«Ոչ լեգիտիմ իշխանությունը բան է խոստացել ու չի արել, բա ինչո՞ւ հեռացված չէ. այլևս իրավունք չունենք սուսուփուս ամեն ինչին հավատանք». Թևան Պողոսյան

Նիկոլ Փաշինյանի գլխավորած հակաեկեղեցական շարժման արդյունքում արդեն 4 սրբազաններ բանտարկված են. Շիրակի, Տավուշի, Արագածոտնի թեմի հոգևոր առաջնորդները և Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանը։

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանի խոսքով՝ ստեղծված այս բարդ իրավիճակում անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր մարդ իր հավատը չկորցնի, ազնիվ լինի իր ու իր հավատքի հետ՝ հարգելով ազգային եկեղեցու բոլոր կանոնները։

«Ամեն մարդ չի կարող, չէ՞, բարձրանալ եկեղեցու խորան։ Ինքս երեխա ժամանակ  Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում հազար անգամ բարձրացել ու իջել եմ խորան, չէի հասկանում, հետո հասկացա, թե ինչ սխալներ եմ թույլ տվել, նույնն էլ՝ Գանձասարում։ Եթե մարդը սա չի հասկանում, բարձրանում է խորան ու քարոզ է անում, ես ինչպե՞ս դրան հավատամ, որ լավ բան է անում։ Այլ կերպ ասեմ՝ ոչ լեգիտիմ իշխանության ցանկացած քայլ ոչ լեգիտիմ է ինձ համար, որովհետև չի կարող մարդը մի տեղում ազնիվ լինի, մյուս տեղում՝ ոչ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Թևան Պողոսյանը։

Ըստ նրա, Առաքելական եկեղեցին պետք է շարունակի քարոզել ժողովրդին ու բացատրի այն բոլոր խնդիրները, որոնք կան, հատկապես այն դեպքում, երբ իշխանությունը ժողովրդին այլ խոստում է տվել, բայց այլ բան է արել։

Կարդացեք նաև

«Հիշում եք, ասում էր՝ Արցախի հարցը ժողովրդի թիկունքում չի որոշվում, բայց թիկունքում որոշվե՞ց, եղել է, չէ՞, նման բան։ Հիմա եթե նման բան եղել է, այդ մարդիկ ինչպե՞ս համոզվեն, որ այդ անձը մյուս հարցերը ճիշտ կլուծի։

Այսօ,ր քանի որ այս լեգիտիմ իշխանությունն անում է ամեն ինչ, որպեսզի պահի իր իշխանությունը, բնականաբար, ամբողջությամբ լծված է այս գործընթացին, ռեպրեսիաները մեծացնում է, քաղաքական դաշտի վրա ռեպրեսիաներ չկա՞ն։

Այս իշխանությունը տեսել է, որ եկեղեցականը կարող է ոգեշնչել ազգին պայքարի համար, իսկ իրենց այդ պայքարը ձեռնտու չէ, որովհետև այդ ընթացքում շատ բաներ կարող են բացահայտվել ի վնաս իրենց։

Մենք այլևս իրավունք չունենք այսպես սուսուփուս ամեն ինչին հավատանք»,- հավելեց Թևան Պողոսյանը։

Շարունակելով, Թևան Պողոսյանն ասաց՝ եկեղեցին պետք է անի այն, ինչ դարեր շարունակ արել է՝ պահպանելով արժեքները։

«Առաջին նախագահը 2 անգամ հայտարարությամբ է հանդես եկել, նրան որևէ մեկը չի ասել, չէ՞, որ հայտարարությամբ հանդես գա, մարդ է, հավատում է՝ անում է։

Իսկ երբ իշխանություններն ասում են՝ եթե Վեհափառը չհեռանա, նրան կստիպեն հեռանալ՝ բռնության կոչ է։ Հիմա սրանից հետո ի՞նչ ասեմ՝ ժողովրդավար երկրում ստիպո՞ւմ են, հատկապես նման բան չի կարող անել այն ուժը, որ բան է խոստացել ու չի արել, բա ինքն ինչո՞ւ հեռացված չէ»,- ընդգծեց Թևան Պողոսյանը։

Տեսանյութեր

Լրահոս