Փաշինյանն արտահերթ ընտրությունների միջոցով կփորձի ևս մեկ անգամ վերաթարմացնել իր «լեգիտիմությունը», որ Արցախից հետո հանձնի Սյունիքը. Արմեն Բաղդասարյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Չեմ կարծում, որ բանակցությունները կանգնած են։ Կարծում եմ՝ դրանք ինտենսիվ ընթանում են ու դրանով մոտեցնում թե՛ Ադրբեջանի ու Հայաստանի միջև կնքվող պայմանագրի ստորագրումը, թե՛ դրա ձախողումը։ Վստահ եմ, որ հիմնական խնդիրն այն է, որ Ադրբեջանը պահանջում է պայմանագրի մեջ ներառել ադրբեջանցի փախստականների վերադարձի կետը։ Խնդիր է նաև, թե որ քարտեզներով են դա անելու։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունի Հայաստանի նկատմամբ։
- Երբ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասում է՝ եթե Հայաստանը քայլ անելուց առաջ լավ չմտածի, կարող է դուրս մնալ տարածաշրջանային ծրագրերից, դա ուղիղ սպառնալիք է։ Հայաստանը մանևրելու տեղ չունի․ նա պետք է ընտրություն կատարի։
- Բոլորը հասկանում են, որ ամենաշատը Հայաստանին է պետք խաղաղությունը, ու դրա համար հնարավորինս բարձր գին են առաջարկում։ Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են հանել «այդ անիծյալ սեպը»՝ Զանգեզուրի միջանցքը։
- Հայաստանի իշխանությունները նույնիսկ չտխրեցին, երբ Արցախը հայաթափվեց, որովհետև մտածում էին՝ եթե Արցախում հայ չի ապրում, ադրբեջանցի փախստականների վերադարձի հարցը դուրս կգա օրակարգից։ Սակայն այդպես չեղավ։ Արցախը հայաթափվեց, բայց Ադրբեջանը պնդում է, այսպես կոչված, ադրբեջանցի փախստականների վերադարձը Հայաստան։
- Ադրբեջանին ոչ թե խաղաղություն է պետք, այլ խաղաղության գործընթացի իմիտացիա, որպեսզի Հայաստանի վրա ճնշումներ գործադրելով՝ ստանան իրենց ուզածը։ Իսկ Փաշինյանին պետք է իշխանություն՝ այդ իշխանությունը վայելելու հնարավորություն։ Փուլային տարբերակով կարգավորումը Նիկոլ Փաշինյանի համար բավականին ձեռնտու է։ Նրան շտապեցնում են, ինքն էլ մտածում է՝ կզիջի փուլ առ փուլ, ինքն էլ կպահպանի իր իշխանությունը։ Որովհետև ինքը տեսավ, որ կորցրեցինք Արցախը, ու ոչինչ տեղի չունեցավ։
- Աշխարհաքաղաքական խնդիրների մեջ Ադրբեջանը չի կարող լինել ինքուրույն խաղացող։ Նա Թուրքիայի պրոքսի պետությունն է։ Թուրքիան հիմա իդեալական վիճակում է, որովհետև հիմնական միջնորդն է Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում։
- Այն, ինչ Նիկոլն անում է քաղաքականության մեջ, արկածախնդրություն է․ կամ այս կողմ, կամ այն կողմ։ Դա խաղամոլի հոգեբանություն է։ Մարդն իր ընտանիքի ունեցվածքի հետ նման կերպ չի վարվի, ինչպես Նիկոլը վարվում է Հայաստանի հետ։
- Հայաստանի իշխանությունները պարզունակ, գավառական շուստրիության են դիմում։ Նիկոլ Փաշինյանը խոսում է ՀԱՊԿ-ից դուրս չգալու մասին, իսկ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը խոսում է արտադաշինքային պետություն ստեղծելու մասին։ Ու իրենց թվում է՝ ոչ ոք ոչինչ չի հասկանում։
- Ռուսաստանը մեզ շատ պարզ ասում է՝ կամ դուք կլինեք ռուսական ֆորպոստ, կամ գոյություն չեք ունենա։ Արևմուտքն էլ, իր հերթին, մեզ շատ պարզ ասում է՝ կամ կլինեք թուրքական վիլայեթ, կամ գոյություն չեք ունենա։ Սրանից խուսանավելու համար պետք է իրավիճակը հասկացող, նորմալ, ադեկվատ, խելամիտ իշխանություն, որը մենք չունենք։ Այս պարագայում որ ուղղությամբ էլ գնա, Հայաստանին սպասվում է ողբերգական սցենար։
- Հայաստանը միակ պետությունն է, որի իշխանությունը հաջողացրել է այնպես անել, որ իրեն հավասարապես թշնամի են համարում թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան։
- Հայաստանն իրեն պահում է խռոված երեխայի պես։ Այն, ինչ կարելի է անել ներքին քաղաքականության մեջ, օրինակ, աջուձախ խաբել, արտաքին քաղաքականության մեջ չի աշխատում, պատժում են: Եվ պատժում են երկրին, ժողովրդին:
- Արևմուտքը հայկական Արցախն ընկալում է՝ որպես ռուսական ազդեցության ընդլայնման գործոն: Իսկ եթե չկա Արցախ, չկան նաև ռուս խաղաղապահներ:
- Նիկոլ Փաշինյանը չի պատկերացնում՝ ինչ է Արցախի հարցը, դրա համար էլ ասում է՝ Արցախի հարց 1996 թվականից՝ Լիսաբոնից հետո, գոյություն չի ունեցել: Մինչդեռ հենց Նիկոլ Փաշինյանը զրոյացրեց Արցախի հարցը: Տվեց Արցախը, փոխարենը չկորցրեց իշխանությունը, նշանակում է՝ բախտը բերեց:
- Նիկոլ Փաշինյանի պատկեևրացմամբ՝ Արևոմուտքը և Ռուսաստանը կռվում են նաև Սյունիքի համար, հիմա էլ հավանաբար մտածում է՝ Սյունիքը տամ, պրծնեմ:
- Նիկոլ Փաշինյանի մտածելակերպով՝ ինչ հայրենիք, կարևորը՝ մարդը լավ ապրի, երջանիկ լինի, իսկ հանուն պայծառ ապագայի կարելի է և զոհեր տալ:
- Այս իշխանությունների նպատակն է՝ քայքայել ընդդիմությունըէ թույլ չտալով, որ ընդդիմության վարկանիշը բարձրանա:
- Ընդամենը երկու ամիս է անցել, որ Արցախը չկա, բայց մարդիկ դրա մասին մոռացել են։
- Հայաստանը թանկ գինը վճարում է, բայց այն, ինչի դիմաց վճարում է, երբեք չի ստանալու։
- Որևէ պետության անվտանգության թիվ մեկ երաշխիքը ողջամիտ արտաքին քաղաքականություն վարելն է։ Հայաստանն անում է այնպես, որ հարևանների մոտ ցանկություն առաջանա հարձակվել մեզ վրա։
- Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանին շանտաժ է անում, բայց այդ շանտաժը ծիծաղելի է։ Ոչ Արևմուտքն է ձգտում Հայաստանին ինչ-որ բան առաջարկել, ոչ էլ Ռուսաստանն է պատրաստվում այստեղից դուրս գալ։ Իսկ եթե չափն անցնեն, Ռուսաստանն Ադրբեջանի ձեռքով մի սադրանք կկազմակերպի, ու Հայաստանից կմնա կամ միայն Երևանը, կամ կրկին կգնանք, կխնդրենք Ռուսաստանին մեզ փրկել, ասենք, ՀՀ տարածքում մեր ծախսով ևս երեք ռազմաբազա ունենալու գնով։
- Մենք ժամանակ չունենք․ պետք է հաշվարկենք սպառնալիքների ահագնությունը, ոչ թե խոստումների պատրանքներն ու գեղեցկությունը։
- Ցանկացած քաղաքացի իրեն հարց պիտի տա․ ի՞նչն է կարևոր․ տրված խոստումները լա՞վն են, թե՞ վատը, դրանք իրականանալի՞ են, թե՞ ոչ։
- Պայմանագիր չի ստորագրվելու․շատ ավելի վտանգավոր է այն, որ Ադրբեջանի պահանջներն իրենք կատարելու են ռազմական ճանապարհով։ Ադրբեջանը կվերցնի միջանցքը ու կասի՝ Հայաստանն է մեղավոր, որ չկատարեց Նոյեմբերի 9-ի փաստաթղթի պահանջները։
- Արցախի ամբողջական հանձնումից հետո Նիկոլ Փաշինյանին պետք է ևս մեկ անգամ վերաթարմացնել իր լեգիտիմությունը, որ հանձնի հաջորդ կտորը՝ Սյունիքը։ Դա նա կանի հերթական արտահերթ ընտրությունների միջոցով։
Մանրամասները՝ տեսանյութում։