Արմեն Գրիգորյանի և Նիկոլ Փաշինյանի պասերով խաղերի հետևանքները

2021-ին Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է՝ «ՀՀ համապատասխան ինստիտուտները մինչև 2020 թվականի սեպտեմբերի 25-ը ներառյալ պատերազմի վերսկսումը համարել են քիչ հավանական, խոսքն այն ինստիտուտների մասին է, որոնք իրավասու են այդպիսի գնահատական տալ»:

«Ես, այո, ունեցել եմ այդպիսի զգացողություն, բայց ինստիտուցիոնալ առումով մեր ինստիտուտները չեն արձանագրել, որ պատերազմն անխուսափելի է: Չի եղել ինստիտուտ, որ ինձ զեկուցի, որ պատերազմն անխուսափելի է: Ընդհակառակը՝ ես ասել եմ, որ պատերազմի հավանականությունը ոնց որ մեծանում է, և մեր ինստիտուտները չեն համաձայնվել այդ գնահատականի հետ»,- մասնավորապես, 2021-ի ապրիլի 14-ին ԱԺ-ում 44-օրյա պատերազմի մասին խոսելով հայտարարել էր Փաշինյանն ու հավելել, թե սա ապացուցող փաստեր նույնպես կան:

Վերլուծական հրապարակումներում մշտապես գրել ենք այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը երկրի համապատասխան ուժային կառույցներին՝ Գլխավոր շտաբ (ԳՇ), Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ), մեղադրում է կամ իրենց գործը լավ չանելու մեջ, կամ՝ իրենից պատերազմի սկսման հավանականությունը և ժամկետը թաքցնելու մեջ:

Ըստ էության, երբ խոսում ենք լայնամասշտաբ պատերազմի հավանականության մասին, բնականաբար, նկատի ունենք և ունեցել ենք արցախյան ուղղությունը:

Կարդացեք նաև

Եվ հենց այս ուղղությամբ պատերազմը բացառել էր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, և ոչ մեկ անգամ, և ըստ էության, որևէ խորքային հիմնավորում չբերելով:

Մասնավորապես, 2020-ի հուլիսի 24-ին «Սիվիլնեթի» հետ զրույցում Անվտանգության խորհրդի քարտուղարը նշել էր, թե ինչու է բացառում մոտակա ժամանակներում Արցախի ուղղությամբ պատերազմը:

«Բացառման օրենքով ենք առաջնորդվում, Ադրբեջանի պաշտպանության նախարարը հարցազրույց էր տվել և ասել էր, որ Արցախի սահմանի երկայնքով տեղադրված վիդեոկամերաները դժվարություն են ստեղծում հանկարծակի գործողությունների համար: Այստեղից էլ տրամաբանական եզրահանգում ենք կատարել՝ բացառելով այդ ուղղությունը»,- ասել էր Գրիգորյանը:

Հաղորդավարի հակադարձմանը, թե՝ ուզում եմ հասկանալ՝ հետախուզությո՞ւնն է տվյալներ տվել, թե՞ այդ հարցազրույցի հիման վրա եք հանգել նման հետևությունների, ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն արձագանքել էր.

«ԱԽ խորհրդում, երբ մենք գնահատականներ ենք տալիս, դա չենք կատարում միայն հրապարակային ինֆորմացիայից, այլ համապարփակ գնահատական ենք տալիս: Մենք ունենք ՊՆ-ի, ԱԳՆ-ի, ԱԱԾ-ի տված տվյալները, և այդ բոլոր տվյալները ի մի բերելով, մենք կարողացել ենք գնահատական տալ: Մենք հետևում ենք Ադրբեջանում դոլարի կուրսից սկսած ամեն ինչին, որ հասկանանք, թե այդ երկիրն ուր է գնում, ինչ ազդեցություն կարող է ունենալ: Եվ այս ամեն ինչը գնահատելով՝ տեսել ենք, թե ինչ ուղղությամբ կարող է…»:

Նույն պնդումն Արմեն Գրիգորյանն արել էր նաև ավելի վաղ՝ 2020-ի հուլիսի 22-ին՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարն ասել է՝ Արցախի մասում կան տեսախցիկներ, ինչի պատճառով չեն կարողանում դիվերսիոն գործողություններ կատարել:

«Դա մեզ նախնական տվեց մտածելու տեղիք և ավելի ճշգրիտ գնահատականներ տալու հնարավորություն: Նախկինի համեմատ այսօր մենք ունենք Ադրբեջանը գնահատելու շատ մեծ կարողություն, նույնիսկ գիտական մեթոդներ ենք կիրառում Ադրբեջանը հասկանալու»,- շեշտել էր Գրիգորյանը՝ հավանական համարելով հուլիսյան ագրեսիան:

Ի՞նչ է ստացվում. Նիկոլ Փաշինյանին մինչև 2020 թվականի սեպտեմբերի 25-ը ներառյալ Արցախի ուղղությամբ պատերազմի վերսկսման հետ կապված սխալ տեղեկություն հաղորդելու, սխալ գնահատական ներկայացնելու մեղավորը նաև, գուցե՝ առաջին հերթին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյա՞նն է, որի մասին այս համատեքստում, կարելի է ասել, շատերը մոռացել են:

Ի դեպ, 2021-ի մարտի 12-ին «ՍիվիլՆեթի» հետ զրույցում նա ասել էր, որ Ադրբեջանը դեռ 2020-ի հուլիսին պիտի Արցախի ուղղությամբ մարտական գործողություններ իրականացներ, սակայն մտափոխվել է:

«Հարց.- Մենք Ձեզ հետ այստեղ հարցազրույց արեցինք հուլիսյան մարտերի ժամանակ: Դուք այն ժամանակ ասացիք, որ մենք արդեն մոտավորապես հասկանում էինք, կարող էինք կանխատեսել, թե Ադրբեջանը սահմանի կամ շփման գծի որ հատվածում կարող է ապակայունացնել իրավիճակը: Դուք ասացիք, որ հասկացանք՝ հուլիսյան մարտերը կարող են լինել հայ-ադրբեջանական սահմանին: Իմ հարցին՝ ինչպե՞ս դա փորձեցիք կանխատեսել, Դուք, այդ թվում՝ հաշվի առնելով Զաքիր Հասանովի հայտնի հարցազրույցը, որտեղ նա ասում է, որ շփման գծին տեղադրել ենք ջերմատեսիլներ, հնարավոր տեխնիկական լուծումներ ենք տվել տեխնոլոգիական, դրա համար իրենք չեն կարողանում մոտենալ, ենթադրել եք, որ ապակայունացում կարող է լինել այլ վայրում: Ինչպե՞ս Ձեր այդ տրամաբանությունը չաշխատեց, և նրանք հարձակվեցին Արցախի վրա: Արդյո՞ք այդքան մակերեսային էին մեր հաշվարկները:

Պատասխան.- Հուլիսյան դեպքերի ժամանակ Ադրբեջանը նպատակ է ունեցել միանգամից ռազմական գործողությունները տեղափոխել Արցախի շփման գիծ, բայց հետագայում հրաժարվել է այդ մտքից և այդ գործողություններին չի դիմել: Այս անգամ ինչի են կարողացել դա անել, դա հավելյալ Թուրքիայի օգնությանը դիմելն էր: Թուրքիայի ինտենսիվ մասնակցության արդյունքում է դա եղել: Այսինքն, Թուրքիան հավելյալ հնարավորություններ է տվել, օրինակ, F-16-ի, որը Թուրքիան տրամադրել է: Մեր տեխնոլոգիաները F-16-երի տեսանկյունից խնդիրներ չեն կարող լուծել: Այսինքն, էդ պահի իրավիճակում եղել է Ադրբեջանը, հետագայում Թուրքիան ավելի մեծ ինտենսիվությամբ է մտել Ադրբեջան, ավելի մեծ օգնություն է ցուցաբերել»:

Իսկ 2021թ օգոստոսի 29-ին «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում նույն ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը գովում էր մեր հետախուզական և վերլուծական կարողությունները, հարցին՝ եթե ունեինք Արտաքին հետախուզական ծառայություն, ինչո՞ւ ժամանակին չենք զգուշացրել, որ ենթադրենք՝ պատերազմ կարող է սկսվել սեպտեմբերի վերջին, ունեցե՞լ ենք նման հետախուզական վերլուծություն, Գրիգորյանը պատասխանել էր.

