«Ինչո՞ւ պատերազմը կանխարգելելու գործողություններ չեն արվել. ՀՀ-ն պետք է համաձայնվեր «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևին». Նիկոլ Փաշինյան
Ազգային ժողովում ընթանում է նիստ, որի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերին: Փաշինյանին հարցեր ուղղելու համար գրանցվել է իշխող «Իմ քայլը» խմբակցության 31 պատգամավոր։
Իշխող խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք տիրապետել ենք այն ռազմահետախուզական տվյալներին, թե ինչ պոտենցիալի առջև ենք կանգնած, արդյո՞ք ՊՆ-ն համապատասխան հաշվարկ արել և Ձեզ ներկայացրել է, ինչին ի պատասխան՝ Փաշինյանը նշեց, որ այդ հարցն Անվտանգության խորհրդի նիստերում մի քանի անգամ քննարկվել է, կատարվել գնահատում, հաշվարկ, թե ռազմական գործողությունների հնարավոր բռնկման դեպքում մենք տնտեսական, զենքի ինչ պոտենցիալ ունենք:
«Ընդհանուր առմամբ, մենք իմացել ենք մեր ուժերը: 2020թ. ամռանը մեր գնահատականն այն է եղել, որ մենք կարող ենք բավական հաջող դիմակայել Ադրբեջանին, նաև մենք հասկացել ենք, որ կան ռիսկեր Թուրքիայի և ահաբեկիչների կողմից պրոցեսին ներգրավվելու: Ինչու պատերազմը կանխարգելելու գործողություններ չեն արվել, որովհետև այդ գործողությունը հետևյալն էր, որ ՀՀ-ն պետք է համաձայնվեր «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևին: Ես նախկինում մի քանի անգամ ասել եմ՝ այն կետում, երբ որ ՀՀ-ի համար որևէ տարբերակ ընդունելի կլինի, հաջորդ կետում արդեն Ադրբեջանն իր դիրքորոշումն ավելի է կոշտացնելու: Եվ դա կարող էր դառնալ նահանջ առանց կանգառի տրամաբանության վերածվող մի գործողություն, ինչը, ըստ էության, վերջին տարիներին մենք անընդհատ տեսել ենք: Այս իրավիճակում մեր դիրքորոշումը եղել է այն, որ մենք պետք է մեր ուժերն առավելագույնս կոնսոլիդացնենք, որպեսզի հնարավոր հարձակմանը դիմակայենք: Այո, պատերազմի կանխարգելումը միշտ էլ եղել է մեր օրակարգում, բայց երբեք ՀՀ օրակարգում չի եղել պատերազմի կանխարգելում ամեն գնով կամ ամեն ինչի գնով: Այսինքն, պատերազմի կանխարգելման գինը պետք է ինչ-որ ձևով լիներ ընդունելի, և ես չեմ կարծում, թե ՀՀ-ն ունեցել է պատերազմի կանխարգելման ընդունելի գին, որն ինքը պատրաստ չի եղել վճարել»,- ասաց Փաշինյանը: