Ալիևը Տավուշի մարզի այս հատվածները վերցնելով՝ իր զորքը մխրճում է Հայաստանի տարածքի մեջ. Աբրահամյան
Տավուշի մարզի անվտանգության գոտին Ալիևին հանձնած իշխանության ներկայացուցիչ, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սահմանազատման անվան տակ իրենց կողմից իրականացվող քայլը համարում է ձեռքբերում և պնդում՝ եղած լուծումներից՝ սա ամենալավն է։
Մինչդեռ սրան հակառակ տեսակետ է հայտնում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը և կատարվածը համարում է Հայաստանի ականապատում՝ ընդգծելով, որ երկրի տարածքի հանձնումն իշխանության ներկայացուցչի կողմից ձեռքբերում համարելը տարօրինակ չէ, քանի որ նման բան են ասում մարդիկ, որոնք հպարտանում էին, որ Արցախը կարողացել են հանձնել Ադրբեջանին:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը նաև ընդգծեց.
«Կիրանցում բոլոր առումներով տեղի է ունենում ապօրինություն. խնդիրն այստեղ անգամ այն չէ, որ այս իշխանությունը սահմանը բերում և անցկացնում է Կիրանց գյուղի միջով։ Խնդիրն անգամ այն չէ, որ ադրբեջանական կողմին են անցնում Հայաստանի Կադաստրի կոմիտեի հաստատումն ունեցող տներ, անցնում է ճանապարհ. խնդիրն այն է, որ այդ գործընթացն է, որը կոչվում է, իբր թե, սահմանագծման և սահմանազատման գործընթաց, անօրինական է նրանով, որ որոշումներ են կայացնում մարմիններ, պաշտոնյաներ, որոնք դրա իրավասությունը չունեն, հանձնվում են տարածքներ, որոնք այդ մարդիկ հանձնելու լիազորություններ չունեն։ Իշխանության նպատակը ոչ թե քարտեզների վրա սահմանագծում և սահմանազատում անելն է, այլ կա պայմանավորվածություն որոշ ուղղություններով Ադրբեջանին զիջումներ անելու։ Հայաստանի այս իշխանությունը հենց դա է անում»,- ասաց Աբրահամյանը։
Պատգամավորը շեշտեց՝ այն, ինչ կատարվում է հիմա Տավուշում, ցույց է տալիս Հայաստանի իշխանության իրական նպատակն ու դավադրությունը:
«Դավադրություն է, որն այս պահին արտահայտված է Տավուշում, որտեղ երկարատև գործածման ականներ են տեղադրվում, որոնք Հաայստանի Հանրապետության տարբեր հատվածներում են ունենալու ծանր հետևանքներ»,- ասաց Աբրահամյանը։
Ինչ վերաբերում է իշխանության ներկայացուցիչների տարածած և որպես ձեռքբերում ներկայացվող՝ Տավուշի մարզում Ադրբեջանից 25 հեկտար տարածք ստանալու մասին լուրերին, ապա Աբրահամյանը նշեց՝ դրանք ի սկզբանե ռազմական նշանակության տարածքներ են, որոնք եղել են մեր վերահսկողության տակ։
«Իշխանությունը փորձում է սովորական իրադրությունը մեծ հաղթանակ ներկայացնել և ցույց տալ, թե ադրբեջանական կողմը մեզ 25 հեկտար է զիջել, իրականում, սակայն, այդ տարածքը գտնվել է հայկական կողմի ենթակայության տակ և ունեցել այլ նշանակություն»,– ասաց պատգամավորը ՝ շեշտելով, որ, խոշոր հաշվով, այսօր Տավուշում տեղի ունեցողով Ադրբեջանը լուծում է իր համար ռազմավարական նշանակության հարցեր։
«Ադրբեջանն ընտրել է Տավուշի մարզը և չի սկսել, օրինակ, սահմանագծում և սահմանազատում անել Բագրատաշենից, որովհետև Տավուշի մարզի այս հատվածները վերցնելով՝ մխրճվում է Հայաստանի տարածք։ Ադրբեջանը տեսել է, որ իր համար կա Հայաստանի իշխանությունների ժամանակ բարենպաստ պայման, որով Հայաստանի տարածքի մեջ է մխրճվել, մտել այնպիսի տարածքներ, որոնք երկարաժամկետ անվտանգային սպառնալիքներ են առաջացնելու Հայաստանի համար։ Փաշինյանը սա միանշանակ գիտի։ Իհարկե, կարող են պետական համակարգում լինել մարդիկ, որ սա չհասկանան, բայց Փաշինյանն ու իր շուրջը կանգնած մոտ 10 հոգին սա գիտեն։ Տեղի է ունենում Հայաստանի ականապատում։ Սա պայթելու է և լրջագույն խնդիրներ է առաջացնելու Հայաստանի համար»,- ասաց Աբրահամյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։