
Գեղցու մտածելակերպով կարծում են, թե կարող են «ֆռռացնել» բոլորին՝ առանց մտածելու երկրին սպառնացող հետևանքների մասին. Սերգեյ Շաքարյանց

Նախօրեին՝ իտալական In Terris պարբերականին տված հարցազրույցի ժամանակ, Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Էլչին Ամիրբեկովը «վստահեցրել էր», որ Ադրբեջանը մոտակա ժամանակահատվածում չի պատրաստվում հարձակվել ՀՀ սուվերեն տարածքի վրա: Նա անհիմն էր համարել պնդումները, որ Հայաստանի վրա հնարավոր հարձակման պատճառը թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջած «Զանգեզուրի միջանցքն» է:
«Եթե Հայաստանն այս հարցում չկատարի իր պարտավորությունները, մենք, ըստ էության, այլընտրանքային տարբերակ ունենք՝ կիրականացվի երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ Իրանի տարածքով կապելու նախագիծը: Հայաստանը կմնա տարածաշրջանային փակուղու մեջ, և դա լինելու է հենց հայերի ընտրությունը»,- ասել էր նա՝ հայտարարելով, թե «Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի Հայաստանի նկատմամբ»:
Իսկ արդեն այսօր Իլհամ Ալիևը, հակասելով իր իսկ դեսպանի հայտարարություններին՝ հայտարարել է, թե Հայաստանը «չի կատարել իր պարտավորությունները՝ կապ ստեղծելու Արևելյան Զանգեզուրի և Նախիջևանի միջև»։
Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի գնահատմամբ՝ Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող ճանապարհ այս պահին էլ գոյություն ունի՝ Իրանի տարածքում: Այս պարագայում նա անտրամաբանական որակեց ադրբեջանական կողմի հայտարարությունը՝ «Զանգեզուրի միջանցքն» Իրանի տարածքով անցնող մեկ այլ՝ նույնպիսի ճանապարհով փոխարինելու վերաբերյալ: Իսկ տարբեր հարթակներում միմյանց հակասող հայտարարություններով, ըստ քաղաքագետի, թշնամական երկրի իշխանությունները փորձում են շփոթություն առաջացնել միջազգային հանրության մոտ:
«Իրենք ադրբեջանցի չեն: Իրենց լավագույն դեպքում կարելի է անվանել «Կովկասյան թաթարներ»: Իսկ այդ ցեղախմբի ներկայացուցիչներն այսպիսի հայտարարություններով փորձում են փափուկ բարձ դնել բոլորի գլխի տակ՝ իրենց հետագա ծրագրերն իրականացնելու համար: Այդ ամբողջը ստախոսություն է: Նրանք որևէ առիթ չունեին, երբ հարձակվեցին ու գրավեցին Սև լճի տարածքները՝ միևնույն ժամանակ հայտարարելով, թե Հայաստանն է նախահարձակ եղել: Նույնը նաև անցյալ տարվա սեպտեմբերյան դեպքերին է վերաբերում, երբ հարձակվեցին առանց որևէ պատճառի ու գրավեցին Ջերմուկի բարձունքները»,- 168.am-ի հետ զրույցում հիշեցրեց քաղաքագետը:
Այս պարագայում, ըստ նրա, Բաքուն չէ, որ կայացնում է հարձակում գործելու կամ չգործելու որոշումը: Զուգահեռներ տանելով Իսրայելի կողմից Գազայում տարվող գործողությունների հետ՝ Շաքարյանցը համոզմունք հայտնեց, որ Սյունիքը թշնամուն առավելապես պետք է այլ երկրների ներգրավվածության միջոցով Իրանի վրա հարձակվելու համար՝ հաշվի առնելով նաև փաստը, որ այդ երկիրը խանգարում է իրենց՝ իրականացնել տարածաշրջանային ծրագրերը: Սա, ըստ նրա, Արևմուտքի ու Իսրայելի ծրագիրն է, որի իրագործման գործիք են դառնում նաև ՀՀ ներկա իշխանությունները:
«Երբ Երևանի իշխանավորները պարտադրվել են թուրքերին հանձնել, նվիրել կամ ծախել Սյունիքը, միայն Իրանն է, որ ընդդիմացել է դրան՝ ընդհուպ սպառնալով ռազմական միջամտությամբ: Այդ պատճառով ստեղծել են այդ «խաղաղության խաչմերուկ» կոչված գաղափարը, որը բերելու է երկու հետևանքի՝ սրանք ամբողջ Հայաստանն են սարքում «միջանցք», ապա նաև պառակտվածություն են առաջացնում՝ ըստ ազդեցության գոտիների:
