Եկեղեցին Փաշինյանի հրաժարականը պահանջել էր դեռ 2020 թվականին, որին հաջորդել էր ԳՇ հայտարարությունը. սպասե՞լ պատմության կրկնությանը

«Եկեղեցուն կհաջողվի՞ այն, ինչ չհաջողվեց բանակին» վերտառությամբ հոդված էինք օրերս հրապարակել:

Երկու դեպքում էլ Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջ կար՝ պայմանավորված երկրի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներով և դրա հետևանքով Հայաստանի Հանրապետության լինելիությանը սպառնացող վտանգով:

Երկու դեպքում էլ ՀՀ իշխանություններն առաջ են բերել քաղաքականությամբ զբաղվելու անթույլատրելիության մասին թեզը, մինչդեռ այստեղ, ըստ էության, և՛ եկեղեցու, և՛ զինված ուժերի դեպքում սահմանադրական պարտականությունների կատարման հարց կա:

Մասնավորապես, Սահմանադրության 14-րդ հոդվածը սահմանում է՝ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը», իսկ 18-րդ հոդվածը՝ «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»:

Կարդացեք նաև

Եվ վերջապես երկու դեպքում էլ թուրք-ադրբեջանական տանդեմը բուռն էր արձագանքել և իր աջակցությունը հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ Զինված ուժերի դեպքում՝ ուղղակի, եկեղեցու դեպքում՝ անուղղակի: Իհարկե, Բագրատ Սրբազանի շարժման դեպքում ասվում է, որ այն հոգևորականի գլխավորած շարժում է, և ոչ թե եկեղեցու համահավաք շարժում: Այսինքն, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը Բագրատ Սրբազանն է պահանջում՝ հիմնվելով հանրության պահանջի վրա: Բայց մոռանում ենք, որ Եկեղեցին՝ ի դեմս Ամենայն Հայոց կաթողիկոսի, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջել էր նույնիսկ Զինված ուժերից շուտ:

Մասնավորապես, 2020 թվականի դեկտեմբերի 8-ին Գարեգին 2-րդն իր ուղերձում նշել էր.
«Հայրենի մեր երկրում տեղ գտնող տագնապալից զարգացումներին և առկա մտահոգություններին ընդառաջ՝ Մենք հանդիպում ունեցանք նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ տիար Նիկոլ Փաշինյանի հետ։ Թելադրված երկրի առջև ծառացած և ահագնացող ներհասարակական լարվածությամբ, արտաքին և ներքին լուրջ մարտահրավերներով և վարչապետի անձի նկատմամբ հանրային վստահության պակասով՝ հայրաբար հորդորեցինք հանձնառություն ստանձնել և վայր դնել վարչապետի լիազորությունները՝ կանխելու համար հասարակական կյանքում ցնցումները, նաև հնարավոր բախումներն ու ողբերգական հետևանքները։

Այս առումով նաև կոչ ենք ուղղում Ազգային ժողովին՝ մեր հայրենիքի համար այս վճռորոշ պահին գործել ամենայն պատասխանատվությամբ, ականջալուր լինել հանրության լայն շրջանակների կողմից հնչող պահանջներին և քաղաքական ուժերի հետ համախորհուրդ ընտրել նոր վարչապետ ու ձևավորել ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն։ Միայն հանրային վստահություն ունեցող և արհեստավարժ անձերից կազմված կառավարությունն է, որ կարող պիտի լինի կարգավորել մեր ժողովրդի առջև ծառացած հիմնախնդիրները, վերականգնել ազգային համերաշխությունն ու միասնականությունը և կազմակերպել անվիճարկելի անհրաժեշտություն ներկայացնող խորհրդարանական արտահերթ ընտրությունները»:

Այսօր Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը եկեղեցին առնվազն չի խոչընդոտում, իսկ թե այդ շարժման հետագա ընթացքը և հանգուցալուծումն ինչպես են տեսնում Ամենայն Հայոց կաթողիկոսը և եկեղեցին, դեռ հայտնի չէ:
Մայիսի 18-ին լրագրողների հետ զրույցում Տավուշի թեմի առաջնորդն ասել էր.

