«Արցախի էջը փակելու համար Ադրբեջանին ձեռնտու է կասեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, որը նաև ամբողջ աշխարհին կլինի ազդակ, որ վերջնականապես փակված է». Տաթևիկ Հայրապետյան

Մայիսի 14-ին ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին, եվրոպական գործերի և առևտրի նախարար Յան Բորջի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «պահանջել» է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։

Ալիևը կրկին առիթը բաց չի թողել մեղադրանքներ հնչեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի հասցեին, ասելով, որ «թեև մեր հողերի օկուպացիայի հարցը կար ԵԱՀԿ օրակարգում, ո՛չ այդ կազմակերպությունը, ո՛չ Մինսկի խմբի համանախագահության մեխանիզմը ոչինչ չեն արել հակամարտության հետևանքների վերացման, ադրբեջանական տարածքների ազատագրման համար։ Այս տարիների ընթացքում ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահների իրականացրած բանակցային գործընթացը ծառայել է ադրբեջանական տարածքների օկուպացիայի շարունակմանը։
Հայ-ադրբեջանական հակամարտությունն արդեն պատմության գիրկն է անցել և այն գոյություն չունի։ Եկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու ժամանակը։ Ադրբեջանական կողմը բարձրացրել է այս հարցը, որևէ պատճառ չկա, որով հայկական կողմը կարող է չհամաձայնել դրան»,- ասել է Ալիևը։

Նույն հարցը բարձրացրել է նաև Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը։

168.am-ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանն անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու Ադրբեջանի պահանջին և դրա շուրջ հայկական կողմի դիրքորոշմանը, նկատեց՝ Ալիևը բազմիցս թիրախավորել է Մինսկի խմբին, Նիկոլ Փաշինյանը ևս իր հանրային խոսքում թիրախավորել է ԵԱՀԿ Մինսկի խմբին և նրանց առաջարկած լուծումները։

Կարդացեք նաև

«Մինչդեռ Ալիևը շատ հստակ ընդունել է, որ իրեն առաջարկվել են փոխզիջումային փաթեթներ, ընդ որում, նա դրա մասին խոսել է մայիսի 10-ին՝ բավականին ծավալուն ելույթում։ Բայց ինքը գնացել է պատերազմի ճանապարհով, քանի որ չի ցանկացել գնալ խնդրի խաղաղ կարգավորմանը, ինչը ենթադրում էր, որ հայերը կապրեն Արցախում՝ իրենց իրավունքներով հանդերձ։

Այս իմաստով Ադրբեջանին ձեռնտու է, որ Արցախի էջը փակելու համար առհասարակ կասեցվի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, որը նաև ամբողջ աշխարհին կլինի ազդակ, որ այդ էջը վերջնականապես փակված է և հակամարտության ամբողջ էությունն այլևս գոյություն չունի։ Ինչպես Ալիևն է հայտարարել. «Ադրբեջանն Արցախի հարցը լուծել է պատերազմով, իսկ Փաշինյանն արել է դրա քաղաքական ամրագրումը»»,- ասաց Տաթևիկ Հայրապետյանը։

Փորձագետի խոսքով՝ պետք է հասկանալ, որ ՀՀ օրվա իշխանությունն Արցախի հարց առհասարակ չի բարձրաձայնում։

Հայաստանի իշխանությունն ընդհանրապես չի խոսում արցախահայերի հավաքական իրավունքների, իրենց բնօրրանից նրանց բռնի տեղահանելու Ադրբեջանի քաղաքականության մասին։ Ընդհակառակը, ՀՀ արտգործնախարարն արտաքին շփումների ժամանակ Բաքվի հետ վերջին զարգացումները համարում է ձեռքբերում։ Դրանով փակելով հնարավորությունը, որպեզի տեղի ունեցածին տրվի քաղաքական գնահատական՝ այն, ինչ տեղի ունեցավ Արցախում, հատկապես 2022 թվականին Բերձորի միջանցքի բլոկադայից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ի պատերազմն ու արցախահայերի բռնի տեղահանումը»,- շեշտեց Տաթևիկ Հայրապետյանը։
Մայիսի 10-11-ին Ղազախստանում Միրզոյան-Բայրամով հանդիպում և երկօրյա բանակցություն տեղի ունեցավ: Կողմերը համատեղ հայտարարարությամբ կցկտուր տեղեկություն տվեցին, արդյուհանդերձ, ինչի՞ մասին էին այդ բանակցությունները. մեր հարցին Տաթևիկ Հյարապետյանը պատասխանեց.

«Հայաստանն իրականում բանակցություններում որևէ բան ձեռք չի բերել, անգամ չի կարողացել հասնել տարածքային ամբողջականության ճանաչմանը։ Այդ հանդիպումները բացառապես Բաքվի ցանկությունների ամրագրման մասին են։ Այստեղ բանակցություններ չկան, կա միակողմանի ուժի, ուժի սպառնալիքով թելադրված պահանջներ, որոնք Հայաստանի իշխանությունը սեփական հանրությանը ներկայացնում է՝ որպես ձեռքբերում։ Չկա տրամաբանություն, միջնորդություն, չկա հաստատված քարտեզ, որի հիման վրա կարող են գնալ սահմանազատման։ Կա ուղղակի ատելության խոսք, թշնամանք, վերջին չորս ամսվա ընթացքում մոտ 30 զորավարժություն անցկացրած, Հայաստանին առավոտից երեկո համարում են «Արևմտյան Ադրբեջան», նույնիսկ վերջերս վիրտուալ քարտեզ էին ներկայացրել։ Եվ այս տրամաբանության մեջ ձևացնում են, թե խաղաղություն են կառուցում։ Սա ուղղակի ֆիկցիա է, որի ներքո թաքնված է շատ վտանգավոր գործընթաց, որի մասին արդեն քանի տարի բարձրաձայնում ենք»,- եզրափակեց Տաթևիկ Հայրապետյանը։

Տեսանյութեր

Լրահոս