
ՄՔԴ-ն դիմում է ներկայացրել Նեթանյահուի, Գալանտի և ՀԱՄԱՍ-ի երեք առաջնորդների ձերբակալման հրամաններ ստանալու համար

Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատախազ Քարիմ Խանը դիմել է Նախաքննական պալատին՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի, ինչպես նաև պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման երեք բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալման հրամաններ ստանալու համար։
Այս մասին նշված է Խանի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ՄՔԴ-ի կայքում։
Փաստաթղթում նշված է, որ հավաքված ապացույցների հիման վրա դատախազությունը ողջամիտ հիմքեր ունի կարծելու, որ Նեթանյահուն և Գալանտը «պատասխանատվություն են կրում Պաղեստինի տարածքում (Գազայի հատված) պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար առնվազն 2023 թվականի հոկտեմբերի 8-ից ի վեր»:
Բացի այդ, ըստ փաստաթղթի, դատախազությունը նաև «հիմնավոր հիմքեր ունի ենթադրելու», որ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարը, շարժման ռազմական թևի հրամանատար Մուհամմեդ Դիաբ Իբրահիմ ալ Մասրին և ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեն «պատասխանատվություն են կրում Իսրայելի և Պաղեստինի տարածքում (Գազայի հատվածում) կատարված ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար առնվազն 2023 թ․ հոկտեմբերի 7-ից ի վեր»:
Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժումից հետո Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Ըստ Իսրայելի վերջին տվյալների՝ Գազայի հատվածում դեռ մնում է 128 պատանդ, 36 պատանդ մահացել է։
Գազայի հատվածում Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում, ըստ տեղի իշխանությունների, ավելի քան 35 500 պաղեստինցի է զոհվել, 80 000-ը՝ վիրավորվել։