42 մլն դոլարի զենքի գործը ՀՀ քննչական կոմիտե է ուղարկվել

2020թ. մարտի 11-ին՝ Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրում բնակիչների հետ հանդիպման ժամանակ՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր

«Դեպք ունենք, ժողովուրդ, Սերժ Սարգսյանի իշխանությունը 42 մլն դոլար տվել է, զենք են առել, այդ զենքը չի աշխատում, ընդհանրապես ոչ մի բանի պիտանի չի, ընդամենը մետաղի ջարդոն է: 42 մլն դոլար են տվել, ու այդ զենքը ոչ մի բանի պիտանի չի, դա զենք էլ չի: Հիմա քրեական գործ է հարուցված, թող Սերժ Սարգսյանը գա՝ սրա պատասխանը տա…»։

Այդ օրերին 168.amփորձել էր ՊՆ իր աղբյուրներից մանրամասներ ստանալ: Պարզվել էր, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իրականությանը չէին համապատասխանում, նրա մատնանշած զենքը ՀՀ է բերվել 2016թ. ամռանը՝ ԶՈՒ համապատասխան ստորաբաժանման տեխնիկական պատվերի հիման վրա: Թե ի՞նչ նպատակով է ձեռք բերվել, և որո՞նք են պատճառները՝ մանրամասները հրապարակել չէինք ցանկացել:

Ավելի ուշ այլ լրատվամիջոցներում տեղեկություններ շրջանառվեցին, թե խոսքը 2016-2017 թվականներին ձեռք բերված ռադիոէլեկտրոնային միջոցների մասին է, որի բացահայտումն արել է Ազգային անվտանգության ծառայությունը:

Ըստ մամուլում հայտնված տեղեկությունների, Ազգային Անվտանգության ծառայության կողմից սույն քրեական գործով կալանավորվել էր ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի Ռադիոէլեկտրոնային պայքարի զորքերի բաժնի նախկին պետ Վահան Ավետիսյանը, ընդ որում, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից առաջ, իսկ մի քանի ամիս հետո՝ 2020թ. հուլիսին, ազատ էր արձակվել:

168.am-ի աղբյուրները փոխանցել էին, որ այդ դեպքով նախկինում նույնիսկ քրեական գործ է հարուցված եղել, այսինքն՝ ավելի ազնիվ կլիներ, եթե Փաշինյանը խոսեր այդ գործի մասին:

Ի դեպ, ուշագրավ է նաև այն, որ Վահան Ավետիսյանն Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում որպես փորձագետ՝ խորհրդատվական ծառայություններ է մատուցել Փաշինյանի իշխանությանը:

168.am-ը հոկտեմբերի 5-ին հարցում էր ուղարկել ԱԱԾ, հետևյալ հարցադրումներով՝

1. Մինչև 2018 թվականը 42 միլիոն դոլարի զենքի գնման առնչությամբ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործն ի՞նչ փուլում է, կա՞ն արդյոք գործում ընդգրկված բարձրաստիճան պաշտոնյաներ: Կամ՝ այս պահի դրությամբ կա՞ն մեղադրյալներ և քանի՞ հոգի են:

2. 2020 թվականի մարտին 11-ին նախատեսված Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե գնվել է «ոչ մի բանի պիտանի մետաղաջարդոն»: ԱԱԾ վարույթում քննվող գործի շրջանակներում ապացուցվե՞լ է՝ ՀՀ վարչապետի հնչեցրած հայտարարության նշված ձևակերպումները որքանո՞վ են համապատասխանում իրականությանը:

Մեր հարցադրումներին ի պատասխան՝ ԱԱԾ-ից ստացված գրության մեջ նշվում է.

«Ի պատասխան ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենին հասցեագրված 05.10.2022 թ.-ի տեղեկություն ստանալու մասին Ձեր գրավոր հարցման՝ հայտնում ենք, որ հարցման մեջ բարձրացված տեղեկությունները հանդիսանում են նախաքննական գաղտնիք և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ ենթակա չեն հրապարակման:  Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ հարցմամբ հիշատակված քրեական վարույթն ըստ քննչական ենթակայության ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե»:

168.am-ն այս թեմայի վերաբերյալ հարցում է ուղարկել նաև ՀՀ քննչական կոմիտե:

Պատասխանը ստանալուն պես կհրապարակենք:

Հավելենք, որ 2020թ. մարտին՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի վերը նշված հայտարարության, ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից «Ազատությանն» ասել էին, որ 42 միլիոն դոլարի զենքի գործով մինչև այդ պահը Սերժ Սարգսյանին իրավապահնները չեն դիմել։

Տեսանյութեր

Լրահոս