Ո՞ւր է ՀՀ նախագահը

«Խորապես մտահոգված ենք Պաղեստինի և Իսրայելի միջև լարվածության սրմամբ, որը հարյուրավոր անմեղ կյանքեր խլեց և բազմաթիվ մարդկանց վիրավոր թողեց»,- նախագահ Վահագն Խաչատուրյանի երեկվա թվիթերյան այս գրառումը հանրային, քաղաքական շրջանակներում ծաղրի ու քննադատության արժանացավ:

Մարդիկ հիշեցնում էին՝ սահմանադրորեն պետության գլուխ հանդիսացող ՀՀ նախագահն Արցախում էթնիկ զտումների օրերին ձայն ու ծպտուն չհանեց, սակայն այսօր, փաստորեն, խորապես մտահոգված է Պաղեստինի և Իսրայելի միջև լարվածության սրմամբ:

Իսկ Արցախում՝ հայկական երկրորդ հանրապետությունում, ընդամենը շաբաթներ առաջ 9-ամսյա շրջափակումից հետո պատերազմ էր սանձազերծել Ադրբեջանը: Պարտադրված բանակցային գործընթացներից հետո սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը՝ «ստեղծված ռազմաքաղաքական ծանր իրավիճակի կապակցությամբ՝ ելնելով Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության և կենսական շահերի ապահովման առաջնահերթությունից», հրամանագիր էր ստորագրել, որով Արցախի Հանրապետությունը կդադարի իր գոյությունը 2024 թ. հունվարի 1-ից:

Սեպտեմբերի 24-ից սկսվել էր Արցախի մեր հայրենակիցների բռնի տեղահանումը:

Կարդացեք նաև

Հայ ժողովրդի համար այս ճակատագրական օրերին ՀՀ նախագահի կայքէջում հերթապահ իրադարձություններ էին՝ ՀՀ նախագահն ընդունել է այսինչ դեսպանին, այնինչ արքեպիսկոպոսին, այսինչ պատվիրակությանը, շնորհավորել է ինչ-որ երկրի նախագահի, ցավակցել՝ մեկ ուրիշին:

Բայց չէ՞ որ ՀՀ նախագահը, ըստ Սահմանադրության 123-րդ հոդվածի, պետք է լիներ

պետության գլուխը, հետևեր Սահմանադրության պահպանմանը՝ ասել է թե, թույլ չտար, որ գործող իշխանությունները, հակառակ Սահմանադրության, Արցախն այլ պետության կազմում ճանաչեին, իր լիազորություններն իրականացնելիս լիներ անաչառ, առաջնորդվեր բացառապես համապետական և համազգային շահերով:

Ի դեպ, նախագահի երդվյալ լռությունը խախտելու համար 168.am-ը հարցադրումներ էր հղել նրան դեռևս սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի տարելիցի օրը՝ նրանից մասնավորապես հետաքրքրվելով. «Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի Հանրապետության օրվա առթիվ Ձեր ուղերձում շեշտել էիք՝ «հակամարտության համապարփակ ու երկարատև կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես խաղաղ գործընթացով, միջազգային մեխանիզմի կիրառմամբ և Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով»։

Սեպտեմբերի 17-ին լրագրողների հետ զրույցում վստահեցրել էիք.  «Մենք հասել ենք այն հանգրվանին, որ իրականում պետք է կարողանանք Լեռնային Ղարաբաղում ապրող մեր հայրենակիցների անվտանգությունն ապահովենք։ Որևէ մեկնաբանություն, որն ուղղված է նրան, որ իշխանությունը մոռացել է, դրանով չի զբաղվում, ընդհանրապես իրականության հետ կապ չունի»:

Սեպտեմբերի 22-ին թվիթերում կոչ էիք արել. ««Ժամանակն է գործելու, այլ ոչ թե լռելու և անտարբեր լինելու»:

Այս հայտարարություններից հետո Արցախում Ադրբեջանը սանձազերծեց պատերազմ: Իրատեսական չդարձան նաև Ձեր ու իշխանական մյուս ներկայացուցիչների կոչերը՝ ԼՂ-ում ապրող մեր հայրենակիցների անվտանգությունն ապահովելու մասին. Արցախից մեծ գաղթ է սկսվել. բռնի տարհանվում են մեր տասնյակ հազարավոր քաղաքացիներ:

1. Այս ճգնաժամային օրերին ասելիք չունի՞ ՀՀ նախագահը` ըստ Սահմանադրության՝ պետության գլուխը:

2. Հիմա Ձե՛ր լռելու և անտարբեր լինելու ժամանա՞կն է:

3. Ինչո՞ւ են Ձեր պաշտոնական էջում միայն հերթապահ, արարողակարգային լուրեր այն պահին, երբ Արցախում էթնիկ զտումներ են»:

Նշենք՝ մինչ այս պահը չենք ստացել մեր գրավոր հարցման պատասխանը: Թերևս նախագահի մոտ դաշնամուր նվագելն առավել լավ է ստացվում, քան այս ճգնաժամային օրերին ստանձնել պետության գլխի դերը:

Տեսանյութեր

Լրահոս