COVID-19-ի նոր FLiRT շտամը տարածվելու լուրջ միտում չունի․ մասնագետ
COVID-19 շտամների նոր խումբը, որը կոչվում է FLiRT, ըստ մասնագետի, տարածվելու լուրջ միտում չունի:
Այս մասին Մոսկվա-Աստանա-Բիշքեկ-Երևան-Մինսկ տեսակամուրջի ընթացքում նշեց ՌԴ ԳԱ ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի նախագահի տեղակալ Գենադի Օնիշչենկոն:
Ըստ նրա՝ COVID-19-ը դարձել է «սովորական» վիրուս, այսինքն՝ գրիպի վիրուսի նման այն մշտապես փոփոխվում է, և մասնագետներն ամեն սեզոնի պատրաստվում են նոր շտամի, ինչպես նաև մշակում են համապատասխան պատվաստանյութ նոր շտամի համար:
«Կարելի է ասել, որ COVID-19-ը դարձել է այն վիրուսներից, որն ակտիվանում է աշուն-ձմեռ ժամանակահատվածում: Այն այժմ նույնպես ունի տարածվածություն, և հաշվի առնելով այն փաստը, որ սկսվել է մարտ ամսից, այն հնարավոր է տարածվի բոլոր երկրներում, բայց պետք չէ մարդկանց մոտ խուճապ առաջացնել: Այն վերահսկվում է, ուսումնասիրվում է, և որևէ նոր փոփոխության առաջացման դեպքում մենք այն կդիտարկենք»,- նշեց Օնիշչենկոն: