«Մանրամասն տեղեկատվության տրամադրումը հնարավոր չէ․ այն պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ». ՔԿ-ն՝ 42 մլն դոլարի զենքի մասին

168.am-ը գրել էր, որ 42 մլն դոլարի զենքի գործն ԱԱԾ-ն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե։ 168am-ը գրավոր հարցում էր ուղարկել այս առնչությամբ ՔԿ։

Նշենք, որ և՛ ԱԱԾ-ն, և՛ Քննչական կոմիտեն հրապարակման ենթակա չեն համարել տեղեկատվության տրամադրում, թե արդյոք այս պահի դրությամբ կա՞ն մեղադրյալներ, գործում ընդգրկված բարձրաստիճան պաշտոնյաներ կա՞ն, թե՞ ոչ:

«Ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեի նախագահին Ձեր կողմից հասցեագրված հարցման՝ հայտնում ենք, որ 2017 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ զինված ուժերի կարիքների համար սպառազինության միջոցների ձեռքբերման գործընթացում ՀՀ պաշտպանության նախարարության մի շարք պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական վարույթի նախաքննությունը 2022 թվականի փետրվարի 15-ից շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում:

Հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասի և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթները՝ Ձեր հարցմամբ նշված առավել մանրամասն տեղեկատվության տրամադրումը հնարավոր չէ, քանի որ պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ»,- նշված է Քննչական կոմիտեի գրավոր պատասխանում՝ ստորագրված Հատկապես կարևոր գործերի քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Լևոն Պետրոսյանի կողմից:

Հավելենք, որ 2020թ. մարտին ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից «Ազատությանն» ասել էին, որ 42 միլիոն դոլարի զենքի գործով մինչև այդ պահը Սերժ Սարգսյանին իրավապահնները չեն դիմել։

Տեսանյութեր

Լրահոս