Բաժիններ՝

Ժամանակը իշխանության օգտին չի աշխատում. հիշեք՝ ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը

Այն, ինչ արել է այս իշխանությունը ու դեռ փորձում է անել, արդարացում չունի։ Ամբողջությամբ ձախողել են պետական կառավարումը։ Վեց տարի երկիրը պահել են ստի ու կեղծիքի մեջ։

Այսօր էլ շարունակում են նույնը, ոչնչի առաջ չեն կանգնում՝ պահպանելու իրենց իշխանությունը։ Ֆեյքերի հսկայական բանկ են հանել «մարտի»։ Պախարակում ու զրպարտում են մարդկանց, լուտանքներ են թափում։

Բայց դա էլ ժամանակի հարց է։ Ժամանակը իշխանությունների օգտին չի աշխատում։ Սուտն ու կեղծիքը այլևս նախկին ազդեցությունը չի ունենում։ Ինչ ասել են, հակառակն են արել։

Ահա մի քանի հայտարարություն Նիկոլ Փաշինյանի հայտնի «վարչապետական» ելույթներից.

Կարդացեք նաև

«Ուզում եմ համաժողովրդական շարժման անունից ասել, որ ատելությունը և ատելության քարոզը մեր ոճը և ոճաբանությունը չէ, և մեր համոզմամբ՝ Հայաստանում չպիտի տեղ լինի նման երևույթների համար» ( 08.05.2018թ.)։

«Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է համոզված լինի, որ Հայաստանի Հանրապետությունը հնարավոր և նույնիսկ անհնար ամեն ինչ անում է յուրաքանչյուր զինվորի կյանքը, առողջությունն ու անվտանգությունը պահպանելու համար» (08.05.2018թ.)։

«Սա համազգային և համաժողովրդական զարթոնքի բացառիկ ժամ է, և ինչպես 1988 թվականի համազգային շարժումը հանգեցրեց Արցախի դե ֆակտո ինքնորոշմանը, հայկական հեղափոխության արդյունքը, ի վերջո, լինելու է Արցախի ինքնորոշման իրավունքի դե յուրե միջազգային ճանաչումը: Այսօր, առավել քան երբևէ, մենք մոտ ենք այդ նպատակի իրագործմանը» (08.05.2018թ.)։

«Հայաստանի քաղաքացին և հայ ժողովուրդն այսօր ոգևորված են նույնքան, որքան Շուշիի ազատագրման օրերին, Հայաստանի քաղաքացին և հայ ժողովուրդն այսօր հաղթանակած է նույնքան, որքան Շուշիի ազատագրման օրերին: Հայաստանի քաղաքացին և հայ ժողովուրդն այսօր առավել քան երբևէ վստահություն ունեն դեպի ապագան և հավատում են սեփական ուժերին» (08.05.2018թ.):

Եվ ո՞րն է այս ամենից իրականացվել՝ «Արցախի ինքնորոշման իրավունքի դե յուրե միջազգային ճանաչո՞ւմը», թե՞ այն, որ հնարավոր ու նույնիսկ անհնարին ամեն ինչ արվելու է «յուրաքանչյուր զինվորի կյանքը, առողջությունն ու անվտանգությունը պահպանելու համար»։ Նիկոլ Փաշինյանն անձամբ է խոստովանել, որ ժամանակին կարող էր կանխել պատերազմն ու այդքան երիտասարդի չզոհել։ Բայց չի արել։ Չի արել, որպեսզի իրեն դավաճան չասեն։

Արդյունքում՝ և՛ մեկը եղավ, և՛ մյուսը. այդքան կյանքեր կործանվեցին, ընտանիքներ դժբախտացան, ինքն էլ ստացավ դավաճանի պիտակը։

Այսպես է Նիկոլ Փաշինյանը հնարավոր ու անհնարինը արել «յուրաքանչյուր զինվորի կյանքը, առողջությունն ու անվտանգությունը պահպանելու համար»։

Ատելության և ատելության քարոզի մերժումից էր խոսում՝ ժողովրդին հանել են իրար դեմ, թշնամացրել, բաժանել սևերի ու սպիտակների, ոչնչացրել համազգային համերաշխությունն ու միասնությունը։

Իր հաղթանակը համեմատում էր Շուշիի հաղթանակի հետ։ Եվ ո՞ւր է հիմա Շուշին։
Շուշին հետո պիտի դառնար «դժբախտ ու դժգույն» քաղաք, Արցախը՝ հայաթափված։

Այն ժամանակ Արցախի ժողովուրդը «հերոս ժողովուրդ» էր, հետո դարձավ դասալիք։

Հայաստանում տնտեսական հեղափոխություններ էին իրականացնելու, տնտեսությունը կանգնեցրել են կոլապսի առաջ։ Փուչիկ աճերով խաբում են մարդկանց: Երկիրը դեռ կարողանում է դիմակայել նախկին իշխանությունների թողած տնտեսական ժառանգության շնորհիվ։

