Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի առանձին երկրներ Ուկրաինայում արդեն վերապատրաստում են զինված ուժերի մարտիկներին. Էստոնիայի վարչապետ

Հյուսիսատլանտյան դաշինքի մի քանի անդամ երկրներ Ուկրաինայի տարածքում արդեն վերապատրաստում են երկրի զինված ուժերի մարտիկներին, սակայն դա չի էսկալացնի իրավիճակը։ Այս մասին հայտնել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալասը Financial Times-ին տված հարցազրույցում։

«Կան երկրներ, որոնք արդեն զինվորների են պատրաստում մարտի դաշտում», – ասել է նա:

Վարչապետի խոսքով՝ եթե ռուսական արկն ընկնի ուսուցանող անձնակազմի վրա, դա չի նշանակի Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածի կիրառում, որը նախատեսում է հավաքական պատասխան դաշինքի անդամ մեկ կամ մի քանի պետությունների վրա զինված հարձակման դեպքում։

«Ես չեմ կարող պատկերացնել, որ այն երկրները, որոնք մարդիկ են ուղարկել այնտեղ, նրանց վիրավորվելու դեպքում կասեն. սա հինգերորդ հոդվածն է, եկեք ռմբակոծենք Ռուսաստանը: Դա այդպես չի աշխատում, դա ավտոմատ կերպով չի լինում: Նման մտավախություններն արդարացված չեն», – ասել է Կալասը՝ նշելով, որ յուրաքանչյուր երկիր իր վրա է վերցնում անձնակազմ ուղարկելու հետ կապված ռիսկերը:

Կալասը նշել է, որ ուկրաինացի զինվորներին հենց Ուկրաինայի տարածքում և ոչ թե Եվրոպայի այլ երկրում ուսուցանելը չի էսկալացնի Ռուսաստանի հետ պատերազմը։

Հարցին, թե արդյոք Էստոնիան մարտիկներ կվերապատրաստի Ուկրաինայում, վարչապետն ասել է, որ «դա բաց հարց է», «ոչինչ չի կարելի բացառել»։

Մայիսի 16-ին Politico պարբերականը, հղում անելով ՆԱՏՕ-ի երկրներից մեկի բարձրաստիճան պաշտոնյայի, հայտնել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքը դեռ չի պլանավորում զորքեր ուղարկել Ուկրաինա, սակայն ապագայում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները կարող են մեկնել այնտեղ՝ վերապատրաստելու երկրի զինված ուժերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս