Եթե շաժումն այսքան ժողովրդականություն է վայելում, նշանակում է՝ պահանջարկը կար. Հայկազուն Ալվրցյան

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Բագրատ սրբազանի գլխավորությամբ այսօր գնացել են Կիրանց՝ տեղում ծանոթանալու իրավիճակին, սակայն ոստիկանական մեծաթիվ ուժերը փակել են նրանց ճանապարհը և արգելել մուտք գործել Կիրանց։

Մայիսի 9-ից Երևանում սկսված բողոքի ակցիաների և հանդիպումների ընթացքում շարժման անդամները պահանջում են իշխանության հրաժարականը: Երեկ այդ հանդիպումներից մեկի ժամանակ Բագրատ սրբազանը հայտարարեց, որ այսօր մեկնելու են Կիրանց՝ բնակիչների կողքին լինելու և տեղում իրավիճակին ծանոթանալու համար։

168.am-ի հետ զրույցում «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն»-ի տնօրեն, հայագետ Հայկազուն Ալվրցյանը ողջունեց Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը, անդրադառնալով նաև իշխանական քարոզչության քննադատություններին.

«Եթե այս շարժումն այսքան մեծ ժողովրդականություն է վայելում, նշանակում է՝ դրա պահանջարկը կար, սպասված էր ու պետք է լիներ։ Վստահ եմ, որ շարժման մասնակիցներին մատուցվում է ամենաճիշտ խոսքերն ու գաղափարները՝ ազգի փրկության, արժանապատվության վերականգնման, ազգի ինքնության պահպանման և մեր կորցրած տարածքները հետ բերելու վերաբերյալ։ Շարժման ընթացքում եղած խոսքերն այս ամենի վերաբերյալ ճիշտ ու սրտամոտ են։ Ես լիահույս եմ, որ այս շարժումը հաջողություն է ունենալու»։

Կարդացեք նաև

Նա ուրախությամբ արձանագրեց՝ շարժումն ունի շատ մասնակիցներ, և բոլորի ուշադրությունն այդ շարժմանը շատ մեծ է։

«Քննադատողներին առանձին ես կանդրադառնամ, մեկ հոդված արդեն գրել եմ։ Ասում եմ՝ բոլոր նրանք, ովքեր հակադրվում են այս շարժմանը՝ առանց հիմնավորումների, նրանց միակ հիմնավորումը զրպարտությունն է, հայհոյանքը, կեղծիքները։ Ասում են՝ ինչո՞ւ է սպիտակ շոր հագել սրբազանը, ինչո՞ւ է զբաղվում քաղաքականությամբ, Խորենացուն են սխալ մեջբերում, առանց հասկանալու, որ Մովսես Խորենացին բարձրաստիճան հոգևորական է եղել և նրա պաշտամունքները եղել են Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթևը։ Տգետ ու տհաս մարդիկ, որոնք իրենց հաճախ մտավորական են համարում, իսկ ավելի հաճախ՝ ներդրված քաղաքական ու հոգևոր աղանդների կողմից, փորձում են պառակտել ազգը, դրանք մեզ ու այս շարժմանը չպետք է վհատեցնեն։ Այս դեպքում չպետք է վհատեցնեն նաև մամուլին, ու մամուլը նրանց բացահայտելու գործով էլ պետք է զբաղվի»,- շեշտեց Հայկազուն Ալվրցյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ արտաքին թշնամու գործը հեշտ է, բայց Հայաստանն ունի ներքին թշնամի՝ կառավարող ուժի և Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որն առաջնորդում է ամբողջ ապազգային, հակապետական շարժումը։
«Եվ իշխանությունների կողմից այդ շարժումը կոչված է պետությունը ոչնչացնելու, տարածքները հանձնելու, ինչպես հանձնեց ամբողջ Արցախը։ Ոչնչացնում են կրթական համակարգը, բանակը, պետական կառույցները, հիմա նաև փորձում են եկեղեցին ոչնչացնել։

Այսօր ըստ էության շարժման մասնակիցները Բագրատ սրբազանին շատ են սիրում, բայց նա շարքային քաղաքական գործիչ չէ, որին ասեն՝ ուր տանեք, կգանք։ Նա որևէ տեղ չի տանելու, փոխարենը՝ պարզ ու քրիստոնեական լեզվով բացատրել է այս իրավիճակից դուրս գալու ճանապարհները։ Իսկական առաջնորդներն այսպիսին են լինելու, որոնց խոսքը շատ ավելի կարևոր է, քան իրենց անձը։ Հետևաբար՝ չպետք է անձնավորել։

Մենք գործ ունենք Առաքելական եկեղեցու հետ, որն իր գաղափարախոսությամբ այդ անձնավորումներին դեմ է։
Ինչպես ասում էր Եղիշեն՝ ամբողջ պայքարը ճիշտ ճանապարհով կտանի մեր եկեղեցին, և մենք կհաղթենք»,- եզրափակեց Հայկազուն Ալվրցյանը։

Տեսանյութեր

Լրահոս