«Միացյալ Նահանգները, ունենալով աշխարհի հզորագույն հետախուզական ծառայություններից մեկը, 2001թ. սեպտեմբերի 11-ի մասին հստակ ինֆորմացիա և կանխարգելման գործողությունների հնարավորություն չի ունեցել։ Մենք արձանագրում ենք, որ էդպիսի խնդիր ունեցել ենք, նաև որպեսզի հետագայում մենք կարողանանք մեր կարողություններն ավելացնել անվտանգության սպառնալիքները գնահատելու մասով, որոշում ենք կայացրել, որ էսպիսի կառույց ստեղծենք: Բայց սա միայն, կարելի է ասել, արտաքին հետախուզության խնդիր չի, սա ընդհանուր հետախուզական համայնքի խնդիր է, որպեսզի անվտանգության բոլոր կառույցները կարողանան շարունակական սպառնալիքների գնահատում կատարել և դրա միջոցով նաև կարողանան կանխարգելիչ գործողությունների առաջարկություններ ներկայացնել»:

Ստացվում է՝ ԱԽ քարտուղարը հուլիսյան մարտերի օրերին ստո՞ւմ էր, որ մենք լուրջ կարողություններ ունենք Ադրբեջանի քայլերի կանխատեսման հարցում, թե՞ այդ կարողությունները դիտմամբ գործի չեն դրվել:

Ինչ վերաբերում է Թուրքիայի դերակատարմանը սեպտեմբերին Արցախում պատերազմ սկսելու հարցում, ապա, ըստ էության, Թուրքիան կաջակցեր Ադրբեջանին, եթե Ալիևը այլ ամսաթիվ ընտրեր: Եվ այնպես չի, որ հուլիսյան մարտերում չկար թուրքական աջակցություն, և հետո՝ Ադրբեջանին արցախյան ուղղությամբ սեպտեմբերյան պատերազմի համար պատրվակ էր պետք, ինչը ստացավ 2020-ին Տավուշում:

Այն, որ Հայաստանը պատերազմական իրավիճակում գործ է ունենալու ոչ միայն Ադրբեջանի հետ, այլ նաև Թուրքիայի, Արմեն Գրիգորյանն ընդունել էր նախքան պատերազմը՝ արձանագրելով հակամարտության բնույթի փոփոխություն:

18 օգոստոսի, 2020 թ., Հանրային հեռուստաընկերություն. «Մենք ոչ միայն հակամարտություն ունենք Ադրբեջանի հետ, այլ մենք խնդիր ունենք նաև Թուրքիայի հետ, որի աջակցությունն Ադրբեջանին ամբողջովին փոխում է հակամարտության բնույթը»:

16 օգոստոսի, 2020 թ., «Ազատություն». «Մենք տեսնում ենք Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունների ավելի սերտացում, որը սպառնալիք է տարածաշրջանային կայունությանը»:

Արմեն Գրիգորյանը գուցե ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի զգուշացումնե՞րն է հիշել այս դեպքում:

ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը 2020-ի նոյեմբերի 17-ի իր ուղերձում ասում էր, որ դեռ հունիսին իր նշանակումից հետո է ներկայացրել տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրությունը:

«Ես զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակվել եմ ս.թ. հունիսի 8-ին, և արդեն հունիսի 12-ին ՀՀ վարչապետին, իսկ մի քանի օր անց` նաև Անվտանգության խորհրդին ներկայացրել եմ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության վերլուծությունը և մեր զինուժի կարողությունները:
Կատարված վերլուծության հիման վրա ներկայացրել եմ առաջարկություններ պետության ռազմական անվտանգության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ: Մասնավորապես նշել եմ, որ.

1. Այլևս մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան: Հետևաբար այդ պետությունների համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել և անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժը ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն:

2. Տրված առաջարկը Անվտանգության խորհրդի և վարչապետի կողմից ընդունվեց, սակայն հարցադրում արվեց` «Իսկ եթե չհաջողվի պատերազմից խուսափել, ի՞նչ պետք է անենք»: Ես պատասխանեցի, որ մեզ պարտադրված պատերազմում պետք է փորձենք հնարավորինս սեղմ ժամկետներում հասցնենք հակառակորդին մեծ կորուստներ և ստիպենք հրաժարվել հետագա գործողություններից: Նշել եմ, որ երկարատև պատերազմից պետք է խուսափենք` հաշվի առնելով մեր պաշարների առկայությունը:Քննարկվել և հավանության են արժանացել բազմաթիվ առաջարկներ, որոնց իրագործումը պետք է զգալիորեն բարձրացներ մեր մարտական ներուժը. դա վերաբերում էր և´ սպառազինության ու ռազմական տեխնիկայի ձեռքբերումներին, և´ մարտական գործողությունների համակողմանի ապահովմանը»,- տեղեկացնում էր գեներալ Օնիկ Գասպարյանն իր ուղերձում:

Օնիկ Գասպարյանի այս պնդումը ավելի ուշ հաստատում է հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, երբ 2020-ի նոյեմբերի 16-ին ԱԺ ամբիոնից հայտարարում է.

«… մենք հասկացել ենք, որ կան ռիսկեր Թուրքիայի և ահաբեկիչների կողմից պրոցեսին ներգրավվելու»: 

Թե գործնականում նախքան պատերազմը, դրանից հետո ՀՀ գործող իշխանությունները, պատասխանատուները որքանո՞վ հաշվի առան այս իրողությունը, որքանո՞վ պատրաստվեցին՝ ավելորդ է հերթական անգամ հիշեցնելը, դրա մասին վկայում է պատերազմի ելքը, կառավարման համակարգի լրջագույն խնդիրները և այլն:

Սա՝ այն դեպքում, երբ 2020թ.-ի օգոստոսի 16-ին «Ազատությանը» տված հարցազրույցում Արմեն Գրիգորյանը ի լուր աշխարհի հայտարարել էր.

«Մենք ամբողջովին պատրաստ ենք ցանկացած սցենարի և համոզված ենք, որ մեր ուժերով, ինչպես նաև դաշնակիցների աջակցությամբ կարողանալու ենք տարածաշրջանում կայունություն ապահովել։ Հուլիսյան դեպքերը ցույց են տվել, որ հայկական բանակը տարածաշրջանի ամենակայացած զինված ուժերն են»:

Ի դեպ, ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը Սաթիկ Սեյրանյանի հետ հարցազրույցում վստահեցրել էր՝ վարչապետին ավելի լայնածավալ պատերազմի հնարավոր սցենարներ են ներկայացվել:

Ինչո՞ւ այդ սցենարները գործի չեն դրվել, եթե իրապես եղել են, կամ ինչի՞ հիման վրա էինք վստահ, որ դաշնակիցներն օգնելու են մեզ, և ինչո՞ւ իրականում չօգնեցին այնպես, ինչպես ակնկալում էինք, ինչո՞ւ առնվազն բարոյապես Եվրոպան չաջակցեց. այս հարցերի պատասխանները պիտի տա երկրի քաղաքական և ռազմաքաղաքական ղեկավարությունը: Միգուցե պատճառը ՀՀ գործող իշխանությունների՝ անվստահելի գործընկեր լինելու մե՞ջ է, գուցե պահի թելադրանքով աջակցության ուղինե՞ր են փորձել գտնել: Գուցե:

ԱԺ քննիչ հանձնաժողովը այս հարցերի պատասխանը կփորձի՞ ստանալ, թե՞ այստեղ նախկիններին մեղադրելու առիթ չի լինի:

Ի դեպ, Արմեն Գրիգորյանին մոռանում ենք, երբ անդրադառնում ենք Ադրբեջանին սադրած հայտարարություններին, մինչդեռ ԱԽ քարտուղարը սրանից, ինչպես տեսնում ենք, հետ չի մնացել:

Ավելին, 2019-ին «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում առաջ ընկնելով՝ նա հայտնել է, որ ՀՀ կառավարությունը ծրագրում է 2020 թվականին մինչև 150 կիլոմետր ճանապարհ կառուցել, որը կկապի Արցախի Հանրապետությունը Հայաստանին:

«Հարավային ուղղությամբ ճանապարհ՝ Կապանից մինչև Հադրութ ճանապարհն է քննարկվում, և ես հուսով եմ, որ մինչև տարվա վերջ մենք կամփոփենք այս քննարկումները և արդեն կունենանք ճանապարհային քարտեզ, թե ինչպես ենք կառուցելու այդ ճանապարհը»,- ասել էր Արմեն Գրիգորյանը:

Այս հայտարարությունը քննադատվեց ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Եվրախորհրդարանի կողմից:

Իհարկե, սա հումանիտար խնդիր էր լուծում, և ամեն հարցում պարտավոր չենք թույլտվություն հարցնել, ինչպես հասկացրեցին ավելի ուշ Արցախից, բայց հարցն այն է, որ, ինչպես նկատել էին արդեն հայաստանյան լրատվամիջոցները, նախ՝ հարցը դեռ քննարկումներ պիտի անցնի, երկրորդ՝ Արմեն Գրիգորյանը չէ, որ նման ռազմավարական ծրագրի մասին պիտի հայտարարի: Այսինքն, սա հայաստանյան հրապարակումներում որակվեց որպես արկածախնդրություն: Մյուս կողմից, արդեն 2020-ի հունիսին այս մասին հայտարարեց Արցախի նախագահը:

Ամիսներ հետո սկսվեց պատերազմը: Իսկ Արմեն Գրիգորյանի ասածը, եթե անգամ արկածախնդրություն չէր, ապա առնվազն անթույլատրելի էր Արցախի կամ ՀՀ ղեկավարներից առաջ ընկնելը, հատկապես, երբ գործ ունենք ռազմավարական նշանակության մասին:

Ի դեպ, Արմեն Գրիգորյանն առաջին անգամ չէ, որ զուտ իր անձի կարևորությունը շեշտելու համար հայտարարություններ է անում, որը լուրջ վնասներ է հասցնում Արցախին և Հայաստանին:

2021-ին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում հայտնել էր, թե ռուս գործընկերների հետ երկար ժամանակ է՝ քննարկում է ունենում, և նրանք ասում են, որ իրենք չեն պլանավորում 4.5 տարի հետո լքել տարածաշրջանը, Արցախը:

Հակադարձմանը՝ Պուտի՞նն է անձամբ ասել, Գրիգորյանը բացասական պատասխան էր տվել:

Եվ սա այն ժամանակահատվածն էր, երբ դեռ ռուսական շրջանակներում դժգոհություններ կային մանդատից բխող գործողությունների մասով, դժգոհություններ կային նաև Բաքվում՝ ընդհուպ ռուս խաղաղապահների հեռացման ակնարկներ ինչ-ինչ հատվածներից: Եվ երկրորդ՝ դեռ լիովին չէր վերացել Կրեմլի՝ Արմեն Գրիգորյանին վստահելու հարցը:

Ի դեպ, ամերիկյան կողմը ևս նման խնդիր է ունեցել, մասնավորապես, 2018-ին մամուլում հրապարակումներ եղան, որ ԱՄՆ նախագահի խորհրդական Բոլթոնը հրաժարվել է Գրիգորյանի հետ տետատետ հանդիպումից, և սահմանափակվել է ԱԽ այցելելով, իսկ այդ հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԱԳ և պաշտպանության նախարարները:

Տեսանյութեր

Լրահոս