Не виноватая я… հետախուզությունն է մեղավոր

Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշել է․

«ՀՀ համապատասխան ինստիտուտները մինչև 2020 թվականի սեպտեմբերի 25-ը ներառյալ պատերազմի վերսկսումը համարել են քիչ հավանական, խոսքն այն ինստիտուտների մասին է, որոնք իրավասու են այդպիսի գնահատական տալ»:

Այս պնդումը ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանն արել էր նաև ընթացիկ տարվա ապրիլի 14-ին:

«Ես, այո, ունեցել եմ այդպիսի զգացողություն, բայց ինստիտուցիոնալ առումով մեր ինստիտուտները չեն արձանագրել, որ պատերազմն անխուսափելի է: Չի եղել ինստիտուտ, որ ինձ զեկուցի, որ պատերազմն անխուսափելի է: Ընդհակառակը՝ ես ասել եմ, որ պատերազմի հավանականությունը ոնց որ մեծանում է, և մեր ինստիտուտները չեն համաձայնվել այդ գնահատականի հետ»,- հայտարարել էր Փաշինյանն ու հավելել, թե սա ապացուցող փաստեր նույնպես կան:

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը երկրի համապատասխան ուժային կառույցներին՝ Գլխավոր շտաբ (ԳՇ), Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ), մեղադրում է կամ իրենց գործը լավ չանելու մեջ, կամ՝ իրենից պատերազմի սկսման հավանականությունը և ժամկետը թաքցնելու մեջ:

Նախ անդրադառնանք ԱԱԾ-ին: Եթե այս կառույցն իր առաքելության մեջ թերացել է, ապա դրանում մեղքի իր բաժինն ունի նախևառաջ հենց Նիկոլ Փաշինյանը, ով ԱԱԾ-ին իշխանության եկած օրվանից «զբաղեցնում» է ամեն ինչով, բացի անվտանգային հարցերից: Օրինակ, ԱԱԾ-ին հանձնարարում է գնալ ու սատանա բռնել, ԱԱԾ տնօրենին հրահանգում է գնալ գազալցակայաններում ՀԴՄ կտրոն ստուգել, նախկին իշխանություններին հետապնդել, իր թիմակից նախարարներին ու այլ պաշտոնյաների սենյակներում ժուչոկներ դնել, ընդդիմադիր գործիչներին ապօրինի գաղտնալսել, իր անձնական անվտանգությունն ապահովել: Սա հաստատել էր նաև ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը:

«Եթե Նիկոլ Փաշինյանը սատանա գտնելու փոխարեն՝ հանձնարարեր, որ ԱԱԾ-ն «Բայրաքթարների» կիրառման մասին տեղեկություններ հավաքեր, դրա դեմն առներ, այս արհավիրքը չէր լինի»,- լրագրողների հետ զրույցում ասել էր նա:

168.amգրել էր, որ ՀՀ արդարադատության արդեն նախկին նախարար (ԱՆ), այժմ՝ ՀՀ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի աշխատասենյակում ցանկացել են տեղադրել գաղտնալսող սարքեր՝ «ժուչոկներ»:

Արդարադատության նախարարությունը, ավելի ուշ հենց ինքը՝ Բադասյանը, մեր հարցադրումներին նախընտրեցին չպատասխանել: Հետևյալ հարցումն էինք ուղարկել նախարարությանը. «Հարգելի պարոն Բադասյան, 168.am-ի տեղեկություններով՝ վերջերս Ձեր աշխատասենյակում փորձ է արվել գաղտնալսող սարք տեղադրել: Արդյոք Դուք որևէ փոփոխություն նկատե՞լ եք Ձեր աշխատասենյակում կամ հանգստի սենյակում»: Արդարադատության նախարարությունից, սակայն, մեր հարցումից օրեր անց տեղեկացրել էին, որ իրենք չեն արձագանքելու մեր հարցմանը: Ասացին՝ այդպես էլ գրենք, որ իրենք չեն արձագանքելու մեր հարցմանը: Այսինքն՝ չհերքվեց:

Քաղաքաշինության պետական կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում էին նաև ապօրինի գաղտնալսող և նկարահանող սարքեր տեղադրել. «Վահագն Վերմիշյանի գործողությունները շուրջ 6 ամիս դատարանի որոշման հիման վրա և մեկ տարի առանց դատարանի որոշման, ակնհայտ հանցավոր ճանապարհով եղել են արտաքին և ներքին դիտման տակ, նրան գաղտնալսել են, տեսախցիկներով նկարահանել են»,- մեզ հետ զրույցում հայտարարել էր Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը:

Ինչ վերաբերում է ԳՇ-ին, ապա ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը 2020-ի նոյեմբերի 17-ի իր ուղերձում ասում էր, որ դեռ հունիսին իր նշանակումից հետո է ներկայացրել տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությունը:

«Ես զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակվել եմ ս.թ. հունիսի 8-ին, և արդեն հունիսի 12-ին ՀՀ վարչապետին, իսկ մի քանի օր անց` նաև Անվտանգության խորհրդին ներկայացրել եմ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության վերլուծությունը և մեր զինուժի կարողությունները:
Կատարված վերլուծության հիման վրա ներկայացրել եմ առաջարկություններ պետության ռազմական անվտանգության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ: Մասնավորապես նշել եմ, որ.

1. Այլևս մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան: Հետևաբար այդ պետությունների համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել և անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժը ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն:

2. Տրված առաջարկը Անվտանգության խորհրդի և վարչապետի կողմից ընդունվեց, սակայն հարցադրում արվեց` «Իսկ եթե չհաջողվի պատերազմից խուսափել, ի՞նչ պետք է անենք»: Ես պատասխանեցի, որ մեզ պարտադրված պատերազմում պետք է փորձենք հնարավորինս սեղմ ժամկետներում հասցնենք հակառակորդին մեծ կորուստներ և ստիպենք հրաժարվել հետագա գործողություններից: Նշել եմ, որ երկարատև պատերազմից պետք է խուսափենք` հաշվի առնելով մեր պաշարների առկայությունը: Քննարկվել և հավանության են արժանացել բազմաթիվ առաջարկներ, որոնց իրագործումը պետք է զգալիորեն բարձրացներ մեր մարտական ներուժը. դա վերաբերում էր և´ սպառազինության ու ռազմական տեխնիկայի ձեռքբերումներին, և´ մարտական գործողությունների համակողմանի ապահովմանը»,- տեղեկացնում է գեներալը իր ուղերձում:

Օնիկ Գասպարյանի այս պնդումը ավելի ուշ հաստատում է հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, երբ 2020-ի նոյեմբերի 16-ին ԱԺ-ում հայտարարում է.

«… մենք հասկացել ենք, որ կան ռիսկեր Թուրքիայի և ահաբեկիչների կողմից պրոցեսին ներգրավվելու»: 

Այսինքն, տեղեկացված չլինելու խնդիր չկար, դեռ չհաշված ադրբեջանական կողմից հնչող զգուշացումները, նաև՝ այլ գործոնները: Մեզ հետ զրույցներում թե հայաստանյան, թե միջազգային բազմաթիվ քաղաքական, տնտեսական գործիչներ են ահազանգ հնչեցրել սպասվող լայնածավալ պատերազմի մասին, որում ընդգրկված է լինելու Թուրքիան:

Ըստ մասնագետների, պետությունների հզորությունների գնահատման մեթոդներում հաշվի են առնվում հիմնականում մի քանի պարամետրեր՝ տնտեսության վիճակ, բանակի կարողություններ, դաշնակիցների հետ հարաբերություններ, ներքաղաքական վիճակ, ազգային նպատակ և այլն:

Պետության հզորությունն ուղիղ համեմատական է այս պարամետրերից ցանկացածին: Ադրբեջանի դեպքում այս բոլոր պարամետրերն իրենց իսկ գնահատմամբ հասել էին առավելագույնի՝ դաշնակիցների աջակցությունից սկսած՝ մինչև ազգային նպատակ: Այսինքն, պետության հզորությունը վերջին 30 տարվա համեմատ ընդունել է ամենաբարձր արժեքը: Հայաստանի դեպքում այդ հզորությունը գնահատվել է ամենացածրը՝ դարձյալ դաշնակիցների հետ հարաբերության մակարդակից՝ մինչև ներքաղաքական վիճակ, որտեղ նաև սևերի և սպիտակների բաժանում կար, ինչը, բնականաբար, մեծ ազդեցություն է ունենում պետության հզորության արժեքի վրա: Ալիևն իր հաշվարկներում, ցավոք սրտի, չսխալվեց, ինչի մասին հենց ինքը՝ Ադրբեջանի նախագահն էր խոստովանել:

Վերադառնալով Փաշինյանի՝ ուժային կառույցներին ուղղված մեղադրանքին, նշենք, որ վերջին երեք տարիների ընթացքում այդ ինստիտուտների՝ ԳՇ-ի և ԱԱԾ-ի ղեկավարներ են փոխվել 3-4 անգամ, ինչը, բնականաբար, այդ կարճ ժամանակահատվածում չէր կարող ուժեղացնել այդ կառույցների իմունիտետը, իսկ պատերազմական իրավիճակում գտնվող երկրի ղեկավարը պարտավոր էր այդ ամենը գիտակցել և հասկանալ:

Այսինքն, պատասխանատու անձանց մեղադրելուց առաջ պետք է հիշել, որ այդ ամեն ինչի պատասխանատուն հենց ինքն է՝ վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանն անձամբ:

Ավելին, չմոռանանք, որ ռազմավարական դաշնակիցները միմյանց հետ սերտ համագործակցում են նաև հետախուզական տվյալների փոխանակման գործում, հատկապե,ս եթե հաշվի առնենք, որ ՀՀ-ն արբանյակ չունի, և ինչ-ինչ տվյալներ ՌԴ-ից է ստանում, ըստ էության: Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանը նաև Ռուսաստանի՞ն է մեղադրում հետախուզական տվյալների հարցում չաջակցելու համար:

Ի դեպ, 2016-ի Ապրիլյան պատերազմի վերսկսման համար ՌԴ-ին մեղադրող Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ քառօրյա պատերազմի վերաբերյալ կարդացել է գաղտնի նյութեր և դրանցում չի գտել հետախուզական տվյալների բացակայություն: Այսինքն, լավ թե վատ, համակարգը նախկինների օրոք գործել է, և առնվազն Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողությունների կազմակերպման մասին հետախուզական տվյալներ փոխանցվել են երկրի ղեկավարությանը քառօրյայից 2 օր առաջ, որից հետո համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվել: Այլ հարց է, որ քառօրյան ավելին էր, քան դիվերսիան, բայց այն ոչ էլ 2020-ի պատերազմն էր:

Իսկ գուցե կարողացան այդ ժամանակ Ադրբեջանի դեմն առնել, որ քառօրյան չվերածվի ավելի լուրջ պատերազմի՞:

Բայց անգամ այս դեպքում ՀՀ ՊՆ գործող նախարար Արշակ Կարապետյանը, ով զբաղեցնում էր Զինված ուժերի հետախուզության վարչության պետի պաշտոնը, պաշտոնանկ արվեց Սերժ Սարգսյանի կողմից:

Իսկ իրեն պատերազմի սկսման մասին չտեղեկացնելու մեջ համապատասխան մարմիններին մեղադրող Փաշինյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Առաքել Մարտիկյանին պաշտոնանկ արեց միայն 2021-ի օգոստոսի 9-ին:

Իսկ թե ինչո՞ւ ԱԱԾ պետի պաշտոնից 2020-ի հոկտեմբերի 8-ին ազատվեց որևէ փորձառություն չունեցող ոչ պրոֆեսիոնալ Արգիշտի Քյարամյանը, որն այդ պաշտոնը ստանձնել էր սույն թվականի հունիսի 8-ին, հայտնի չէ մինչ այսօր: Փաստ է, որ Քյարամյանի «ծառայությունները» Փաշինյանին պետք են ՀՀ քննչական կոմիտեում:

Ինչ վերաբերում է երկրի հետախուզության աշխատանքին, այն, այո՛, կարևորագույն դերակատարում ունի պատերազմների կանխման հարցում, մյուս կողմից, ինչպես ասում են՝ «ни одна разведслужба не предскажет, что сделает правительство, если оно само этого не знает»:

Տեսանյութեր

Լրահոս