Պուտինն ու իր զինակիցներն այլևս չեն վերահսկում իրավիճակը Ռուսաստանում․ պատմաբան Գիլբերտ Դոկտորովը՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
Ռուսաստանում սաստկանում է գրաքննությունը, խորանում է բյուրոկրատիան, Պուտինն ու իր մերձավոր զինակիցներն այլևս չեն վերահսկում իրավիճակը։ Նորվեգացի քաղաքագետ Գլեն Դիզենի հետ հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել միջազգային հարաբերությունների վերլուծաբան, պատմաբան, «Պատերազմական օրագրեր. Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը, 2022-2023» գրքի հեղինակ Գիլբերտ Դոկտորովը (Dr. Gilbery Doctorow, Ph.D.)՝ խոսելով ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանի և Ուկրաինայի հասարակություններում տեղի ունեցող փոփոխությունների մասին։
Ըստ նրա՝ երկու հասարակություններում խոշոր փոփոխություններ չեն եղել, բայց ամեն դեպքում դրանք նկատելի են։
«Եթե նայենք հասարակության մեջ տեղի ունեցող փոփոխություններին՝ վերջին 17 օրվա ընթացքում ես տեսել եմ որոշ խնդիրներ։ Դրանք հին խնդիրներ են, բայց նախկինում դրանք հաջողվում էր զսպել վերջին 25 տարիների ընթացքում Պուտինի և իր թիմի կատարած մանրակրկիտ աշխատանքի շնորհիվ։ Իսկ գերաճած բյուրոկրատիան նշան է այն բանի, որ պարոն Պուտինը և իր մերձավոր զինակիցներն այլևս վերահսկողության տակ չեն պահում իրավիճակը։
Նախկինում նրանք կրճատում էին իշխանության և հասարակության միջև անջրպետը, բարելավում էին վարչակազմի և քաղաքացիների միջև հարաբերությունները, նրանք թվայնացնում էին այդ հարաբերությունները՝ մարդկային գործոնը բացառելու և կամայականության վտանգները կրճատելու համար։ Այս ամենն այժմ փլուզվում է։
Աճում է կարգավորումների թիվը՝ նույնիսկ ամենապարզ բաների համար՝ ինչպես, օրինակ, օտարերկրացիների գրանցումն է։ Օտարերկրացիները միայն ես և դուք չենք, դրանք մեծամասամբ Ղազախստանից, Տաջիկստանից և նմանատիպ երկրներից ժամանող մարդիկ են, բոլոր նրանք, ովքեր գալիս են՝ որպես աշխատանքային միգրանտներ, կամ, որովհետև նրանք ազգականներ ունեն Ռուսաստանում»,– նշել է Դոկտորովը։
Վերլուծաբանի խոսքով՝ ռուսական իշխանություններն ընդունում են որոշումներ, որոնք բարդացնում են մարդկանց կյանքը և անվերահսկելի են, քանի որ կառավարության ուշադրությունն ուղղված է այլ կողմ։
«Վլադիմիր Պուտինի առաջին քայլերից մեկը մանր կոռուպցիայի սահմանափակումն էր, որն ամենուրեք էր։ Այժմ կոռուպցիայի համար նման հնարավորությունները վերադարձել են։ 1990-ականներին եթե ինչ-որ մեկը մեքենա ուներ, նրան անպայման կանգնեցնում էր ճանապարհային ոստիկանությունը և գումար էր շորթում իրական կամ հաճախ հորինված խախտումների համար։ Հիմա դա վերադարձել է, և սա ինձ համար նշան է, որ կառավարությունը կորցրել է վերահսկողությունն այս երկրի նկատմամբ, ինչի պատճառով մարդկանց կյանքն ավելի է բարդացել»,– կարծում է Գիլբերտ Դոկտորովը։
Պատմաբանի խոսքով՝ պատերազմը ցավոտ չէ շատ մարդկանց համար, թեև Ռուսաստանի մարդկային կորուստներն այս պատերազմում բնակչության տոկոսային հարաբերակցությամբ երկու անգամ ավելի շատ են, քան Միացյալ Նահանգների մարդկային կորուստները Վիետնամի պատերազմում։ Ավելի կոնկրետ՝ վիետնամական պատերազմում ամերիկյան բանակն ունեցել է մոտ 65 հազար զոհ, իսկ Ռուսաստանն արդեն 150 հազար զոհ ունի այս պատերազմում։
«Հիմա, ինչո՞ւ չկան բողոքի ցույցեր այս ամենի դեմ։ Քանի որ ռուսները շատ լավ սերտել են Նիքսոնի դասերը և Վիետնամի պատերազմի արդյունքները։ Պատերազմը վարում են պրոֆեսիոնալները և կամավորները, ոչ թե զինակոչիկները։ Ռուսաստանում տարեկան անցկացվում է զորակոչ՝ հիմնական բանակը համալրելու նպատակով։ Այդ զորակոչերի թիվն ավելանում է՝ ըստ զինված ուժերի ընդլայնման՝ պատրաստվելով ՆԱՏՕ-ի հետ հնարավոր հակամարտությանը։ Սակայն զինակոչիկներից որևէ մեկը ՌԴ սահմաններից դուրս չի ուղարկվում»,- հավելել է Գիլբերտ Դոկտորովը։

