Տեղի է ունեցել ծեծկռտուք, հնչել են հայհոյանքներ. Արթուր Չախոյանը և ևս 5 հոգի ձերբակալվել են. ՔԿ-ն հաստատում է
Երեկ հայտնի բլոգեր, Քաղաքապետարանի ապօրինությունները բացահայտող Արթուր Չախոյանին բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկելու տեսանյութը մեծ աղմուկ բարձրացրեց: Վերջինս իրազեկման ակցիա էր իրականացնում մայրաքաղաքում՝ ընդդեմ Հայաստանում թուրքական կուսակցության բացման, ինչի մասին Արթուր Չախոյանը մի քանի տեսանյութերով հանդես է եկել:
168.am-ը դիմեց Քննչական կոմիտե (ՔԿ), ուր, ըստ Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ)՝ ներկայացվել է Չախոյանը:
«2024թ. մայիսի 18-ին տարբեր քաղաքացիներից հաղորդումներ են ստացվել այն մասին, որ նույն օրը մի խումբ անձինք՝ Ա.Չ.-ի գլխավորությամբ, մուտք են գործել Երևան քաղաքի Կողբացի փողոցում գտնվող Հայաստանի խաղերի սպորտի և մշակույթի պալատ (Խուլ ու համրերի շենք,- Գ.Ս.) և Հայաստանի պետականակենտրոն կուսակցության կայանալիք նիստը խաթարելու նպատակով վիճաբանել կուսակցության անդամների հետ։ Դեպքի վայր են մեկնել ոստիկաններ, որտեղ պարզվել է, որ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, վերոնշյալ միջադեպի մասնակիցների կողմից միմյանց հասցեին հնչել են հայհոյանքներ, ինչից հետո ծեծկռտուք է սկսվել, որի ընթացքում մասնակիցները հարվածներ են հասցրել միմյանց։ Ոստիկանների կողմից միջադեպի վեց մասնակից, ինչպես նշված տարածք մտածներից, այդ թվում՝ Ա.Չ.-ին, այնպես էլ այնտեղ գտնվողներից, ֆիզիկական ներգործություն և խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածով տեղափոխել են Ոստիկանության բաժին, որտեղ ձեռնարկված միջոցառումներով պարզվել է նրանց ինքնությունը»,- մեզ հետ զրույցում ասաց ՔԿ մամլո խոսնակ Գոռ Աբրահամյանը:
Վերջինս հավելեց նաև, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
«Կայացվել է նշված անձանց ձերբակալելու որոշում։ Ձեռնարկվում են միջոցներ՝ դեպքի հանգամանքները, միջադեպին մասնակիցների շրջանակը պարզելու, նրանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ: ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ»,- ասաց ՔԿ խոսնակը: