44-օրյա պատերազմից առաջ ի՞նչ կարգադրություն է արձակել Օնիկ Գասպարյանը. Որքանո՞վ է այն կատարել Ջալալ Հարությունյանը

168.am-ը բաց աղբյուրների հիման վրա ուսումնասիրությունների շարք է ներկայացրել այն մասին, որ 2020 թվականի պատերազմին ՊԲ-ն պատշաճ կերպով պատրաստ չի եղել, մասնավորապես, պատերազմի սկսվելու պահին զինվորները կարևոր ուղղություններում զորամասերում են եղել, հրամանատարները՝ տանը, արձակուրդում, և միայն պատերազմի սկսվելուց հետո են կանչվել։ Այսինքն, զորքը պաշտպանության անցած չի եղել: Ավելին, պատերազմի առաջին րոպեներին իր տեղում չի եղել այդ ժամանակ ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը:

Նշենք, որ առնվազն 2020 թվականի սեպտեմբերի 25-ին պարզ է եղել՝ պատերազմ է սկսվելու:

Հրաման եղել է. ԶՈՒ ողջ ղեկավար կազմը պետք է լիներ համապատասխան կառավարման կետերում

2022 թվականի հուլիսին 168.am-ին տված հարցազրույցում ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը ասել էր, որ ինքը եղել է Գլխավոր շտաբում:

Կարդացեք նաև

«ԶՈՒ ողջ ղեկավար կազմը պետք է լիներ համապատասխան կառավարման կետերում, դրա համար կար ԳՇ պետի կարգադրություն»,- նշել էր նա:

Այս պնդմանը նախորդել էր մեր և Տիրան Խաչատրյանի այս հարցուպատասխանը.

Վերադառնանք նորից պաշտպանության անցնել-չանցնելուն, ինչո՞ւ ՊԲ-ն կարևոր ուղղություններում պատրաստ չի եղել, զինվորները զորամասերում են, այսպես ասած, դիմավորել պատերազմը, պատերազմի առաջին րոպեները: Գլխավոր շտաբի պետից համապատասխան հրաման չի եղե՞լ, թե՞…

– Հրաման եղել է: Թող դրա հետ կապված տարբեր քննչական գործողություններ կատարվեն…

– Եթե այստեղից հրամանը գնացել է, Գլխավոր շտաբ-Պաշտպանության բանակ կապը լավ չի՞ աշխատել, եթե կարելի է այդպես ասել:

– Ձեզ մոտ հարց չի՞ առաջանում, թե ինչո՞ւ շատ տեղերում պատրաստ են եղել, իսկ ինչ-որ տեղերում պատրաստ չեն եղել…

– Կարևոր որոշ ուղղություններում պատրաստ չեն եղել:

– Թող բանակի հրամանատարությունը պատասխանի:

– Պաշտպանության բանակի (ՊԲ) հրամանատարությո՞ւնը:

– Դուք իրենց մասին եք ասում:

– Այո: Կրկնում եմ՝ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբ և ՊԲ կապը չի՞ ստացվել:

– Ո՞նց կարող է չստացվել:

– Այստեղից հրաման եղել է պաշտպանության անցնելու:

– Այո:

– Ինչո՞ւ չեն անցել որոշ տեղերում, հարց չե՞ք տվել:

– Ո՞ւմ:

 – Օրինակ, Ջալալ Հարությունյանին:

– Հարց տվել եմ, պատասխանն էլ եմ ստացել, պատասխանից հետո էլ ուրիշ բան էլ եմ ասել, բայց քանի որ, նորից եմ կրկնում, կան քննչական գործողություններ, կան տարբեր հանձնաժողովներ, որ աշխատում են, դրանք ընթացքի մեջ են, ոչինչ չեմ կարող ասել:

Բանակի հրամանատարը բոլոր իրավունքներով օժտված է եղել՝ իր բանակը ղեկավարելու համար

2022 թվականի հուլիսի 20-ին 168.am-ին տված հարցազրույցում ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն անդրադառնալով 44-օրյայի նախօրեին ԳՇ պետից համապատասխան հրաման լինել-չլինելուն և ՊԲ հրամանատարի լիազորություններին՝ ասել էր, որ ՊԲ հրամանատարը մեծ իրավունքներ ունի և ամեն ինչի որոշում կայացնելու հնարավորություն: Ստորև ներկայացնում ենք այս թեմայի շուրջ մեր հարցուպատասխանը.

– Այսինքն, եթե անգամ, օրինակ, այստեղից՝ ԳՇ-ից հրաման չուղարկվեր, ինքը միանձնյա որոշումներ կայացնելու որոշակի հնարավորություն, լիազորություն ուներ:

– Դա բացատրելը դժվար է: Բայց զինվորականները կիմանան, որ բանակի հրամանատարը բոլոր իրավունքներով օժտված է եղել՝ իր բանակը ղեկավարելու համար:

– Բաց աղբյուրները կան, որտեղ և՛ զոհվածների ծնողներն են վկայում, և՛ պատերազմի մասնակից ու վերադարձած զինծառայողները, որ շատ տեղերում, կարևոր ուղղություններում զինվորները զորամասերում են եղել, պատերազմը դիմավորել են զորամասում:

– Ծնողների ասածը չեմ մեկնաբանի:

– Դա միայն ծնողների ասածը չէ, պատերազմից վերադարձած զինվորներն էլ են ասում, կան տեսանյութեր, այդ թվում՝ «Զինուժի»:

– Եթե պլանավորված է եղել, որ պատերազմի սկսման ժամանակ պիտի լինեն զորամասում, ուրեմն՝ պիտի լինեն, եթե պիտի լինի դիրքում, ուրեմն՝ դիրքում: Բայց զինվորը չի որոշում… նա չի կարող իմանալ, թե բանակն ինչո՞վ է զբաղվում:

– ԳՇ պետն ի՞նչ լիազորություն ունի և ինչո՞ւմ է թերացել, ՊԲ հրամանատարը՝ ինչո՞ւմ:

– Դա բարդ հարց է, պիտի ողջ իրենց գործառույթն ուսումնասիրեսոր այդպիսի գնահատական տաս:

– Դուք վերոնշյալ հարցազրույցում ասում եք, որ Օնիկ Գասպարյանը կարող էր Ջալալ Հարությունյանին հանել, եթե ՊԲ-ն չի կատարել իր՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի որոշումը:

– Այո:

– Բայց Դուք ասացիք, որ Ջալալ Հարությունյանն ուներ լուրջ լիազորություն և կարող էր պահպանությունից պաշտպանության անցնել:

– Այո:

– Չեն անցել, հետևաբար՝ առաջին հերթին ո՞ւմ մեղավորությունն է:

– Էդ ո՞վ է որոշողը, որ չեն անցել:

Օնիկ Գասպարյանը սեպտեմբերի 25-ին կարգադրություն է արձակել՝ ԶՈՒ-երը պետք է պատրաստ լինեն հակառակորդի սադրիչ գործողությունները դիմագրավելու և կանխելու

44-օրյա պատերազմի համատեքստում այս առանցքային հարցի պատասխանը, թե կոնկրետ ինչ հրաման է եղել այդ ժամանակ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանից, դեռ առիթներ կլինեն խոսելու, հատկապես, երբ 2020 թվականի պատերազմի կարևոր դրվագներին առնչվող որոշ քրեական գործեր արդեն դատարան են մտել և առաջիկայում կմտնեն:

Խոսքը հատկապես վերաբերում է ՊԲ նախկին հրամանատարներ Միքայել Արզումանյանի և Ջալալ Հարությունյանի գործերին. Միքայել Արզումանյանի քրեական գործն արդեն դատարան է մտել, Ջալալ Հարությունյանինը, ըստ մամուլի հրապարակումների, դատարան կուղարկվի մինչև մայիս ամսվա վերջ: Մյուս կողմից, պատերազմից մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 26-ին, խնջույք կազմակերպած Մատաղիսի զորամասի հրամանատար եղած Սևակ Աբրահամյանի գործն արդեն դատական նիստերի փուլում է, և գնդապետի փաստաբան Արման Թամրազյանն արդեն իսկ սկսել է մանրամասներ հայտնել ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի և ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի հրամանների հետ կապված: Մասնավորապես, «Փաստինֆո» հետ որոշակի փակագծեր բացելով՝ Սևակ Աբրահամյանի պաշտպանն ասել է, որ քրեական գործի փաստերով՝ այդ ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը սեպտեմբերի 25-ին կարգադրություն է արձակել, համաձայն որի՝ ԶՈՒ-երը պետք է պատրաստ լինեն հակառակորդի սադրիչ գործողությունները դիմագրավելու և կանխելու համար, սակայն սադրիչ գործողությունը հակառակորդի լայնածավալ հարձակումը չէ, դա կարող է դրսևորվել դիրքերի ռմբակոծմամբ, տեխնիկայի դուրսբերմամբ, վատագույն դեպքում՝ դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցմամբ։

«Նույն ԳՇ պետն իր կարգադրության մեջ նշել է, որ ղեկավարման մարմինների համար սահմանվում է մարտական աշխատանքային ռեժիմ, ինչն ուղղված է եղել ՊԲ հրամանատարին, որն էլ արձակել է մեկ այլ կարգադրություն՝ ուղղված է եղել ՊԲ 10-րդ լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատարին, որն էլ իր հերթին է կարգադրություն արձակել՝ ուղղված 6-րդ պաշտպանական շրջանի հրամանատարին՝ Սևակ Աբրահամյանին»,– ասել է Թամրազյանը՝ հավելելով, որ թեև ԳՇ պետը մարտական աշխատանքային ռեժիմ սահմանելու որոշում է կայացրել, բայց ՊԲ և դիվիզիայի հրամանատարը մարտական աշխատանքային ռեժիմ սահմանելու մասին ոչինչ չեն նշել, նշվել է հստակ գործողություններ՝ առաջնագիծն ուժեղացնել, հակատանկային միջոցներ ձեռնարկել և այլն, այդ գործողություններն արդեն կատարված եղել են։

Այսինքն, Օնիկ Գասպարյանը պատերազմից առաջ կարգադրություն արձակել է, կոնկրետ հրաման տվել է ՊԲ հրամանատար եղած Ջալալ Հարությունյանին, և այն Ջալալ Հարությունյանը կա՛մ փոխել է, կա՛մ իր ենթականերին չի փոխանցել:

Իսկ թե Օնիկ Գասպարյանի հրամանը որքանո՞վ էր, այսպես ասած, բավարար կամ համահունչ ստեղծված իրավիճակին, դրա մասին, թերևս, գեներալ-գնդապետը պետք է խոսի, միգուցե գործողությունները «սահմանափակող» քաղաքական պահա՞նջ է դրվել: Սպասենք զարգացումներին, հնարավոր է՝ դատարան մտած և ուղարկվելիք քրեական գործերի շրջանակում պատերազմի հետ կապված առանցքային հարցերը գտնեն իրենց պատասխանները:

Ի դեպ, ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը 2020-ի սեպտեմբերի 25-ից արդեն շտաբում է մնացել:

Տեսանյութեր

Լրահոս