«Քաղաքական կուսակցություններն իրենց մտածումները, ըմբռնումներն ու ցանկություններն են հայտնում, դա որևէ ձևով որոշում չի: Եվ հետո, նախ ես Վեհափառ Հայրապետի հետ պետք է խոսեմ՝ հասկանալու, թե ի վերջո մենք այդպե՞ս ենք գնալու, թե՞ այլ ճանապարհով: Ես ոչ սեփական ջանքերով առաջադրվելու ցանկություն ու մղում ունեմ, ոչ էլ…»:

Այսինքն՝ շարժումն արդեն տեղափոխվել է քաղաքական հարթակ, բայց դրա քաղաքական զարգացումները և դրանում եկեղեցու հետագա դերակատարումը դեռ պիտի որոշվի:

Այստեղ ցանկանում եմ ուշադրություն հրավիրել մի հանգամանքի վրա. եկեղեցին Փաշինյանի հրաժարականը պահանջել էր 2020 թվականին, բայց միայն 2024 թվականին շարժում հավաքելու և գլխավորելու հանձնառություն առավ, եթե ընդունենք, որ անուղղակի հանձն է առել:

Հիմա մայիսի 18-ին ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը վերևում հիշատակած մեր հոդվածի համատեքստում լրագրողների հարցին՝ «կարո՞ղ են ասել, որ Եկեղեցին 2021 թվականի փետրվարի 25-ին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջած գեներալներից ավելի հետևողական եղավ», պատասխանել էր.
«Նպատակին հասնելու առումով երևի նկատի ունեք: Եթե հիշում եք տեքստը, դրանով պահանջվել է Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը, նաև հրամայականի տեսքով դրվել էր՝ եթե կլինեն ինչ-որ ընդհարումներ, բախումներ մեր ժողովրդի ու իրավապահ կառույցների միջև, որոնք այդ պահին դուրս էին եկել փողոց, հանկարծ այնպիսի լարվածություն կամ վիճակ չստեղծվի, որ ժողովուրդը տուժի: Պահանջը դրանք էին, իհարկե, առաջին պահանջը չի կատարվել: Բայց այնտեղ չկար պահանջ՝ եթե դուք չկատարեք կամ այսինչ ժամկետում դա չիրագործվի, զինվորականությունն ինչ է անելու, հետագա ինչ քայլեր են լինելու, այդ առումով զինվորականությանը հետևողական չլինելու մեջ մեղադրել չի կարելի»:

Այսինքն, ինչպես այլ առիթով գեներալը նշել է՝ հայտարարությունից բացի, այլ բան իրենք չէին նախատեսել: Այլ կերպ՝ Զինված ուժերն այս հայտարարությամբ արել էին այն, ինչ 2020 թվականին եկեղեցին՝ ներկայացնելով ստեղծված անվտանգային վիճակը, և Փաշինյանի անարդյունավետ կառավարումը, ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում ադեկվատ որոշումներ ընդունելու անկարողությունը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները, որոնք երկիրը հասցրել են կործանման եզրին, առաջարկել էին Փաշինյանին և նրա կառավարությանը հեռանալ՝ քայլերի հաջորդականությունը որոշելու իրավունքը, թերևս, թողնելով քաղաքական ուժերին: Արդյո՞ք Զինված ուժերի դեպքում կարող ենք նմանօրինակ գործողություն տեսնել, թեկուզև անուղղակի, ինչպես այսօրվա սրբազան շարժման դեպքում, ժամանակը ցույց կտա:

Հետագա զարգացումները նաև ցույց են տալու քաղաքական ուժերի՝ Փաշինյանին հեռացնելու կարողությունը, որպեսզի հետո չունենանք պատմության կրկնություն՝ եկեղեցին վնասվի և վտանգվի, հանրության վստահությունը խաթարվի եկեղեցու նկատմամբ, մեղադրանքներ հնչեցվեն, ինչպես եղավ Զինված ուժերի դեպքում, մինչդեռ երկու դեպքում էլ անելիք ունեն քաղաքական ուժերը: Իհարկե, եկեղեցին չունի այն լիազորությունները, ինչն ուներ այդ ժամանակ Գլխավոր շտաբը և նրա պետը, բայց նման դեպքերում չի կարող պարտության կամ անհաջողության մեղավորը՝ մեկը լինի:

Տեսանյութեր

Լրահոս