Տնտեսական իրավիճակը գնալով վատանում է, նոր արտադրություններ բացվելու կամ եղածներն ընդլայնվելու փոխարեն՝ խթանում են առևտուրը։ Դարձել ենք սպառողական երկիր։ Դրսից ներմուծում ենք, ներսում՝ սպառում։ Տնտեսության արտադրական հատվածը սեղմվում է, ներմուծումներն ակտիվանում են։ Շուկան լցնում են ներմուծվող ապրանքներով ու խթանում այլ երկրների տնտեսությունները, սեփականը՝ ներմուծումից պաշտպանելու փոխարեն։

Հայկական ապրանքները փոխարինում են թուրքականով։ Թուրքական ապրանքների կշիռը Հայաստանում հասել է աննախադեպ չափերի։ Դա էլ քիչ է, պատրաստվում են սահմանը բացել ու ընդհանրապես խեղդել տնտեսությունը, առավել ևս՝ գյուղատնտեսությունը։ Այն գյուղատնտեսությունը, որին Նիկոլ Փաշինյանը հեղափոխական տեմպերով զարգացում էր խոստանում։ Ասում էր՝ նոր տեխնոլոգիաների կիրառումը պետք է լայնորեն տարածվի գյուղատնտեսության ոլորտում՝ այս պարագայում որպես ռազմավարական նպատակ ունենալով չմշակվող գյուղատնտեսական հողերի թվի շեշտակի նվազումը և, ի վերջո, այդպիսի հողերի բացառումը։

Հեղափոխական տեմպերով զարգանալու փոխարեն՝ այս տարիներին գյուղատնտեսությունը նույնիսկ չնչին աճ չի արձանագրել։ Տարիներ շարունակ նահանջ է գրանցվել, վտանգվել է երկրի պարենային ապահովվածությունը։

Չմշակվող հողերի «շեշտակի» նվազեցման, առավել ևս՝ բացառման մասին նույնիսկ անիմաստ է խոսելը։

Սերժ Սարգսյանի կառավարման տարիները քննադատելով՝ ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանն ասում էր՝ մինչև հիմա եղած տնտեսական աճը ոչ թե տնտեսական աճ է, այլ վիճակագրական մանիպուլյացիաների արդյունք։ Այնինչ՝ իսկական մանիպուլյացիաներն այսօր են՝ իր կառավարության օրոք։

Այսօր տնտեսական աճերը հիմնված են գերազանցապես Հայաստանով մի երկրի ապրանքները մեկ այլ երկիր տեղափոխվելու վրա։ Տնտեսությունը դրանից անմասն է, փոխարենը՝ վիճակագրորեն աճում է։

Պարտքերից էր խոսում՝ իբրև թե նախկինները երկիրը նստացրել են պարտքերի վրա, կտրուկ թանկացրել պարտքի բեռը։ Այնինչ այս ընթացքում հասցրել է պարտքը գրեթե կրկնապատկել։ Ի՞նչ են արել այդ գումարները, ոչինչ հայտնի չէ։ Միայն պարտքերն են ավելանում, իսկ արդյունքները չեն երևում, չկան։

Պետական բյուջեն դարձրել են իրենց սեփական գրպանը, ինչպես ուզում, ինչքան ուզում՝ ծախսում են։ Հարկատուների փողերը վատնում են ու շռայլում։ Այս ընթացքում մի քանի հարյուր միլիոն դոլարի միայն պարգևավճար են բաժանել։ Պարգևատրել են իրենց՝ երկիրը կործանելու համար։

Կարող են ոչնչի համար 6 մլն դոլար տալ, 12 մլն դոլար ծախսել՝ առիթ-անառիթ հայտարարել, թե՝ տեսեք ինչ «հերոսական» քայլ ենք անում՝ ազգային ավիափոխադրող ենք ստեղծում։ Վերջում պարզվի՝ տակը ոչինչ չկա՝ ո՛չ ազգային փոխադրողը կա, ո՛չ էլ գումարը։ Ու դրա համար որևէ մեկը պատասխանատվություն չկրի։ Մի հսկայական կառույց ստեղծել են, բյուջեի հաշվին պահել են, բարձր աշխատավարձեր են վճարել, ծրագիր են իրականացրել, ձախողել են, վերջում պատասխան տվող չկա, բոլորը անմեղ են։

Այսպես են կառավարել ու կառավարում երկիրը։ Ստի ու կեղծիքի վրա։

Իշխանությունը դարձրել են խաղալիք մեկ մարդու ձեռքին։ Մարդ, ով ժամանակին ասում էր՝ այո՛, չափից ավելի լիազորություններ են կենտրոնացված վարչապետի ձեռքում, և, ընդհակառակը, այլ պետական ինստիտուտներից ամոթի աստիճան վերցված են լիազորություններ, պիտի փոխել այդ իրավիճակը։ Փոխելու փոխարեն՝ ավելի կենտրոնացրեց։

Երկիրը վերածել են ոստիկանապետության ու փորձում են այդ ճանապարհով ամեն գնով պահել իշխանությունը։ Մոռանում են, որ նույնիսկ ամենազորեղ բռնապետությունները մի օր անսպասելի տապալվում են։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս