«Ничего личного, это просто бизнес». Հայաստանին զենք վաճառելու թեմայով Հնդկաստանի պատասխանը՝ Ադրբեջանին
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հնդկաստանից Հայաստան զենքի մատակարարումների խնդրին:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Բայրամովը հայտնել է հնդկական կողմի պարզաբանումը:
«Մենք տեղյակ ենք Հնդկաստանից Հայաստան զենքի մատակարարումների պայմանագրերից: Իսկ Հնդկաստանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Հայաստանին զենքի մատակարարումը չպետք է պայմանավորել Ադրբեջանի՝ Թուրքիայի և Պակիստանի հետ գոյություն ունեցող բարեկամական հարաբերություններով: Նրանք հայտարարում են, որ դա իրենք (Հայաստանին զենք վաճառելը.- Մ.Պ.) դիտարկում են՝ որպես կոմերցիա, բիզնես, ոչ թե Ադրբեջանին վնասելու գործողություն: Այսպիսին է Հնդկաստանի պաշտոնական դիրքորոշումը»,- մանրամասնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը:
Ժամանակին գրեթե նույնատիպ պատասխան էր տալիս Ռուսաստանը, երբ Հայաստանը բարձրացնում էր Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը:
Մասնավորապես, 2013 թվականի հունիսին Երևանում «ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի ձևավորման քաղաքական-անվտանգային ուղենիշները» թեմայով ռազմաքաղաքական ֆորումի շրջանակում լրագրողների հետ զրույցում այդ ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել էր, թե Ադրբեջանին զենք վաճառելը Ռուսաստանի Դաշնության բիզնես հետաքրքրությունների շրջանակներում է և միտված է տարածաշրջանում հավասարակշռության պահպանմանը, հատկապես, երբ Հայաստանը ՀԱՊԿ ակտիվ անդամ է ու իր անվտանգությունն ապահովելու համար դաշնակիցներից օգնություն ստանալու իրավունք ունի:
«Ռուսաստանն Ադրբեջանին զենք է վաճառում, քանի որ դա բիզնես է, և Ռուսաստանը նույնկերպ զենք է վաճառում տասնյակ այլ երկրների, այդ թվում՝ նաև ոչ ՀԱՊԿ անդամների»,- շեշտել էր նա:
2016 թվականին էլ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը «Ռոսիա» հեռուստաընկերության եթերում ասել էր, որ տարածաշրջանի զենքի շուկայում այլ մատակարար երկրների հայտնվելն է՛լ ավելի կբարդացնի իրավիճակը:
«Եթե մենք մեկ րոպե պատկերացնենք, որ Ռուսաստանը հրաժարվում է այդ դերից, ապա հիանալի հասկանում ենք, որ այդ տեղը դատարկ չի մնա: Զենք կգնեն այլ երկրներից, դրանից, սակայն, զենքի մահացու լինելու աստիճանը չի նվազի, սակայն այդ պարագայում ինչ-որ չափով կխաթարվի հավասարակշռությունն այն համատեքստում, որ մենք տեղյակ ենք մեր գործընկերների պահանջմունքներից, և բոլորն էլ հասկանում են, թե ինչպիսին է տարածաշրջանում ուժերի դասավորությունը»,- ընդգծել էր նա:
Այսինքն, երկու դեպքում էլ գործ ունենք «ничего личного, это просто бизнес» սկզբունքի հետ, այլ հարց է, որ Ադրբեջանին ՌԴ-ի և Հայաստանին Հնդկաստանի կողմից մատակարարվող զենքն առնվազն քանակական առումով տարբերվում է, իսկ Ադրբեջանը տարբեր երկրներից լուրջ սպառազինություն է ձեռք բերում և ոչ միայն՝ պաշտպանվելու համար: