Ի՞նչ է հայտարարագրել Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի քարտուղար, Ուկրաինայում և Մոլդովայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը

Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի քարտուղար, այժմ՝ Ուկրաինայում և Մոլդովայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2023 թվականի իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը։

Ըստ հայտարարագրի՝ Կարապետյանն ունի 7 անշարժ գույք, որից 5-ը՝ համատեղ սեփականության իրավունքով, 1-ը՝ բաժնային, իսկ մյուսը՝ միանձնյա.

-բնակարան Երևանում` բազմաբնակարան բնակելի շենքում՝ գնված 2005 թվականին,

-բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք Երևանում, որը գնվել է 2015 թվականին,

Կարդացեք նաև

-բազմաբնակարան շենքի ոչ բնակելի մեկ այլ տարածք դարձյալ մայրաքաղաքում, որը որպես ժառանգություն է ստացել 2021 թվականին,

-հողամաս Ջրվեժ գյուղում, որը որպես նվիրատվություն է ստացել 2019 թ. հունիսի 19-ին,

-ապա նույն օրը որպես նվիրատվություն ստացած այգետնակ

2011 թվականի հոկտեմբերին Վլադիմիր Կարապետյանը գնել է նաև

-հողամաս Երևանում,

– և անհատական բնակելի տունը` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով։

Դեսպան Կարապետյանը նաև հայտարարագրել է 2011 թվականին ձեռք բերված «Կիա» մակնիշի մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց։ Բանկային հաշիվների մնացորդները տարեվերջին կազմել են 110 հազար ԱՄՆ դոլար, կանխիկ դրամի չափը տարեսկզբին եղել է 12,000 դոլար, 3 միլիոն դրամ և 5000 եվրո, իսկ տարեվերջին՝ 23.500 դոլար, 3 միլիոն դրամ և 10 հազար եվրո։

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 21 միլիոն 311,117 դրամ, որից 47,772 դոլարը նա ստացել է իբրև աշխատանքային վարձատրություն ԱԳՆ-ից և 5000 ԱՄՆ դոլար՝ խաղալիքների խանութ «Բամբինոյից»՝ վարձակալության դիմաց ստացված վճար։

Ի դեպ, 168.am-ը վերջերս տեղեկացրել էր https://168.am/2024/05/08/2040574.html ՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է նվեր մատուցել իր նախկին մամուլի քարտուղարին՝ Ուկրաինայում և Մոլդովայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանին և նրան տեղափոխել Իտալիայում աշխատանքը շարունակելու: Արտգործնախարարության 168.am-ի աղբյուրներն ասել էին, որ Վլադիմիր Կարապետյանին այս կերպ Նիկոլ Փաշինյանն ուղարկում է «վաստակած հանգստի»:

Լրատվամիջոցները մեկ անգամ չէ, որ անդրադարձել են Վլադիմիր Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի կանանց մտերիմ հարաբերություններին։ Հիշեցնենք նաև, որ 2022թ. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով էլ Վլադիմիր Կարապետյանի 25-ամյա դուստրը՝ Տաթևիկ Կարապետյանն էր նշանակվել ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնում:

Ու թերևս հենց այս համատեքստում պետք է դիտարկել Վլադիմիր Կարապետյանին սկզբում՝ Ուկրաինայում, այնուհետև՝ համատեղության կարգով նաև Մոլդովայում (նստավայրը՝ Կիև) դեսպան նշանակելու հանգամանքը։

Տեսանյութեր

Լրահոս