Պատերազմին առնչվող առանցքային հարցի պատասխանատվությունը Փաշինյանը դրեց Օնիկ Գասպարյանի վրա

Այն, որ հունիսի 27-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբին, հետախուզական ծառայություններին, համապատասխան ինստիտուտներին մեղադրեց պատերազմի հավանականության մասին իրեն իրարամերժ, ապակողմնորոշիչ տեղեկություններ փոխանցելու համար, նորություն չէր: Այսինքն, որ համապատասխան կառույցները պատերազմի հավանականությունը մինչև ամսի 25-ը 30 տոկոս են գնահատել, նման պնդում Փաշինյանն արել է դեռ 2021 թվականին, և ոչ մեկ անգամ:

Не виноватая я… հետախուզությունն է մեղավոր կամ՝ ни одна разведслужба не предскажет, что сделает правительство, если оно само этого не знает

Մասնավորապես, 2021 թվականի ապրիլի 14-ին ԱԺ-ում Փաշինյանը հայտարարել էր.

«Ես, այո, ունեցել եմ այդպիսի զգացողություն, բայց ինստիտուցիոնալ առումով մեր ինստիտուտները չեն արձանագրել, որ պատերազմն անխուսափելի է: Չի եղել ինստիտուտ, որ ինձ զեկուցի, որ պատերազմն անխուսափելի է: Ընդհակառակը՝ ես ասել եմ, որ պատերազմի հավանականությունը ոնց որ մեծանում է, և մեր ինստիտուտները չեն համաձայնվել այդ գնահատականի հետ»։ Նաև հավելել էր, թե սա ապացուցող փաստեր նույնպես կան:

Կարդացեք նաև

Նույն տարվա սեպտեմբերի 15-ին դարձյալ ԱԺ-ում Փաշինյանը կրկնել էր իր այս պնդումը. «ՀՀ համապատասխան ինստիտուտները մինչև 2020 թվականի սեպտեմբերի 25-ը ներառյալ պատերազմի վերսկսումը համարել են քիչ հավանական, խոսքն այն ինստիտուտների մասին է, որոնք իրավասու են այդպիսի գնահատական տալ»:

Իսկ 2023 հունիսի 27-ին Քննիչ հանձնաժողովում հարցուպատասխանի ժամանակ նա վերը նշված պնդմանը փոքր հավելումներ էր արել. «Մեր ինստիտուտները որքա՞ն են հավանական գնահատել պատերազմի հավանականությունը մինչև ամսի 25-ը, 30 տոկոս է եղել հավանականության գնահատումը: Եվ դա եղել է ոչ միայն հետախուզության, այլ մի շարք այլ տվյալների, միջազգային գործընկերների հետ շփումների հիման վրա: Ինձ ուրիշ բան էլ է զեկուցվել, որ պատերազմի հավանականությունը 30 տոկոս է, և նաև հնչել է, որ սա հոգեբանական ճնշում է քաղաքական իշխանության վրա, որ նա գնա անհամաչափ զիջումների»:

Փաշինյանը շարունակել է, որ սրա հետ լրացուցիչ տեղեկություններ կան, որոնք արդեն տրամադրել է ՔԿ-ին հարուցված գործի շրջանակներում տրված ցուցմունքում:

Նշենք, որ տարեսկզբին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր՝ շատ կարևոր քրեական գործ ունեն, որը վերաբերում է նախապատերազմական իրադրությանը։

Գերագույն հրամանատար Փաշինյանը շարունակում է ազատվել իր բաժին մեղքերից

Ի դեպ, հունիսի 27-ին Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, թե ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն իրենց ասել է, որ «ՀՀ ԶՈւ-երը 0046 դիրեկտիվի համաձայն՝ մաս-մաս բերվում էր առաջին աստիճանի պատրաստականության, որի համար հիմք է հանդիսացել ռադիոկլանման միջոցով սեպտեմբերի 25-ին ստացված F-16-ի օդաչուների խոսակցությունն առ այն, որ վաղն ինչ-որ կարևոր բանի պիտի մասնակցեն»:

Եվ, ըստ Քոչարյանի, ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն այդ ժամանակ «ինտուիցիայով կատարել է նախապատրաստական բոլոր աշխատանքները»:

Իսկ ՔՊ-ական պատգամավոր Քրիստինե Պողոսյանն էլ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է՝ ռազմավարական գործընկերոջ հետ, որն ավելի մեծ հետախուզական ծառայություն ունի, քննարկվե՞լ է պատերազմի հավանականության հարցն այն ժամանակ, Հայաստանին տրամադրվե՞լ է տեղեկություն հավանական պատերազմի սկսվելու մասին:

Փաշինյանը պատասխանել է, որ այդ թեմայով ինքն անձամբ քննարկումներ չի ունեցել:

«Բայց ինձ մի քանի անգամ զեկուցվել է, որ մեր միջազգային գործընկերները նույնպես պատերազմը քիչ հավանական են համարում և կոչ են անում, որ ՀՀ ԶՈՒ-ն կտրուկ գործողություններ չիրականացնեն՝ այսպես ասած՝ չեղած տեղից պատերազմ չսադրելու համար: Եվ ես կարծում եմ, որ ԶՈՒ ԳՇ-ի ինձ տված զեկույցը նաև այս տեղեկատվության ազդեցությամբ է ձևավորվել: Ես անձամբ այդ գնահատականի հետ այդքան էլ համաձայն չէի: Իհարկե, միշտ իմ հրահանգը եղել է այն, որ պետք է բարձր զգոնություն ապահովել»,- ասել է նա:

Այնուհետև Փաշինյանը հայտնել է, որ 2020թ․ հուլիսին ՊՆ ողջ հրամկազմի մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրվել, և, որ որպես քաղաքական ղեկավար՝ իր համար որոշակի խնդիր է եղել՝ բանակին հրահանգ տա՞ կոնկրետ գործողություն անելու, թե՞ ոչ:

«Որովհետև եթե ես հրահանգ տամ, դա կարող է դառնալ այն կանխատեսված սադրիչ գործողությունը, որի արդյունքում պատերազմ կբռնկվի, բայց իմ քաղաքական հրահանգը եղել է լինել իրավիճակին համարժեք»,- ընդգծել է Փաշինյանը և շարունակել, որ 2020թ. հուլիսի ՊՆ-ում ողջ հրամկազմի մասնակցությամբ խորհրդակցությունում հարցրել է՝ արդյոք պլաններում կա՞ն այնպիսի ցուցիչներ, որոնց ի հայտ գալու դեպքում գնահատում են, որ հարձակում է տեղի ունենալու, պատասխանը եղել է՝ կան այդպիսի ցուցիչներ:

«Եվ իմ հրահանգը եղել է սա՝ երբ այդ ինդիկատորներն ի հայտ կգան, բանակը պետք է սահմանված ձևով գործի: Ես ասել եմ, որ նույնիսկ դրա համար առանձին քաղաքական խորհրդակցությունների անհրաժեշտություն չկա, որովհետև այդ ինդիկատորը կարող է ի հայտ գալ կեսգիշերն անց, և մինչև 1-2 զեկույց, քննարկում, բանը բանից կարող է անցնել»,- շեշտել է իրեն գերագույն գլխավոր հրամանատար հռչակած Փաշինյանը, որը մոտ 2 տարի առաջ հայտարարել էր, որ իր հիշողության մեջ «արձանագրված կա, որ սեպտեմբերի 27-ից 2 օր առաջ ինչ-որ ռադիոկլանում էր տեղի ունեցել, մի նախադասություն, որն այդ առումով շատ վստահելի էր թվացել», մեկ այլ առիթով էլ, որ «Ադրբեջանը պատրաստվում էր 2 օր անց պատերազմ սկսել, և, բնականաբար, տեղեկատվական պատերազմը պետք է ակտիվանար»:

Փաշինյանի վերը նշված հայտարարության և ձևակերպումների մեջ ուշագրավ տողատակեր կան:

Ռազմական ոլորտի փորձագետները, քաղաքական որոշ գործիչներ, 168.am-ն իր վերլուծություններում մեկ անգամ չէ, որ հարց է բարձրացրել՝ արդյո՞ք քաղաքական որոշում կամ պարտադրանք է եղել, որ զորքը, ՊԲ-ն պաշտպանության չանցնեն:

Փաստացի երեկ Նիկոլ Փաշինյանը նաև այս պատասխանատվությունն ամբողջությամբ դրեց Գլխավոր շտաբի և Օնիկ Գասպարյանի վրա՝ նրա կարգադրությանը և որոշումներին վերագրելով նաև արտաքին ազդեցություն:

Հավելենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Մատաղիսի զորամասի հրամանատար եղած գնդապետ Սևակ Աբրահամյանի փաստաբան Արման Թամրազյանը 168.am-ին, նաև այլ լրատվամիջոցների ասել էր, որ պատերազմի ժամանակ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը 2020 թվականի սեպտեմբերի 25-ին կարգադրություն է արձակել՝ ԶՈՒ-երը պետք է պատրաստ լինեն հակառակորդի սադրիչ գործողությունները դիմագրավելու և կանխելու: Բացի այս, նա իր կարգադրության մեջ նշել է, որ ղեկավարման մարմինների համար սահմանվում է մարտական աշխատանքային ռեժիմ:

«Սեպտեմբերի 25-ին ԳՇ պետը կարգադրություն է տվել առ այն, որ ղեկավարման մարմինների համար սահմանվում է մարտական աշխատանքային ռեժիմ, դա ուղղված է եղել ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին, որովհետև «ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի» համաձայն՝ վերադասն իր ստորադասին է կարգադրում, նա չի կարող իր ստորադասի ստորադասին կարգադրություն տալ»,- 168.am-ի զրույցում շեշտել էր քր. գործով անցնող գնդապետի փաստաբանը՝ հավելելով, որ «կուտակումները տեղի են ունեցել ոչ թե սեպտեմբերի 25-ին, այլ այդ զորամիավորումները, որոնք, ըստ էության, հարձակումը սկսել են, դրանք տեղակայված են եղել այդ տարածքում 2020 թվականի հուլիս ամսից՝ տավուշյան դեպքերից հետո»: Այսինքն, հուլիս-օգոստոս ամիսներին այդ խմբավորումներն արդեն այդտեղ տեղակայված էին:

Հիշեցնենք, որ 2021 թվականի հոկտեմբերին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարց էր ուղղել՝ «տվյալ եք ունեցել, որ պատերազմ է լինելու, և եթե անգամ հարյուր տոկոսով չեք հավատացել կամ չեք վստահել, ինչո՞ւ Ձեզ, ՀՀ-ն և Արցախը ապահովագրելու համար, պետական կառավարման համակարգը և ԶՈՒ-ն պատրաստության վիճակի չեք բերել», ինչին Փաշինյանը պատասխանել էր.

«Զինված ուժերն ունեն կիրառման պլան, և զինված ուժերը գործում են՝ ըստ իրենց կիրառման պլանի: Էնպես չի՝ սուբյեկտիվ ցանկություն է, որ մեկ էլ զինված ուժերը հանում ես, և այլն, և այլն: Այսինքն, ինստիտուտ է, այնուամենայնիվ, հետո հետ կդառնանք և կտեսնենք, թե էդ ինստիտուտը ոնց է աշխատում: Եվ, այո՛, կա կիրառման պլան, կան անհրաժեշտ ընթացակարգեր, և էդ ընթացակարգերը պետք է աշխատեն, ապահովագրելու-չապահովագրելու մասին չի»:
Այսինքն, Փաշինյանը 2 տարի առաջ միանգամայն նորմալ էր համարում զորքի կիրառման պլանը, այսպես ասած, պատերազմական պայմաններին չմոտեցնելը: Իսկ թե ի՞նչ է եղել իրականում սեպտեմբերի 25-ին և պատերազմի օրերին, կիմանանք, երբ Օնիկ Գասպարյանը խաթարի իր լռությունը:

Իսկ մինչ այդ հարկ է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը չի կաշկանդվել, երբ միանձնյա որոշել է պատերազմից հետո Սյունիքից զորքը հետ քաշելու հրաման տալ, մերժել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի՝ պատերազմը կանգնեցնելու առաջարկները, պահանջել նոյեմբերի 7-ին կորսված Շուշին հետ վերցնել, հավանություն տալ հակահարվածի հայտնի օպերացիային, և այսպես շարունակ:

Իհարկե, այս բոլոր դեպքերում իրեն գերագույն հրամանատար հռչակած Նիկոլ Փաշինյանն իր պատասխանատվությունը չի տեսնում՝ պատճառաբանելով, թե հավատացել է զինվորականությանը, այսինքն, ինքը վստահել է մասնագետներին:

Եվ այն, որ գերագույն հրամանատարին կարելի է խաբել, մեդալներ, փողեր, տեխնիկա ուզել՝ հաշվի առնելով, որ նա գործից չի հասկանում, դա ևս երկրի ղեկավարի և գերագույն հրամանատարի մեղավորությունն է:

Ի դեպ, «Պաշտպանության մասին» օրենքի՝ Պաշտպանության ոլորտում ՀՀ վարչապետի լիազորությունների մասին հատվածում նշվում է.

«Հայաստանի Հանրապետությանն սպառնացող անմիջական վտանգի և (կամ) զինված հարձակման դեպքում՝

ա. հրավիրում է Անվտանգության խորհրդի նիստ,

բ. քննարկում է պետությունն անհրաժեշտ պատրաստականության աստիճանների բերելու, ռազմական դրություն կամ պատերազմ հայտարարելու, զինված ուժերի կիրառման պլանը գործողության դնելու, ընդհանուր կամ մասնակի զորահավաք հայտարարելու նպատակահարմարության հետ կապված հարցերը,

գ. կառավարության կողմից զինված ուժերի կիրառման մասին որոշում կայացնելու անհնարինության դեպքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջարկությամբ կայացնում է որոշում զինված ուժերի կիրառման պլանը գործողության մեջ դնելու մասին՝ այդ մասին անհապաղ տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին,

դ. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում և կարգով իրավիճակի մասին իրազեկում է դաշնակից և գործընկեր պետություններին,

ե. իրականացնում է սպառնալից իրավիճակից բխող այլ անհրաժեշտ գործողություններ.

5) պատերազմ հայտարարվելու դեպքում, որպես զինված ուժերի գերագույն հրամանատար, ընդունում է պատերազմական ժամանակի քաղաքական և ռազմական բնույթի որոշումներ»:

Այսինքն, այն, որ Նիկոլ Փաշինյանն իրեն ազատում է կարևոր պատասխանատվություններից, դա դեռ չի նշանակում, որ ինքը պատասխանատու չէ պատերազմի ընթացքի, արդյունքների և հետևանքների համար, հատկապես, երբ պետությունն է վարում պատերազմը, ավելին, այն երկրի արտաքին քաղաքականության ու դիվանագիտության ձախողման արդյունք է:

Քանի որ Փաշինյանը Քննիչ հանձնաժողովում հիշատակել էր 2020 թվականի հուլիսյան մի խորհրդակցություն, հավելենք, որ 2020 թվականի նոյեմբերի 17-ի իր ուղերձում ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը հայտնել էր, որ հունիսի 8-ին իր նշանակումից հետո պարբերաբար Նիկոլ Փաշինյանին և ԱԽ նիստում ներկայացրել է տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության վերլուծությունը և մեր զինուժի կարողությունները:

Կատարված վերլուծության հիման վրա նաև առաջարկություններ է արել պետության ռազմական անվտանգության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ, և, մասնավորապես, նշել է, որ «այլևս մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան, հետևաբար՝ այդ պետությունների համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել, և անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժը ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն»:

«Տրված առաջարկը Անվտանգության խորհրդի և վարչապետի կողմից ընդունվեց, սակայն հարցադրում արվեց` «Իսկ եթե չհաջողվի պատերազմից խուսափել, ի՞նչ պետք է անենք»: Ես պատասխանեցի, որ մեզ պարտադրված պատերազմում պետք է փորձենք հնարավորինս սեղմ ժամկետներում հասցնենք հակառակորդին մեծ կորուստներ և ստիպենք հրաժարվել հետագա գործողություններից: Նշել եմ, որ երկարատև պատերազմից պետք է խուսափենք` հաշվի առնելով մեր պաշարների առկայությունը: Քննարկվել և հավանության են արժանացել բազմաթիվ առաջարկներ, որոնց իրագործումը պետք է զգալիորեն բարձրացներ մեր մարտական ներուժը. դա վերաբերում էր և´ սպառազինության ու ռազմական տեխնիկայի ձեռքբերումներին, և´ մարտական գործողությունների համակողմանի ապահովմանը»,- շարունակել էր Օնիկ Գասպարյանը:

Ի դեպ, Պետրոս Ղազարյանի հետ զրույցում 44-օրյա պատերազմի ժամանակ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշել է. 

«2020 թվականի Հուլիսյան դեպքերից հետո ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը Անվտանգության խորհրդում ներկայացրել է զենք-զինամթերքի երազանքների, կամ, կոպիտ ասած, իդեալական ցուցակ: Եթե չեմ սխալվում, խոսքը 5 մլրդ դոլար կամ դրանից մի քիչ ավելի կամ պակասի մասին է: ՀՀ տնտեսությունը 1 օրում չէր կարող հատկացնել, իսկ ունենալուց հնարավոր չէր արագ ռեալիզացնել»:

ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանն էլ  «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է, որ իր առաջ քաշած հիմնավորումներից որևէ մեկին որևէ տեսակի լուծում չի տրվել Փաշինյանի կողմից։

«Երբ Փաշինյանն ասում է՝ բանակն իրենից ինչ ուզել է, մերժում չի ստացել, պետք է նրան հիշեցնել մի քանի դրվագ, օրինակ՝ փող բանակին պետք է եղել, բանակն ուզել է, բայց նա չի տվել։ Ընդ որում, մասնագիտորեն և մանրամասն հիմնավորումներ են եղել, թե ինչո՞ւ է գումար անհրաժեշտ, կոնկրետ ի՞նչ նպատակի համար դա պետք է ծառայեր, սակայն այդպես էլ չի փոխանցվել բանակին»,- շեշտել է նա:

Եվ սա այն դեպքում, երբ 2021-ի մարտի 12-ին «ՍիվիլՆեթի» հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել էր, որ Ադրբեջանը դեռ 2020-ի հուլիսին պիտի Արցախի ուղղությամբ մարտական գործողություններ իրականացներ, սակայն մտափոխվել է:

«Հուլիսյան դեպքերի ժամանակ Ադրբեջանը նպատակ է ունեցել միանգամից ռազմական գործողությունները տեղափոխել Արցախի շփման գիծ, բայց հետագայում հրաժարվել է այդ մտքից և այդ գործողություններին չի դիմել: Այս անգամ ինչի են կարողացել դա անել, դա հավելյալ Թուրքիայի օգնությանը դիմելն էր: Թուրքիայի ինտենսիվ մասնակցության արդյունքում է դա եղել: Այսինքն, Թուրքիան հավելյալ հնարավորություններ է տվել, օրինակ, F-16-ի, որը Թուրքիան տրամադրել է: Մեր տեխնոլոգիաները F-16-երի տեսանկյունից խնդիրներ չեն կարող լուծել: Այսինքն, էդ պահի իրավիճակում եղել է Ադրբեջանը, հետագայում Թուրքիան ավելի մեծ ինտենսիվությամբ է մտել Ադրբեջան, ավելի մեծ օգնություն է ցուցաբերել»,- մանրամասնել էր նա:

Իր հերթին՝ Նիկոլ Փաշինյանը 2020-ի նոյեմբերի 16-ին ԱԺ ամբիոնից հայտարարել էր.

«… մենք հասկացել ենք, որ կան ռիսկեր Թուրքիայի և ահաբեկիչների կողմից պրոցեսին ներգրավվելու»: 

ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը Սաթիկ Սեյրանյանի հետ հարցազրույցում վստահեցրել էր՝ վարչապետին ավելի լայնածավալ պատերազմի հնարավոր սցենարներ են ներկայացվել:

Ինչ վերաբերում է պատերազմի հավանականությունը գնահատելուն և դաշնակիցների օգնությանը, 2021թ օգոստոսի 29-ին «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հարցին՝ ունեցե՞լ ենք հետախուզական վերլուծություն,որ պատերազմ կարող է սկսվել սեպտեմբերի վերջին, Գրիգորյանը պատասխանել էր.

«Միացյալ Նահանգները, ունենալով աշխարհի հզորագույն հետախուզական ծառայություններից մեկը, 2001թ. սեպտեմբերի 11-ի մասին հստակ ինֆորմացիա և կանխարգելման գործողությունների հնարավորություն չի ունեցել»:

2020թ.-ի օգոստոսի 17-ին էլ դարձյալ «Ազատությանը» տված հարցազրույցում Արմեն Գրիգորյանն ի լուր աշխարհի հայտարարել էր.

«Մենք ամբողջովին պատրաստ ենք ցանկացած սցենարի և համոզված ենք, որ մեր ուժերով, ինչպես նաև դաշնակիցների աջակցությամբ կարողանալու ենք տարածաշրջանում կայունություն ապահովել։ Հուլիսյան դեպքերը ցույց են տվել, որ հայկական բանակը տարածաշրջանի ամենակայացած զինված ուժերն են»:

Իսկ 44-օրյա պատերազմից մեկ օր առաջ՝ 2020 սեպտեմբերի 26-ին, Փաշինյանի ընտանեկան թերթն «Ադրբեջանական քարոզչության հայկական «ֆրիլանսերները»» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որում, մասնավորապես, նշված էր.

«Մենք էլ ենք ամեն օր պատրաստվել ու հիմա էլ ենք պատրաստվում, և եթե մինչև հիմա լայնամասշտաբ պատերազմ չի սկսվել՝ հիմնական պատճառն այն է, որ մենք պաշտպանության ավելի լավ ենք պատրաստված, քան նրանք՝ հարձակման»:

Արդեն 2020-ի նոյեմբերի 29-ին ֆեյսբուքյան իր էջում Փաշինյանը խոստովանել էր. «Ի՞նչ ենք արել մենք: Պատրաստվել ենք պատերազմի, ինչքան դա հնարավոր է եղել: Հիմա պարզվեց՝ վատ ենք պատրաստվել: Բայց ինչի՞ն ենք վատ պատրաստվել»:

Կրկնում ենք՝ պատերազմը վարում է պետությունը, այո, պետությունը լավ չի պատրաստվել, իսկ բանակն անգամ առկա ռեսուրսով կարող էր այլ ելք ապահովել:

Խնդիրն այն է, որ ժամանակը վաղուց հասունացել է, որ ընդդիմությունը, զինվորականությունն օգնի Նիկոլ Փաշինյանին գրել իր իսկ մեղադրականը…

Հ.Գ. Հոդվածը պատրաստ էր հրապարակման, երբ Օնիկ Գասպարյանը հայտարարություն տարածեց։

Տեսանյութեր

Լրահոս