Այսինքն, դե յուրե, քարտեզի վրա կլինի «Հայաստան» անվանումը, բայց իրականում այն կվերածվի այնպիսի «երկրի», ինչպիսին Իրաքն ու Սիրիան են: Այդ պետությունները գործնականում չկան, քանի որ դրանց տարածքները բաժանված են ազդեցության գոտիների: Այդ խաչմերուկի բացվելու դեպքում մենք անգամ սուտի խաղաղություն չենք կարողանա պահպանել: Իզուր չէ, որ այս վերջին շրջանում արևմտյան այդքան երկրներ հետաքրքրվում են այս տարածքով՝ ԱՄՆ դեսպան, Ֆրանսիայի դեսպան…»,- ասաց քաղաքագետը:
Ավելին, Ադրբեջանի ԱԳՆ-ն այսօր «խստորեն դատապարտել էր» Ֆրանսիայից Հայաստան «հարձակողական զենք ուղարկելու» փաստը՝ հայտարարելով, թե գործողություններ են տարվում՝ Հայաստանի ռազմականացման ու «ապակառուցողական գործողությունների իրականացմանը նպաստելու ուղղությամբ:
Հայաստանն ու Ֆրանսիան պետք է վերջ դնեն տարածաշրջանում սպառազինման և ռազմականացման քաղաքականությանը, այս երկրները պետք է վերջապես հասկանան, որ տարածաշրջանում խաղաղությունն ու համագործակցությունն այլընտրանք չունեն»,- հայտարարել էին թշնամական երկրի արտաքին գերատեսչությունից:
Իսկ Ալիևն այսօր հերթական «մեղադրանքներն» է ուղղել հայկական կողմին՝ հայտարարելով, թե իբր ՀՀ-ն «ոչ միայն դուրս չի բերել իր ԶՈւ-ն Ղարաբաղից, այլև միտումնավոր օգտագործել է այդ տարածքը ռազմական տեխնիկա, զինված ուժերի անձնակազմ և ականներ տեղափոխելու համար»։
Անդրադառնալով թշնամական երկրի հայտարարությանը՝ քաղաքագետը համոզմունք հայտնեց, որ հիմա էլ կրկնվում է անցած տարիներին Հայաստանի վրա հարձակում գործելու նախապատրաստական գործընթացի սցենարը, երբ տարածաշրջանային լարման մեղքը փորձում էին հերթական անգամ բարդել հայկական կողմի վրա:
«Իրականում, նրանք իրենց զորավարժություններով բավականին կտրուկ ու ակնհայտ ցուցադրում են, որ պատրաստվում են հարձակման: Եթե չեն պատրաստվում՝ խնդրեմ, թող կամավոր կարգով հեռանան իրենց զավթած Հայաստանի տարածքներից: Չեն գնում, չէ՞: Հակառակը, քանի անգամ Երասխն են գնդակոծել՝ գործնականում դադարեցնելով այնտեղի մետաղաձուլական գործարանի աշխատանքը: Իրենք չեն էլ թաքցնում, որ դեռ 8 գյուղ էլ պետք է գրավեն, զավթեն»,- ասաց Ս. Շաքարյանցը՝ արձանագրելով, որ ՀՀ գործող իշխանությունների՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարած «խաղաղության դարաշրջանը» սկսվել ու ավարտվել է պատերազմներով ու կորուստներով:
«Այնպես որ, իրենց «Խաղաղության խաչմերուկը» նույնն է բերելու՝ կորուստներ, սպանություններ, զոհեր: Ու եթե սրանք շարունակում են երգել նույն «խաղաղության» երգերը, ապա շատ ավելի վատ իրավիճակում ենք լինելու, քան հիմա գտնվում ենք: Բոլորը գիտեն, որ Հայաստանի առևտրատնտեսական գործընկերները Ռուսաստանը, Չինաստանն ու Իրանն են: ՀՀ այս իշխանությունները հենց այդ երկրների հետ են փչացնում հարաբերությունները: Իսկ ով չի հասկանում «ապադաշինքային»-ի գաղափարը, այն, որ այսպիսով նրանք միացել են ՆԱՏՕ-ին՝ գեղցու մտածելակերպով կարծում են, թե կարող են «ֆռռացնել» բոլորին՝ առանց մտածելու սպառնացող հետևանքների մասին: Լավ, Հայաստանի ներսում խաբում եք, բայց դրսում էլ չեք կարող հավերժ խաբել»,- իր վրդովմունքն արտահայտեց Սերգեյ Շաքարյանցը՝ հիշեցնելով այդպիսի գործելաոճ ցուցաբերած Ուկրաինայի օրինակը:
Քաղաքագետը հավաստիացրեց՝ կգա ժամանակ, երբ Հայաստանն Ուկրաինայից շատ ավելի վատ վիճակում կհայտնվի, իսկ այդ երկրում առկա իրավիճակը պարզապես խաղ կթվա մեզ համար:
Նազելի Ստեփանյան