«ՀՕՖ-ում գտնվող երեխաներին մի քանի անգամ տեսակցել է և՛ իմ մայրը, և՛ նրանց մայրը, նրանք մեր ուշադրության կենտրոնում են». Ծափաթաղի վարչական ղեկավար
Հոկտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղից անհետացած և նոյեմբերի 2-ին սպանված հայտնաբերված 3-ամյա Տիգրան Օվանեսովի 3 եղբայրները և քույրը շարունակում են գտնվել ՀՕՖ-ում։
Ծափաթաղի վարչական ղեկավար Դավիթ Գզողյանի խոսքով՝ օրերս փոքրիկ Տիգրանի հորեղբոր համար միասնական սոցիալական ծառայության մասնագետները նրանց տուն այց են կատարել՝ հասկանալու, թե նրա հարցն ինչպես պետք է լուծվի, քանի որ վերջինս ունի առողջական որոշակի խնդիրներ։
«Երեխաների մայրն այդ միջադեպից մի քանի օր անց տեղափոխվել է իր հայրական գյուղ, իր հայրական տանն է ապրում, դե գիտեք, երեխաներն էլ ՀՕՖ-ում են։ Իսկ հորեղբորը երևի հաջորդ շաբաթ պետք է ուղարկեն հերթական ստուգումների, տեսնեն՝ հետագան ինչ է լինելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Գզողյանը։
Երեխաների հորաքույրը, ով մինչև այդ ողբերգական դեպքն ապրում էր Տիգրանի ընտանիքի հետ միասին նույն տանը, դեպքից հետո տեղափոխվել է իր տուն։
«ՀՕՖ-ում գտնվող երեխաներին մի քանի անգամ տեսակցություն է եղել, նրանց տեսակցել է և՛ իմ մայրը, և՛ երեխաների մայրը։
Երեկ երեխաների մայրիկի հետ եմ հանդիպել, ասաց, որ պետք է կրկին այցելի իր երեխաներին։ Երեխաների հորաքույրն ու մորեղբայրն էլ էին այցելել նրանց։ Այս պահին կդժվարանամ խոսել այս երեխաների հետագա ճակատագրի մասին, բայց նրանք մեր ուշադրության կենտրոնում են»,- եզրափակեց Դավիթ Գզողյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում անհետացել էր 3-ամյա Տիգրան Օվանեսովը։ Օրեր անց, նոյեմբերի 2-ին, ժամը 15-ի սահմաններում, Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում փրկարարները հայտնաբերել էին երեխայի դին՝ մարմնի, գլխի շրջանում մարմնական վնասվածքներով։
Այնուհետև ՆԳ նախարարը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ նախնական տվյալներով՝ երեխային խեղդամահ է արել հայրը։ Քննչական կոմիտեն էլ հայտնել էր, որ երեխային սպանած անձը կալանավորվել է։

