135 միլիոն 443 հազար դրամ՝ շուրջ 350 հազար դոլար՝ «չոր նավահանգստի» կառուցման «չոր հաշվարկների» համար
Օգոստոսի 11-ին պետգնումների էլեկտրոնային՝ armeps.am համակարգում տեղադրվել է «Շիրակի մարզում չոր նավահանգստի ստեղծման» ծրագրի նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության պատրաստման համար Էկոնոմիկայի նախարարության և հոլանդական “Maritime & Transport Business Solutions B.V” ընկերության միջև կնքված պայմանագիրը, որը կնքվել է 2023 թվականի հունիսի 27-ին, ապա օգոստոսի 11-ին նոր համաձայնագրով որոշ խմբագրումներ են կատարել:
Պայմանագրի գինը կազմել է 135 միլիոն 443 հազար դրամ՝ շուրջ 350 հազար դոլար:
Maritime & Transport Business Solutions B.V ընկերությունը, որն ընտրվել է երկփուլ մրցույթով, 18 տարվա պատմություն ունի, գործում է Նիդեռլանդներում: Ընկերությանն աֆիլացված Port Finance International կազմակերպությունը 2009 թվականից համաժողովներ և դասընթացներ է կազմակերպել Մեծ Բրիտանիայում, Թուրքիայում, Նիդեռլանդներում և Բրազիլիայում:
Տեխնիկատնտեսական ուսումնասիրության շրջանակը, ըստ գնման առարկայի բնութագրի, պետք է ներառի հետևյալ հարցերի պատասխանները՝
-ի՞նչ «կարիքի» կամ հնարավորության կանդրադառնա առաջարկվող նախագիծը և ի՞նչ քանակությամբ,
-որո՞նք են Նախագծի նպատակները. ինչի՞ն է նպատակաուղղված Նախագիծը: Ինչպե՞ս կարող են տվյալ նպատակները լավագույնս արտահայտվել։ Ի՞նչ տարբերակներ կան տվյալ նպատակներին հասնելու համար։ Արդյո՞ք յուրաքանչյուր տարբերակ իրագործելի է։
-որո՞նք են լինելու յուրաքանչյուր տարբերակի դեպքում առաջացած կապիտալ և գործառնական ծախսերը,
– ի՞նչ ֆինանսական և տնտեսական օգուտներ ձեռք կբերվեն և ի՞նչ քանակությամբ,
-արդյո՞ք նպատակների համատեքստում կան անընդունելի ռիսկեր,
-որո՞նք են Նախագծի սոցիալական և բնապահպանական ազդեցությունները,
-արդյո՞ք օգուտների գնահատված գումարը` ֆինանսական և տնտեսական առումով, ավելի մեծ արժեք ունի, քան ծախսերի գնահատված գումարը
և այլն:
Նախագծի շրջանակներում իրականացվելիք հետազոտության շրջանակներում մասնակիցը նաև պետք է ապահովի հետևյալ աշխատանքների իրականացումը`
-Հայաստանում Ազատ տնտեսական գոտում գործունեություն ծավալելու համար ընկերության ստեղծման գործընթացի նկարագրությունը,
-Վերոնշյալի համեմատական վերլուծություն իրականացնել առնվազն երկու այլ ԱՏԳ-ների՝ մասնավորապես, JAFZA-ի (Ջեբել Ալիի ազատ գոտի) հետ,
-Հայաստանում ԱՏԳ-ում գործող ընկերությունների կորպորատիվ հարկի կանոնների էքստրապոլյացիա իրականացնել։
-Ուսումնասիրել մաքսային կանոնների տարածումը, որոնք կարող են խոչընդոտել կամ միջամտություն առաջացնել կորպորատիվ գործունեությանը։
-Կազմել Սփյուռքի հաջողակ բիզնեսների ցանկը, մասնավորապես՝ արտադրական ոլորտում):
– Համեմատական ուսումնասիրություն և վերլուծություն իրականացնել Հայաստանում գործող ԱՏԳ-ների և հատուկ տնտեսական գոտիների միջև՝ համեմատելով դրանց կառավարման կանոնները։
– Ի՞նչ պահանջներ կան Չոր նավահանգիստը IMO-ում (Միջազգային ծովային կազմակերպություն) գրանցելու համար:
-Ուսումնասիրել Հայաստանի նավահանգստային մարմին՝ որպես պետական մարմին, ստեղծելու պահանջները։
-Իրականացնել խորը համապարփակ հանրային հարցման գործընթաց։
-Գտնել և ուսումնասիրել հողերի օտարման կանոնների և մեթոդների մասին միջազգային իրավունքը (UNCTAD): Ուսումնասիրել տարանցման վճարների չեղարկման հետևանքները արտասահմանյան փոխադրումների և ապրանքների վրա։
-Գտնել օրինակներ՝ դեպի ծով ելք չունեցող պետությունների վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիայի արդյունավետ օգտագործման վերաբերյալ։
Եթե հակիրճ, ապա հենց այս «թանկարժեք» ուսումնասիրությունը կտա հիմնական հարցի պատասխանը՝ Գյումրիի չոր նավահանգստի, ինդուստրիալ պարկի մեջ հնարավոր ներդրումները կարդարացվե՞ն, թե՞ ոչ:
Իշխանությունները՝ տնտեսական խոսափող Վահան Քերոբյանի միջոցով, մեկ անգամ չէ, որ վստահեցրել են՝ ինդուստրիալ պարկի ստեղծմամբ՝ Գյումրիում կկենտրոնանան խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ, կստեղծվեն շուրջ 40 հազար աշխատատեղեր:
«Նախնական տեխնիկատնտեսական վերլուծությունները ցույց են տալիս, որ դա գրավիչ ներդրում է։ Այն հետաքրքրությունը, որ այսօր ձևավորվում է հնարավոր նախագծի շուրջ, և այն հանգամանքը, որ մասնագիտացված ընկերությունները ուսումնասիրում են փաստաթղթերի փաթեթը և դրական արձագանք են տալիս, թույլ են տալիս ենթադրել, որ պրոցեսը հաջողությամբ առաջ կընթանա, բայց ժամանակից առաջ չընկնենք»,- ամիսներ առաջ վստահեցրել էր ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Մինչդեռ մասնագիտական տարբեր շրջանակներ, նաև այն շրջանակները, որոնք դրական են համարում հիշյալ նախաձեռնությունը, ռիսկեր են տեսնում՝ մասնավորապես նկատելով, որ չոր նավահանգիստը սովորաբար կառուցվում է բուն նավահանգստից 30-50 կիլոմետր հեռավորության վրա, մեր դեպքում, փաստորեն՝ 300, ունե՞նք բավարար ենթակառուցվածքներ, որոնք կսպասարկեն տրանսպորտային կապուղիները, և վերջում՝ արդյո՞ք գործող իշխանությունը կարող է իրականացնել նման ծրագիր՝ հաշվի առնելով տնտեսական նախորդող փորձը:
168.am-ի հետ զրույցում այս խնդիրներին անդրադարձան Աուդիտորների պալատի նախագահ, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:
«Երբ հայտարարվել է չոր նավահանգստի մասին, արդեն իսկ թերահավատորեն ենք վերաբերվել,- մեզ հետ զրույցում նշեց Նաիրի Սարգսյանը՝ պարզաբանմամբ, որ դրա համար հիմնավոր պատճառ է եղել հայտարարողի և աշխատանքը նախաձեռնողի անցած ճանապարհը, և թե նախկին հայտարարությունների ո՞ր մասն է իրագործվել ցայսօր,- Իսկ եթե արդեն մասնագիտական բաղադրիչներն էլ գումարում ենք, ապա պնդում ենք մեր դիրքորոշումը:
Տնտեսական քաղաքականությունը չեն մշակում հատվածային. մենք եթե չունենք նպատակը՝ որոնք են մեր գերակա ուղղությունները, ինչ ներդրումներ ենք այդ ուղղությամբ իրականացնում: Օրինակ, առաջին հերթին գերակա ուղղություն պետք է լինի գյուղատնտեսությունը, բայց գյուղատնտեսության նախարարություն չունենք, ոլորտին աջակցության գործուն ծրագիր չունենք, հետևաբար, եթե գերակա ուղղությունները թողնում ենք՝ մի հատ էլ՝ «չոր նավահանգստի» մասին ենք խոսում: Ի՞նչ է անելու այդ նավահանգիստը. եթե որոշում ենք դիտարկվել որպես տրանսպորտային հանգույց, ապա ինչպե՞ս՝ մեր ո՞ր ճանապարհներով, ո՞ր թունելներով ու կամուրջներով, որոնք դեռևս չեն կառուցվել ու առաջիկա ծրագրերում չենք էլ տեսնում: Գալով քաղաքական բաղադրիչին՝ շարունակ խոսում են ճանապարհների ապաշրջափակման մասին, բայց այդ հարցն այդպես էլ անորոշ է մնացել: Այդ բոլոր փաստարկները թերահավատությունը վերածում են վստահության, որ դա չի գործելու»:
Ինչ վերաբերում է «չոր նավահանգստի» տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը հոլանդական ընկերությանը պատվիրակելու ընտրությանը, ապա Աուդիտորների պալատի նախագահը չբացառեց, որ նման ուսումնասիրություններ հայաստանյան ընկերությունները ևս կկարողանային անցկացնել՝ շատ ավելի մատչելի տարբերակով:
Ըստ Թադևոս Ավետիսյանի՝ «չոր նավահանգիստ»-ը պետք է նախ ունենա որոշակի պահանջարկ, ապա նաև հնարավորություն՝ սպասարկելու բեռնափոխադրումները, սակայն նրա համոզմամբ ևս, նկատի ունենալով գործող կառավարության տնտեսական քաղաքականության վարքագիծը՝ սա առավել ցուցադրական էֆեկտ կունենա, քան կդառնա իրական հնարավորություն:
«Ո՞ր ուղղությամբ բեռնափոխադրում պետք է սպասարկվի. Վրաստանի տարածքով եկող բեռների, բեռնափոխադրումների մասին է խոսքը: Մենք ակնհայտ տեսնում ենք, որ օրվա իշխանությունները նույնիսկ նվազագույն խնդիրները չեն կարողանում լուծել հարևան երկրների հետ. օրինակ, միայն հայկական բեռներ փոխադրողները այդ ուղղության վրա ունենում են կոնկրետ բարդություններ: Եթե վրացական տարածքում թուրքական բեռնատարներն ազատ անցնում են, իսկ խոչընդոտների առջև են կանգնում հայկական բեռնափոխադրողները, հետևաբար՝ սրանք, որպես պետություն, չեն կարողանում այդ լոգիստիկ հարցերը լուծել:
Եթե չեն կարողանում կայուն բեռնափոխադրման խնդիրները լուծել, ապա կառուցում են՝ ի՞նչ անեն. սա ի՞նչ նոր արդյունք կարող է ունենալ տնտեսության համար՝ պարզ չէ, բայց ծախսեր են անում»,- մանրամասնեց նա:
Այս համատեքստում պատգամավորը հիշեցրեց համացանց արտահոսած վերջին տեսանյութերը, որոնցում իշխանությանը մաս կազմող տարբեր ներկայացուցիչներ երբ մնում են «իրենք իրենց հետ», արձանագրում են՝ իրենց խոստումների կեսից ավելին չեն կատարում:
«Մի բան է՝ իրենք ինչ են խոստանում, և բոլորվին այլ բան՝ իրականությունը: Դա միայն ապաշնորհության հետևանքը չի, այլև անսահման պոպուլիզմի:
Այդ 350 հազար դոլարը կգումարվի ոչինչ չտվող միլիոնավոր դոլարների այլ ծախսերի. Իրենք, օրինակ, պետական պարտք են վերցնում, և այդ գումարները պահում են, բայց դրա համար մեր հարկերից տասնյակ-միլիոնավոր դոլարի տոկոսներ ենք վճարում: Կամ՝ տարբեր ծրագրերը, որոնք փորձում են իրականացնել, ժապավեններ են կտրում ցուցադրական, բայց պարզվում է՝ այդ ծրագրերը չեն մեկնարկել: Կապանի օդանավակայանի մասին էր երեկ խոսում իրենց առաջնորդը, խոսեց-վերջացրեց՝ հեռուստացույցով դեռ չէին հասցրել ցույց տալ, արդեն թուրքը կրակում էր այդ ուղղությամբ:
Սա է իրողությունը, իսկ դա հերթական փոքր դրվագն է»,- հավելեց Թադևոս Ավետիսյանը: