Աղետ՝ հարևան Իրանում, մարտահրավերներ ու ռիսկեր Հայաստանի համար․ ի՞նչ սպասել ռեգիոնում՝ Ռաիսիի ուղղաթիռի հետ տեղի ունեցածից հետո
Հայաստանի շուրջ ծանր աշխարհաքաղաքական իրավիճակն է՛լ ավելի է թանձրանում նախօրեին Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ադրբեջանա-իրանական սահմանին հանդիպումից հետո Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանմամբ և դրանից բխող հնարավոր մերձավորարևելյան զարգացումներով։
44-օրյա պատերազմից հետո ՀՀ իշխանությունների քաղաքականության հետևանքով բարդ արտաքին հարաբերությունների պայմաններում, երբ ՌԴ-ն դուրս բերվեց ՀՀ անվտանգության երաշխավորի կարգավիճակից, իսկ ՀՀ անդամակցությունը ՀԱՊԿ-ին, ՀՀ իշխանությունների խոսքով, սառեցվեց, Իրանն առանցքային դիրքորոշում ստանձնեց՝ ՀՀ անվտանգությունը հայտարարելով սեփական անվտանգություն, ինչպես նաև խոսելով Հարավային Կովկասում սահմանների փոփոխության անթույլատրելիության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման կարևորության մասին։
Անհնար է թերագնահատել նաև Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության դիրքորոշումը, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի անթույլատրելիության հարցում, ԻԻՀ իշխանությունը տարբեր հայտարարություններով հստակեցրել է, որ Ադրբեջանին թույլ չի տա ուժով նմանատիպ միջանցք բացել։ Սակայն Իրանի նախագահական ուղղաթիռի ողբերգական կործանումը և նախագահի, արտգործնախարարի և նրանց ուղեկցողների մահվան փաստը, այնուամենայնիվ, թույլ է տալիս ենթադրել սպասվող տուրբուլենտության փուլ Իրանի ներքին կյանքում։
Եթե հաստատվեն կանխատեսումները, որ տեղի ունեցածը մահափորձ էր, ապա կազմակերպիչները, ըստ մի շարք վերլուծությունների, ունեն նաև իրավիճակի զարգացման սցենարներ, ինչը նշանակում է, որ անկայունությունը կշարունակվի, թեև հարկ է նշել, որ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին իր վերջին ժամերի բոլոր հայտարարություններով ընդգծել է, որ երկրի կյանքում անկայունություն թույլ չեն տա, և կառավարության աշխատանքներն անխափան կշարունակվեն՝ չնայած հանգամանքին, որ հարևան երկրում հնգօրյա սուգ է հայտարարվել։
168․am-ը ռուս արևելագետ Ստանիսլավ Տարասովի հետ քննարկեց, թե ինչ է նշանակում հարևան Իրանում տեղի ունեցածը ՀՀ-ի համար ռեգիոնալ զարգացումների այս փուլում։
Նա նախ նշեց, որ բազմաթիվ կանխատեսումներ կախված են նրանից, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Ըստ նրա, եթե տեղի ունեցածը եղանակային վատ պայմանների հետևանքով ավիավթար է եղել, ապա կանխատեսումը լիովին այլ է և ավելի մեղմ, քան մյուս երկու վարկածների պարագայում։
Տարասովի խոսքով, ամենատարածված մյուս վարկածը վերաբերում է նրան, որ այս օպերացիան իրականացվել է օտարերկրյա հետախուզության կողմից՝ Ադրբեջանի տարածքն օգտագործելով։
«Բնականաբար, խոսքն Իսրայելի մասին է, թեև Իրանը հերքել է իր կապն այս վթարի հետ, այնուամենայնիվ, սա ամենաքննարկվող վարկածն է՝ հաշվի առնելով ապրիլին Իրանի հարվածն Իսրայելին, ապա Իսրայելի սպառնալիքներն Իրանին։ Սա իր հերթին՝ այլ զարգացումներ է ենթադրում»,- նշեց նա։
Վերլուծաբանը նկատեց, որ կա ևս մեկ վարկած, որի համաձայն՝ տեղի ունեցածը պետք է տեղավորել ներքաղաքական պայքարի հետ, քանի որ իշխանության են ձգտում, այսպես կոչված, չափավոր քաղաքական ուժեր, որոնք մտադիր են հաղթել ընտրություններում և փոխել վեկտորները երկրի արտաքին քաղաքականության մեջ։
«Սրանցից յուրաքանչյուրն իրենից ենթադրում է զարգացումների առանձնահատուկ ճանապարհ։ Սակայն այն, ինչ կարելի է ասել այսօր, Իրանի հակառակորդներն ամեն պարագայում էլ փորձելու են օգտվել ստեղծված իրավիճակից, ինչը հանգեցնելու է Իրանի կողմից հավելյալ զգոնության և ուշադրության հենց այս ուղղությամբ, պետք է կազմակերպվեն ընտրություններ, վերահսկողություն լինի ներքին կյանքի նկատմամբ, որպեսզի իշխանության դեմ հանդես եկողները դուրս չգան փողոց։
Կարծում եմ՝ չի բացառվում, որ ուշադրությունը սևեռվի ներքին իրավիճակի և անկայունություն թույլ չտալու անհրաժեշտության վրա, թեև իրանական քաղաքական համակարգում նախագահն այնքան առանցքային չէ, որքան այլ երկրներում, սակայն իշխանության համար պայքարում սա հակառակորդներին գուցե ոգևորի և թույլ տա մտածել, որ իշխանության և հոգևոր առաջնորդի դիրքերը թուլանում են։ Սա էլ իր հերթին՝ ենթադրում է, որ զգոնությունը հարևանության նկատմամբ գուցե թուլանա, քանի որ իշխանության համար պայքարը կթեժանա։ Իհարկե, սա ռիսկ է Հայաստանի Հանրապետության համար, որը փչացրել է իր հարաբերությունները գրեթե բոլոր դաշնակիցների հետ, չունի անվտանգության երաշխավորներ, և միայն ԵՄ դիտորդներն են, ում հետ հույսեր կարող է կապել պաշտոնական Երևանը»,- նկատեց վերլուծաբանը։
Տարասովի խոսքով, Իրանն անկասկած Անդրկովկասում զսպող դերակատարություն է ունեցել Ղարաբաղյան երկրորդ մեծ պատերազմից հետո, ավելացրել է իր ազդեցությունը, մոտեցել իր պատմական ազդեցությանը։
«Իրանի դիրքորոշումները և «կարմիր գծերը», բնականաբար, իրենց ազդեցությունն ունեցել են Ադրբեջանի քաղաքականության նկատմամբ վերջին տարիների ընթացքում, բայց Իրանում տեղի ունեցածն Իրանի գործընկերներին ստիպում է նոր սցենարներ մշակել և պատրաստ լինել, վստահաբար դա անում են նաև Ռուսաստանում, վթարից որոշ ժամանակ անց արդեն նախագահի մակարդակով խորհրդակցություն անցկացվեց, և այլն։
Սա լուրջ իրադարձություն է աշխարհաքաղաքական բարդ փուլում կարևոր նշանակություն ունեցող մերձավորարևելյան ռեգիոնի ամենաառանցքային երկրում։ Ռիսկեր կան ոչ միայն ռեգիոնալ՝ Հայաստան-Ադրբեջան հարթությունում, այլև աշխարհաքաղաքական՝ Իրան-Արևմուտք-Իսրայել հարթությունում։ Առաջիկայում ավելի հստակ կանխատեսումներ հնարավոր կլինի անել, ներկայումս, սակայն, կրկնեմ, ամենակարևորն այն է, թե իրականում ինչ է տեղի ունեցել»,- ասաց նա։