Բաժիններ՝

Ամերիկացիները վստահեցրել են Թրամփի հետ պայմանավորվածությունների «երկաթբետոնե» լինելու մասին. Կրեմլ

Մոսկվան և Վաշինգտոնը շարունակում են աշխատանքը Ուկրաինայի հակամարտության երկարաժամկետ կարգավորման ուղղությամբ։ Այս մասին «Москва. Кремль. Путин» ծրագրում լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, տեղեկցնում է «Коммерсантъ»-ը։

Ըստ Ուշակովի, բանակցությունները վերաբերում են ոչ թե ժամանակավոր հրադադարին, այլ հակամարտության կայուն լուծման հեռանկարներին։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ ներկայացուցիչները, որոնց հետ այժմ ընթանում են քննարկումները, զգալիորեն տարբերվում են նախորդ վարչակազմերի կադրերից։

«Ամերիկացիներն ամեն կերպ ընդգծում են, որ Թրամփն այլ մարդ է, նրա գաղափարախոսությունը տարբեր է, և եթե նա ինչ-որ բանի շուրջ պայմանավորվի, դա կլինի «երկաթբետոնե»», — նշել է նախագահի օգնականը։

Ուշակովը նաև հայտարարել է, որ ամերիկացի բանակցողները, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները, «շատ մոտ են Թրամփին և ծառայում են նրան»՝ կատարելով նրա ցուցումները։

Դեկտեմբերի 2-ին Մոսկվայում տեղի են ունեցել գրեթե հնգժամյա բանակցություններ ամերիկյան կողմի ներկայացուցիչների հետ, որոնք ճանաչվել են կառուցողական և բովանդակային։ Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել է տարածքների հարցը։ Բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները վերադարձել են Վաշինգտոն։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպումից հետո վստահություն է հայտնել, որ Մոսկվան ցանկանում է ավարտել Ուկրաինայի հակամարտությունը՝ նշելով, որ Ուկրաինան բաց է թողել կարգավորման լավագույն ժամանակը, իսկ ներկայիս իրավիճակը նրա օգտին չէ։ Ռուսաստանյան կողմն իր հերթին հայտարարել է խաղաղ բանակցությունների բոլոր մանրամասների առարկայական քննարկման պատրաստակամության մասին՝ ձգտելով դրանց հաջող ավարտին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս