«….Դեռ աքաղաղը չկանչած, երեք անգամ ինձ պիտի ուրանաս». Արարատում էլ Գևորգ Սրբազանի ներկայությամբ խմբագրվեց Վեհափառի անունը

Նիկոլ Փաշինյանն ու շրջիկ հավատացյալների խումբն այս անգամ Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում մասնակցեցին կիրակնօրյա արարողության. չենք շտապում այն անվանել «Պատարագ»` ինչպես Նիկոլ Փաշինյանն ու այլք։

Իսկ վերջինի համար, իհարկե, պատճառներ կան և առաջինը` շատ հոգևորականների հասցեին ուղղվող Փաշինյանի մաղձի դոզան է ու անհարգալից վարքը Վեհափառ Հայրապետի հանդեպ, հոգևորականների ձերբակալումներն ու կալանքները։ Ավելին` «Մայր Աթոռ»֊ն ազատագրելու կոչերի հակառակ կողմում գտնվող այս կիրակնօրյա աղոթասացությունները չափազանց անազնիվ են։

Մյուս պատճառը Պատարագ մատուցելիս հանուն Փաշինյանի արվող կանոնական շեղումներն են` խմբագրումները. հոգևորականները խմբագրում են վեհափառին առնչվող հատվածները, խմբագրում են այն մարդու անունն ու կոչումը, որի օծմամբ են նրանք այսօր արժանացել եկեղեցում ծառայելու պատվին, որն աջակցել է նրանց անվճար ուսմամբ, սնունդով, առողջապահությամբ, արտերկրյա ուսումնառությամբ և աշխատանքով։

Նկատենք` արդեն իսկ տեղեկություններ կան, որ «նախապես պայման է դրվում, որ պատարագի տեքստից պետք է զեղչվի Կաթողիկոսի անունը» և ապա Փաշինյանը մտնի եկեղեցի։

Գարեգին Երկրորդին ուրանալը լեգիտիմացնում են Սրբազանները, որոնք ներկա են ստանում այդ արարողությունների ժամանակ` ինչպես Աբրահամ Սրբազանը` Խաչիկում և Գևորգ Սրբազանը` Արարատում։

Բայց դե այս տեսակ «ուրացումն ու մատնությունը» նոր չէ քրիստոնյա շրջանակների համար. եթե Հիսուս Քրիստոսին իր աշակերտներից Հուդան մատնեց, իսկ Պետրոսը մինչև աքաղաղի կանչելը երեք անգամ ուրացավ, ապա առավել ևս Գարեգին Երկրորդին` Աստծու մահկանացու ծառային ուրանալը, որքան ավելի սպասելի պետք է լիներ։

Մեկ այլ արձանագրում ևս.սրբազանները արարողության մի դրվագում` «ողջոյն»֊ի ժամանակ, գրկախառնվում են Նիկոլ Փաշինյանի և մյուս ներկա անձանց հետ, ինչը ևս սրբազան կարգի խախտում է, քանի որ հոգևոր դասն աշխարհիկ ներկաներին «ողջոյն»֊ը փոխանցում է փիլոնի քղանցքը բռնած` ձեռքով դիպչելով խոնարհված հավատացյալների գլխին։

Բայց դե սա արդեն երկրորդական է…

Տեսանյութեր

Լրահոս