Բաժիններ՝

Օտարասեր և ողորմած լինելու մասին

Հրեաստանում իսրայելցի սաստիկ մեծահարուստ մի մարդ կար, որի ողջ կարողությունը կուտակվել էր վաշխառությամբ, ստով, անիրավությամբ և սուտ վկայությամբ: Սրա միտքն ընկավ և հիշեց Աստծո դատաստանը և գնալով մի վարդապետի մոտ` ասաց նրան. «Աղաչում եմ քեզ, վարդապե՛տ, իմ միտքը աշխարհիկ հոգսերով է գերված, եթե հնար կա` բուժի՛ր ինձ, որ չկորչեմ»:

Իսկ նա տվեց նրան Սողոմոնի գիրքը և ասաց.

«Սա՛ ընթերցիր, և ինչ որ նա կասի` կատարի՛ր և կապրես»: Եվ երբ բացեց Գիրքը, գտավ այն տեղը, ուր գրված էր, թե՝ ով ողորմի աղքատին` փոխ է տալիս Աստծուն (Առակ. ԺԹ 17): Եվ փակելով գիրքը` տվեց դպիրին ու ասաց.

«Ո՞վ է ավելի հավատարիմ, քան Աստված, ով բազմապատիկ և ավելիով է հատուցում ողորմածներին. ես իմ ունեցվածքը տալու եմ աղքատներին, որպեսզի բազմապատիկն ստանամ Տիրոջից»:

Կարդացեք նաև

Եվ գնաց վաճառեց՝ ինչ որ ուներ, տվեց աղքատներին և ոչինչ չթողեց իրեն, բացի չորս դահեկանից՝ այն էլ մահվան օրվա համար: Եվ սաստիկ աղքատացավ այդ մարդը, և ոչ ոք չէր ողորմում նրան. և երբ բավական ժամանակ անցավ, վշտանալով դժգոհեց աղքատությունից և վհատվելով ասաց իր մտքում.

«Գնամ Երուսաղեմ՝ իմ Աստծո մոտ, և դատ անեմ Նրա հետ իմ աղքատության համար, որ խաբեց ինձ, և ես բաժանեցի իմ ունեցվածքը»: Եվ երբ գնում էր Երուսաղեմ, տեսավ երկու մարդու, որոնք մի պատվական ակ էին գտել Ահարոնի պատմուճանից, որը կորել էր: Սրանք չգիտեին, թե ինչ քար է, և կռվում էին իրար հետ և ուզում էին միմյանց ձեռքից խլել այն:

Եվ տեսնելով նրանց այդպես գոտեմարտելիս` ասաց նրանց.

«Ի՞նչ կա ձեր մեջ. ինչո՞ւ եք կռվում իրար հետ»: Եվ նրանք ասացին. «Գտել ենք այս քարը և չգիտենք, թե ինչ է: Սա բաժանել էլ հնարավոր չէ, և մեկս մյուսին չզիջելով՝ կռվում ենք»: Եվ նա նրանց ասաց.

«Ի՛նձ տվեք այդ և առե՛ք այս չորս դահեկանը և առանց գժտության բաժանե՛ք ձեր միջև»: Նրանք ուրախությամբ տվեցին քարը, վերցրին ոսկին և իրենց մեջ բաժանելով՝ գնացին այնտեղից: Իսկ նա, վերցնելով ակը, գնաց Երուսաղեմ և այն ցույց տվեց ակնագործին: Ակնագործը երբ տեսավ, ասաց.

«Որտե՞ղ ես գտել այս ակը. ահա երեք տարի է, ինչ մեծ խառնաշփոթ ու տրտմություն է տիրում տաճարում՝ քահանաների մեջ, սրա պատճառով, քանզի սա Ահարոնի պատմուճանի վրայից է կորել: Սակայն ե՛կ, լսի՛ր դու ինձ և տա՛ր սա քահանայապետի մոտ և խիստ կհարստանաս սրա շնորհիվ»: Եվ մարդը գնաց տաճար: Տիրոջ հրեշտակը երևաց քահանայապետին և ասաց նրան.

«Ահա քեզ մոտ է գալիս մի մարդ, ով ունի այն ակը, որ կորել էր Ահարոնի պատմուճանից: Վերցրո՛ւ այն և տո՛ւր նրան ոսկի և արծաթ` որքան վայել է. և երբ տաս, կապտակես նրան և կասես. «Մի՛ երկմտիր քո սրտում և մի՛ կասկածիր Աստծուն, թե` ով ողորմի աղքատին` փոխ է տալիս Աստծուն»:

Այն մարդը գնաց քահանայապետի մոտ, տվեց նրան ակը և ասաց. «Ինչ­որ գավառական մարդկանցից վերցրի սա, որ գտել էին ինչ­որ տեղ»: Քահանայապետը նրան ասաց. «Այդ քեզ Աստծո՛ւց տրվեց՝ փոխը վճարելու համար, ուրեմն արի՛ և ես տամ քեզ»: Եվ տվեց նրան բազում ունեցվածք` որքան որ կամեցավ, և վերցրեց նրանից ակը, ապա ապտակեց նրան և ասաց. «Մի՛ երկմտիր քո սրտում և մի՛ կասկածիր

Աստծուն, որովհետև ահա Աստված քեզ յոթնապատիկ շատ հարստություն տվեց այստեղ, և հավիտենության մեջ, որ գալու է, հավիտենական կյանք կստանաս՝ մեր Աստծո շնորհով»: Եվ ասաց մարդն արտասվելով. «Երանելիները նրանք են, որ փոխ են տալիս ճշմարիտ և հավատարիմ Աստծուն` ողորմելով աղքատներին՝ առանց երկմտանքի և առանց կասկածների»:

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

surbzoravor.am

Տեսանյութեր

Լրահոս