ինքն իրեն պետք է նույնականացնի այն տարածքի հետ, որի վրա և ճանաչվել է միջազգային հանրության կողմից: Այն է` Հայկական ԽՍՀ տարածքը, որը նույնական է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հետ: Մենք պետք է հստակ և աներկբա արձանագրենք, որ որևէ այլ տարածքի նկատմամբ որևէ հավակնություն չունենք և չենք ունենալու, և սա պետք է դառնա Հայաստանի արտաքին անվտանգության ապահովման ռազմավարական հիմքը:
Չեմ կարող չանդրադառնալ նաև տարբեր կողմերից և, մասնավորապես, Ադրբեջանից հնչող մի շարք ագրեսիվ հայտարարությունների՝ կապված Հայաստանի Հանրապետության բանակի բարեփոխումների, սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման հետ: Արդեն ասացի, որ ուժեղ և մարտունակ բանակ ունենալը յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է, և որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել մեր այդ իրավունքը: Եթե որևէ մեկը կասկածի տակ է դնում մեր այդ իրավունքը` կասկածի տակ է դնում մեր գոյության իրավունքը: Այս պարագայում մեզ այլ բան չի մնա, քան բոլոր հնարավոր և անհնար միջոցներով պաշտպանել մեր պետականությունը, մեր անկախությունը, մեր տարածքային ամբողջականությունը:
Կրկին արձանագրում եմ, որ Հայաստանի Հանրապետությունն իր ինքնիշխան տարածքից բացի՝ որևէ այլ տարածքի նկատմամբ հավակնություն չունի, և որևէ մեկը չպետք է հավակնություն ունենա Հայաստանի Հանրապետության որևէ տարածքի նկատմամբ: Ինչպես ասել եմ` մենք պատրաստ ենք տալ նման երաշխիքներ, երկարատև և անշրջելի երաշխիքներ, բայց նույնպիսի երաշխիքներ ակնկալում ենք ուրիշներից:
Մենք պատրաստ ենք գնալ այդ ճանապարհով և, բացի դա, անվտանգության երաշխիքների մի քանի մեխանիզմներ ենք առաջարկել Ադրբեջանին: Օրինակ, զորքերի հայելային հետքաշում Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ ադմինիստրատիվ սահմանի նկատմամբ: Այդ սահմանը 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրով վեր է ածվել պետական սահմանի, և Հայաստանն ու Ադրբեջանը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում պայմանավորվել են, որ այդ հենքի վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը: Զորքերի հայելային հետքաշումը հնարավորություն կտա, որ Ադրբեջանական ԽՍՀ բոլոր տարածքները լինեն՝ Ադրբեջանի, իսկ Հայկական ԽՍՀ բոլոր տարածքները՝ Հայաստանի վերահսկողության ներքո: Մենք նաև սահմանի դեմիլիտարիզացիա, այսինքն՝ ապառազմականացում ենք առաջարկել Ադրբեջանին: Նաև սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ, նաև չհարձակման մասին պայմանագրի ստորագրում, եթե կպարզվի, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը սպասվածից ավելի երկար ժամանակ է պահանջելու:
Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է խաղաղության օրակարգին և չի շեղվելու այդ օրակարգից»,- հայտարարել է Փաշինյանը՝ ըստ էության, մոռացության մատնելով երբեմնի գոնե ձևական պահանջը, թե Ադրբեջանը պետք է նախևառաջ հեռացնի իր զորքը 2021-2022 թվականներին օկուպացրած ՀՀ ինքնիշխան տարածքից։ Փոխարենը՝ Փաշինյանը բանակի օրը ԶՈՒ ղեկավարությանն առաջարկում է համակերպվել՝ Ադրբեջանի կողմից վերահսկելի լինելու իր օրակարգի հետ:
Եվ այս պարագայում Նիկոլ Փաշինյանը նախկինների հասցեին մեղադրանքներ է հնչեցնում՝ հնացած գաղափարների, էժանագին կենացների բանակ կառուցելու մեջ, մինչդեռ ինքը գեներալներին ստիպում է ատեստավորման գործընթացում շարային անել, մի կողմից՝ խոսում է նահանջի, հանձնվելու մասին, մյուս կողմից՝ միլիոնավոր դոլարների զենքի ձեռքբերման մասին, ինչը, մեղմ ասած, կենացի նման է հնչում:
Իսկ ինչ էին ասում նախկին իշխանությունները: Մասնավորապես, 2010 թվականի նոյեմբերի 1-13-ը Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը լայնամասշտաբ զորավարժություններ էր անցկացրել, որին հետևելու նպատակով Արցախ էր մեկնել Նախագահ Սերժ Սարգսյանը:
Զորավարժությունից հետո իր ելույթում Սերժ Սարգսյանը, մասնավորապես, նշել էր.
«Մենք հրապարակավ ասում ենք` այո՛, պատրաստ ենք գնալու փոխզիջումների, մենք պատրաստ ենք գնալու խնդրի լուծմանը, եթե կորոշվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջնական կարգավիճակը, այսինքն` Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության խնդիրը:
Եվ որպեսզի այս խնդիրը լուծվի, պարոնա՛յք զինվորներ և սպաներ, դուք մշտապես պետք է կարողանաք ավելի բարձր լինել, լինել ավելի մարտունակ, ձեր զենքը պետք է ավելի շուտ խոցի, ձեր կամքը պետք է գերակայի, ձեր նվիրվածությունը սահման չպետք է ունենա: Ես վստահ եմ, որ եթե հանկարծ գա ժամը, մենք կարողանալու ենք ոչ թե կրկնել այն, ինչ տեղի ունեցավ 1992-94 թվականներին, այլև վերջնականապես խնդիրը լուծելու ենք, վերջնականապես հարցը փակվելու է: Ի՞նչ պետք է անենք, որպեսզի կարողանանք հասնել մեր նպատակին: Մենք պետք է միշտ զգոն լինենք, միշտ պետք է պատրաստ լինենք: Եվ որևէ մեկը չպետք է կասկածի ձեր վճռականության վրա, ինչպես ե՛ս չեմ կասկածում, որովհետև շարունակվում են սադրանքները, կրակոցները, զոհվում են մարդիկ, և ոչ բոլորն են պատշաճ ուշադրության արժանացնում Ադրբեջանի այսպիսի պահվածքը: Ուրեմն պետք է զգոն լինենք, ուրեմն մեր զորավարժությունները, որ առավելագույնս մոտ էին մարտական իրավիճակին, պետք է զգուշացում լինեն ուրիշների համար, իսկ մեզ համար` դառնան կյանքի նորմ»:
Իսկ 2016-ի ապրիլի 3-ին ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանությունների ռազմական կցորդների հետ հանդիպման ժամանակ Դավիթ Տոնոյանը հստակ հայտարարել էր.
«Հայկական կողմը պատրաստ է ցանկացած զարգացման, անհրաժեշտության դեպքում՝ ընդհուպ մինչև ուղղակի ռազմական աջակցության ԼՂՀ պաշտպանության»:
Այս հայտարարություննե՞րն է Նիկոլ Փաշինյանը համարում կենաց:
Փաշինյանը խոսում է բանակաշինության և անվտանգության ոլորտում մեր ունեցած խնդիրների, ընդհուպ՝ ձախողումներին առերեսվելու մասին, մինչդեռ ինքը վախենում է ՀՀ ԶՈՒ նախկին հաղթանակներին առերեսվելուց ու պարտադրում բանակին չկատարել սահմանադրական իր պարտականությունը: Այո, սխալներին ու ձախողումներին պետք է առերեսվել, բայց խնդիրն այն է, որ Փաշինյանն ուրիշին ասում է մի բան, որին ինքը չի հետևում: Այսինքն, տեսնելով, որ Ադրբեջանի պահանջները կատարելով, խաղաղություն չի հաստատվում և նոր պատերազմի հավանականությունը մնում է, շարունակում է կատարել նրա պահանջները: Նիկոլ Փաշինյանը վախենում է առերեսումներից, որոնք գուցե հետագայում նա իրավական հարթությունում ունենալու է:
Բանակի օրը ելույթ էր ունեցել նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, նրա ելույթն ավելի շատ հաշվետվություն էր՝ սառը և մասնագիտական հաշվարկի վրա չհիմնված և զուտ բարձր աշխատավարձ խոստացող ծրագրերի, որոնք, բնական է, լուրջ բարեփոխում համարվեցին:
Սպառազինության գնումների մասով Պապիկյանի խոսքը համեմատաբար զուսպ էր, և լավ էր, որ գոնե նա իր խոսքում տեղ չէր տվել Փաշինյանի խաղաղության օրակարգին, որ, թերևս, հասկացել էր՝ միջոցառումը, ի վերջո, նվիրված է բանակի օրվան: Բայց շատ ավելի լավ կլիներ, որ իր քաղաքական առաջնորդի հայտարարությանը սթափ նայի, և ոչ միայն՝ որպես իշխող ուժը ներկայացնող ՀՀ պաշտպանության նախարար, այլև՝ պատմաբան…