Բանակի կողմից առաջ քաշված հիմնավորումներից որևէ մեկին որևէ տեսակի լուծում չի տրվել Փաշինյանի կողմից, ինչի՞ մասին է նա խոսում. Տիրան Խաչատրյան. «Փաստինֆո»

Նիկոլ Փաշինյանը բանակի համար արել է այն, ինչն ինքն է ցանկացել, եւ ոչ թե ինչ բանակին է անհրաժեշտ եղել, որեւէ հիմնավորում նրա մոտ որեւէ արժեք չի ունեցել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը՝ հակադարձելով Փաշինյանի այսօրվա հայտարարություններին։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը ԱԺ քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստում հայտարարել է, թե բանակի համար արվել է այն, ինչ ուզել են։ Մասնավորապես նա ասել է.«Ես՝ որպես քաղաքական իշխանություն, բանակի առջև դրել եմ պարզ խնդիր՝ ասեք, ի՞նչ է պետք, և դուք դա կունենաք: Ասել են՝ Սու-30 է պետք, դուք պատկերացնո՞ւմ եք։ Գերժամանակից ինքնաթիռ։ Ասել եմ՝ եթե պետք է՝ կունենաք։ Է՞լ ինչ է պետք՝ կոչո՞ւմ է պետք՝ կունենաք, մեդա՞լ է պետք՝ կունենաք, փո՞ղ է պետք՝ կունենաք, սնո՞ւնդ է պետք՝ կունենաք»։

«Երբ Փաշինյանն ասում է՝ բանակն իրենից ինչ ուզել է, մերժում չի ստացել, պետք է նրան հիշեցնել մի քանի դրվագ, օրինակ՝ փող բանակին պետք է եղել, բանակն ուզել է, բայց նա չի տվել։ Ընդ որում, մասնագիտորեն և մանրամասն հիմնավորումներ են եղել, թե ինչո՞ւ է գումար անհրաժեշտ, կոնկրետ ի՞նչ նպատակի համար դա պետք է ծառայեր, սակայն այդպես էլ չի փոխանցվել բանակին»,- ասել է Տիրան Խաչատրյանը։

Տիրան Խաչատրյանը նկատում է՝ այս իշխանությունը բանակի համար ինչ ցանկացել կամ ինչը նպատակահարմար է գտել, դա էլ արել է, ոչ ավելին.«Հիմնավորելն ընդհանրապես և առաջնահերթ խնդիր է եղել, կոնկրետ իմ մասով՝ ՊՆ-ում պաշտոնավարելու ընթացքում։ Սակայն, նորից եմ կրկնում, որևէ տեսակի հիմնավորում այդ մարդու մոտ որևէ արժեք չի ունեցել, ընդհանարապես առաջ քաշված հիմնավորումներից որևէ մեկին որևէ տեսակի լուծում չի տրվել Փաշինյանի կողմից։ Ինչի՞ մասին է նա խոսում…»։

Անդրադառնալով փաշինյանական իշխանության կողմից անօգտագործելի ՍՈՒ-երի գնման որոշմանը, Տիրան Խաչատրյանը նկատում է՝ այն ժամանակ, երբ այս իշխանությունը ՍՈՒ-երի ձեռքբերման որոշում ընդունեց, դրա համար խնդրողներ եղել են.«Թե ովքե՞ր էին այդ խնդրողները և ի՞նչ հիմնավորումներով էին խնդրում, որպեսզի բանակը ՍՈՒ-եր ձեռք բերի, այս խնդրի վերաբերյալ քրեական գործ կա հարուցված, վարույթ է ընթանում, ինքս էլ այդ վարույթի շրջանակներում անցնում եմ որպես վկա, հետևաբար, այս պահի դրությամբ, այդ հարցի վերաբերյալ մանրամասներ հայտնել չեմ կարող։ Քրեական գործը հարուցվել է գեներալ – գնդապետ Մովսես Հակոբյանի հայտնի ասուլիսից հետո»։

Անդրադառնալով Փաշինյանից մեդալներ և կոչումներ խնդրող զինվորականների թեմային, Տիրան Խաչատրյանն ասում է՝ միգուցե նրանք, ում հետ Փաշինյանն առանձնահատուկ, ջերմ և մտերիմ հարաբերությունների մեջ է եղել բանակում, նրանից մեդալներ և կոչումներ են խնդրել, նա էլ չի մերժել, տվել է։

Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին 2020 թ. հոկտեմբերի 22-ին՝ 44- օրյա պատերազմի ամենաթեժ օրերին, վարչապետ Փաշինյանի առաջարկությամբ և ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով շնորհված ՀՀ Ազգային հերոսի կոչումն այդպես էլ ռազմական գործչին չի հանձնվել։ «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, Տիրան Խաչատրյանը մանրամասնել էր՝ իրեն որևէ մեկն «Ազգային Հերոս» մեդալը չի հանձնել, այն մինչ այս պահը գտնվում է Պաշտպանության նախարարությունում.«Ես վերցրե՞լ եմ իրենց տված կոչումը, որ մի հատ էլ՝ հետ տայի, կամ ի՞նչ – որ մեկը դա ինձ տվե՞լ է, որ ես իմանայի, թե ո՞ւմ պետք է դա հետ տամ»,- պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ վերջինս հետ չի վերադարձնում կապիտուլյանտ իշխանությունների կողմից իրեն շնորհված կոչումն ու մեդալն, ասել էր ռազմական գործիչը։

Բացի այդ, Փաշինյանն այսօր հայտարարել է, թե պատերազմից խուսափելու հնարավորությունը թերեւս Արցախն Ադրբեջանի կազմից դուրս չտեսնելու ազգային տեսլականից հրաժարվելն է եղել։ Նման պահանջ, ըստ Փաշինյանի, եղել է Ադրբեջանի կողմից։ Փաստորեն, վարչապետ աշխատող անձն, ըստ էության, ընդունել է, որ պատերազմն իրեն պետք էր, որպեսզի լեգիտիմ իրավունք ստանա՝ հրաժարվելու Արցախի ինքնորոշուման իրավունքից, Տիրան Խաչատրյանը պատասխանում է՝ Փաշինյանն արել է այն, ինչ իրեն պետք է եղել։

Տեսանյութեր

Լրահոս