Բաժիններ՝

Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը

Հունիսի 28-ին Իրանում տեղի կունենան արտահերթ նախագահական ընտրություններ։

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով իրանական Mehr գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի նախընտրական շտաբի մամուլի քարտուղար Մոհսեն Էսլամին՝ հավելելով, որ հունիսի 28-ը կարելի է համարել 14-րդ նախագահական ընտրությունների օրը։

Նրա խոսքով՝ Սահմանադրության պահապանների խորհրդին առաջարկվել է, որ թեկնածուների գրանցումը սկսվի մայիսի 28-ից։

Ըստ աղբյուրի՝ Իրանում Սահմանադրության պահապանների խորհուրդը, բացի խորհրդարանի կողմից ընդունված օրենքների սահմանադրական համապատասխանությունը վերլուծելուց, պատասխանատու է ընտրություններում թեկնածուների հաստատման համար։ Այն նաև հաստատում է պետական ​​գլխավոր պաշտոնների թեկնածուներին, այդ թվում՝ նախագահի:

Իրանում արտահերթ նախագահական արտահերթ ընտրություններ կանցկացվեն՝ կապված մայիսի 19-ին Իրանի Արևելյան Ատրպատական նահանգում ուղղաթիռի կործանման հետևանքով նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահվան հետ։

Վթարի հետևանքով զոհվել են նաև Արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ատրպատականի նահանգապետը, Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամը և նախագահի պահակախմբի ղեկավարը, ինչպես նաև ուղղաթիռի անձնակազմը։

Համաձայն երկրի սահմանադրության 131-րդ հոդվածի՝ առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոհբերը ժամանակավորապես ստանձնել է նախագահի պարտականությունները և առավելագույնը 50 օրվա ընթացքում կկազմակերպի նոր ընտրություններ՝ դատական և օրենսդիր իշխանությունների ղեկավարների հետ միասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս