Արցախահայերի բնակարանային ծրագիրը Հայաստանից արտագաղթի ծրագիր է. Մետաքսե Հակոբյան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ «կառավարությունը բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցություն կտրամադրի ԼՂ-ից բռնի տեղահանված 25 հազար ընտանիքի: Ծրագրի համաձայն՝ արցախցիները դրամական աջակցություն կարող են ստանալ 3 ուղղությամբ՝ բնակարանի կամ կառուցված տան ձեռքբերում, տան կառուցապատում, ինչպես նաև հիփոթեքային վարկի մարում՝ 5, 4, 3, 2 մլն դրամի չափով»։
Սահմանամերձ շրջաններում, այդ թվում՝ Գորիսում, Բերդում, բնակարան ձեռք բերելու համար Կառավարությունը յուրաքանչյուր անձի կտրամադրի 5 մլն դրամ, իսկ Երևանում՝ 2 մլն դրամ։
Ի սկզբանե, բազմաթիվ արցախահայեր Կառավարության առաջարկած բնակարանային ծրագիրը քննադատել են, քանի որ այդ ծրագրով Կառավարությունը ստիպում է արցախահայերին ուղղակի արտագաղթել Հայաստանից։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի գնահատմամբ՝ Կառավարությունն այս ծրագիրն այնքան գեղեցիկ է ներկայացնում հանրությանը, որ թվում է, թե ամեն ինչ իդեալական է, մինչդեռ այն միտված է Հայաստանից արցախահայերի արտագաղթին։
«Ծրագիրը կարդալուց հետո առաջին տպավորությունը, որ ստանում ես, այն է, որ հատուկ ծրագիրն այնպես են կազմել, որ մարդիկ ուղղակի արտագաղթեն։ Մարդիկ, ովքեր հույս էին փայփայում, որ արժանապատիվ կապրեն հայրենիքի այս հատվածում՝ մինչև Արցախ վերադառնալը, շատերը հասկացան, որ այդ հնարավորությունն իրենց չի տրվելու։ Նրանք հասկացել են, որ այս ծրագրով իրենց բնակարան գնելու որևէ հնարավորություն չի տրվելու։
Այս ծրագրում առաջին հերթին խախտված է արցախահայերի արժանապատվության բաղադրիչն այն առումով, որ միայն Ստեփանակերտում պատերազմից հետո մոտ 60 հազար բնակիչ կար։ Հիշեցնեմ ՀՀ իշխանությանը՝ Ստեփանակերտն Արցախի մայրաքաղաքն է, այնպես, ինչպես ՀՀ-ի մայրաքաղաքը Երևանն է։
Այսօր իշխանությունը քաղաքաբնակներին ստիպում է գնալ գյուղեր, սա, մեղմ ասած, վիրավորանք է»,- շեշտեց Մետաքսե Հակոբյանը։
Մետաքսե Հակոբյանը նաև ընդգծեց, որ ծրագրում Կառավարությունը կրկին չի հաշվարկել հազարավոր արցախցի ընտանիքների, քանի որ 107 հազար արցախահայերի քանակով բաժանում է արել ու ստացել 25 հազար ընտանիք։ Հաշվի չեն առել այն անձանց, որոնք մինչև Արցախի բլոկադան, կամ բլոկադայի պայմաններում տարբեր պատճառներով, մասնավորապես, բուժման նպատակով, եղել են ՀՀ-ում։
«Կրկնում եմ՝ սա ցուցադրական ու ձևական ծրագիր է, որն իր մեջ որևէ բաղադրիչ չունի, որպեսզի մարդը կարողանա իր գոյությունն արժանապատիվ պահպանել Հայաստանում։ Կային բազմաթիվ արցախահայեր, որոնք Հայաստանից չէին հեռանում, քանի որ հույս էին փայփայում, որ հայրենիքի այս հատվածում մնալով՝ կկարողանան հասնել իրենց իրավունքների հաստատմանը՝ Արցախ վերադառնալու։ Սակայն այս ծրագիրը տեսնելով՝ նրանք հասկացել են, որ այդ հույսը չկա։ Այս ծրագրում չկա որևէ կետ Արցախ վերադարձի մասին, չի նշվում, որ այդ տները կտնօրինեն արցախահայերն այնքան ժամանակ, մինչև կվերականգնվի Արցախ վերադառնալու իրավունքը»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Մետաքսե Հակոբյանը նաև ընդգծեց, որ վերջերս շրջել է Սյունիքի ամենահեռավոր գյուղերում, և արցախահայերին Կառավարության առաջարկած գումարով նրանք չեն կարողանալու տուն գնել։