Բաժիններ՝

Արևայրուքը հաճախ կրկնելը կարող է դառնալ մաշկի քաղցկեղի պատճառ

Մաշկի քաղցկեղն ամբողջ աշխարհում և Հայաստանում ամենատարածված ուռուցքներից է, քանի որ մաշկը օրգանիզմի ամենամեծ օրգանն է։ Մեր օրերում այն մարդկության համար իրական վտանգի է վերածվել։ Կան մի շարք գործոններ, որոնք կարող են առաջացնել այս հիվանդությունը։ Մաշկի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառներից մեկը մաշկի հաճախակի շփումն է ուլտրամանուշակագույն ճառագայթների հետ, որը լինում է երկար ժամանակ արևի տակ մնալու հետևանքով։

Դա է պատճառը, որ հաճախ արևայրուք ընդունող մարդիկ գտնվում են ռիսկի բարձր գոտում։ Այս դեպքում ռիսկի մակարդակը կախված է արևի ճառագայթների ինտենսիվությունից, արևի տակ մնալու ժամանակահատվածից և նրանից, թե արդյո՞ք մաշկը պաշտպանված եղել է, թե՞ ոչ։

«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ամբուլատոր-դիսպանսեր հսկողության բաժանմունքի ղեկավար, ուռուցքաբան-վիրաբույժ Հրայր Հակոբյանի հետ անդրադարձել ենք մաշկի քաղցկեղի առաջացման պատճառներին, խալերի տեսակներին և հնարավոր վտանգներին, արևի ճառագայթներից հնարավոր վնասներին և դրանց կանխարգելմանը:

Մասնագետի խոսքով՝ այն ամենատարածված ուռուցքն է համարվում, որը հիմնականում մաշկի բաց հատվածներում է տեղակայվում՝ գլխի, պարանոցի, վերջույթների և դեմքի շրջանում։

Կարդացեք նաև

«Գոյություն ունի մաշկի մելանոմա, որն առաջանում է խալերից, և ոչ մելանոմային քաղցկեղ, որը հաճախ հանդիպում է 60 տարեկանից բարձր մարդկանց մոտ։ Ոչ մելանոմային քաղցկեղը շատ տարածված է այն մարդկանց մոտ, ովքեր ապրում են բարձրադիր գոտիներում և զբաղվում են այգեգործությամբ, ինչպես նաև ամռանը շատ հաճախ լողափ կամ բաց լողավազան գնացող մարդկանց մոտ՝ հիմնականում արևայրուքի կամ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների երկարատև և պարբերաբար ազդեցության հետևանքով»,-ասաց Հրայր Հակոբյանը։ Մաշկի քաղցկեղի ևս մեկ պատճառ կարող է լինել սոլյարի հաճախ այցելելը։ Պարզվում է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթումը, որին մեր մաշկը ենթարկվում է սոլյարիում, մեծացնում է մաշկի՝ տարբեր տիպի քաղցկեղների առաջացումը։

Մասնագետի խոսքով՝ Հայաստանում, մասնավորապես Ուռուցքաբանության ազգային կենտրոնում, մաշկի քաղցկեղով ամեն տարի բուժում է ստանում մոտ 700-1000 հիվանդ։

Անդրադառնալով մելանոմաներին՝ մասնագետն ընդգծեց՝ ցանկացած խալ, երբ սկսում է իր տեսքը փոխել, տեղի է ունենում չափի, գույնի փոփոխություն, առաջանում են վերքեր, արնահոսություն, ապա դրանք արդեն ահազանգ են, որ խալը վերափոխվում է չարորակ ուռուցքի՝ մելանոմայի. այն բավականին ագրեսիվ ուռուցք է, որի կանխարգելումն ավելի հեշտ է, քան բուժումը:

Մասնագետը շեշտեց, որ պետք է շատ ուշադիր լինել և մաշկային ցանկացած փոփոխության դեպքում արագ դիմել մասնագետին:

Գայանե Գաբոյան

Տեսանյութեր

Լրահոս